Լրահոս
Օրվա լրահոսը

երրորդ Գլուխ առաջին ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ

Մայիս 27,2006 00:00

Գիրք երկրորդ Գիրք երրորդ Գլուխ առաջին ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՍԿԻԶԲ Ես բարեհաջող ավարտելով վեպիս երկրորդ գիրքը՝ ահա սկսում եմ երրորդը, այսինքն՝ մանրից փորձում եմ ապացուցել այն, ինչը, փաստորեն, պահանջվում էր ապացուցել, այսինքն՝ ինձ արդեն հաջողվում է ապացուցել, որ ի վիճակի եմ շատ խոշոր մի վեպ գրել, եւ շատ խոշոր ասելով՝ իհարկե, ընդամենը չափսերը նկատի ունեմ: Նախորդ՝ երկրորդ գիրքս, ի տարբերություն առաջինի, անհամեմատ հեշտ ու թեթեւ առաջ գնաց, որովհետեւ երկրորդը հիմնականում բաղկացած էր երկխոսություններից, չնայած մեծ հաշվով էս ամբողջ վեպս է՛լ մի անվերջանալի երկխոսություն է իմ ու ընթերցողիս միջեւ, եւ որպեսզի իմ ու ընթերցողիս էս անվերջանալի երկխոսությունը համակողմանիորեն կայանա, ես ժամանակ առ ժամանակ պարտավոր եմ հրապարակել նաեւ ընթերցողների՛ս վերաբերմունքն ու ասածները, այսինքն՝ բարեխղճորեն պիտի շարունակեմ անել այն, ինչը, փաստորեն, մինչեւ էս պահն անում էի: Ճակատագրով առաջին ընթերցողս եղել եւ համբերությամբ շարունակում է լինել «Առավոտի» մուտքագրող Անժիկը, որը շատ մեծ շրջապատի տեր աղջիկ է, եւ շատ հաճախ իր շրջապատի մարդիկ ու վեպիս հերոսները նույն անձնավորություններն են, ու էդ հանգամանքը, բնականաբար, շատ է բարդացնում Անժիկի գործը, քանի որ ինքը, մուտքագրելով հանդերձ, ակամայից ընկղմվում է տեքստիս բովանդակության մեջ, որովհետեւ, էլի եմ ասում, հերոսներիս մի զգալի մասն իր ծանոթներն են, ու չնայած էս հանգամանքը հասկանալիորեն դանդաղեցնում ու բարդացնում է մուտքագրման մեխանիկական գործընթացը, բայցեւ գործիս ահագին նպաստում է, որովհետեւ Անժիկն է՛ն մուտքագրողներից է, որոնք ո՛չ մի դեպքում ու ո՛չ մի պայմանով չեն մուտքագրի անհասկանալի ու չպարզաբանված որեւէ տեքստ, եւ երբ ինքը մուտքագրում էր Շերենցի ու Լեւոն Ներսիսյանի է՛ն երկխոսությունը, ուր վերջիններս խոսում էին Շերենցի թոռան ընդունելության քննության մասին, հանկարծ նկատեցի, որ դադարեցրել է ձեռագրիս մուտքագրումն ու զարմացած ինձ է նայում: – Էս ինչի՞ չես շարունակում,- հարցրի ես: – Ախր էս գրածդ հնարավոր բան չի, ա՛յ Արմեն,- ասաց Անժիկը:- Հնարավոր չի, որ Լեւոն Ներսիսյանը Շերենցին ասեր, թե Պոլիտեխնիկում ծանոթ չունի: – Ասե՛լ ա,- ասացի ես.- հաստա՛տ եմ հիշում: – Ախր ինքը ո՞նց կարող էր էդպիսի բան ասել, երբ հենց էդ թվերին Պոլիտեխնիկի պրոռեկտորն իր հարազատ քրոջ ամուսինն էր, այսինքն՝ փեսան: – Պոլիտեխնիկի պրոռեկտորն ո՞ւմ փեսան էր,- շշմեցի ես: – Լեւոն Ներսիսյանի՛,- ժպտաց Անժիկը: – Լեւոն Ներսիսյանի փեսեն ո՞վ ա: – Կառլեն Սարգսյա՛նը՝ Պոլիտեխնիկի էն ժամանակվա պրոռեկտո՛րը: – Ե՞ս ինչ մեղք ունեմ: – Կարող ա՞ Շերենցի ու Լեւոն Ներսիսյանի էդ խոսակցությունը հնարել ես: – Իրանց հետ կապված կարող ա շատ բան հնարած ըլնեմ, բայց Պոլիտեխնիկի հետ կապված իրանց էդ խոսակցությունը շա՛տ լավ եմ հիշում: – Բան չունեմ ասելու: Ինձնից զգուշացնել էր հասնում՝ զգուշացրի: – Մերսի,- ասացի ես: – Երեւի Լեւոն Ներսիսյանը չի՛ ցանկացել խնդրել,- ասաց Անժիկը: – Շատ հնարավոր ա,- ասացի ես:- Ինքը է՛դ տեսակ մարդ էր. խնդրել չէր սիրում: – Բան չունեմ ասելու,- ասաց Անժիկն ու շարունակեց մուտքագրել Ներսիսյանի ու Շերենցի մյուս ասածները: Որոշ ընթերցողներ էլ, ի տարբերություն Անժիկի, առանց կոնկրետ փաստերի են կասկածի տակ առնում գրածներս ու հատկապես է՛ն վկայություններս, համաձայն որոնց՝ հայրս մոտիկություն է արել Հրաչյա Ներսիսյանի, Ֆրունզիկի եւ ուրիշ շատ նշանավորների հետ, ու էդ կասկածողների կասկածները փարատելու նպատակով հիմա ստիպված եմ հրապարակել հորս բազմաթիվ լուսանկարներից երկուսն էդ նշանավորներից մի քանիսի հետ, իսկ ինչ վերաբերում է նշանավորների հետ անձամբ ի՛մ առնչություններին, ես չեմ կարող դրանք հավաստող լուսանկարներ ներկայացնել, որովհետեւ մի անգամ արդեն ասել եմ, որ նշանավորների հետ լուսանկարներ գրեթե չունեմ, ու թերեւս միակը Եվտուշենկոյի հետ լուսանկարս է, որը տարբեր առիթներով մի քանի անգամ արդեն տպագրել եմ, ու հիմա վերստին տպագրելու առիթ չկա էլ, քանի որ՝ իմ ու նշանավորների առնչությունների հաշվով կասկածող առանձնապես չի էլ եղել: Այսինքն, այն ամենը, որ իսկապե՛ս է եղել, կասկածի տակ է առնվում, եւ այն ամենը, որ հնարել ու բստրել եմ, հալած յուղի տեղ է ընդունվում: Օրինակ, իմ ընկեր Վարդանյան Սերգեյը երբեւէ չի կասկածում իմ ու իր երկխոսությունների հավաստիությանն ու իսկությանը. «Իմ էդ ասածները ե՛ս հեչ չեմ հիշում, դու էդ ո՞նց ես հիշում. կարող ա՞ օրագիր ես պահել»,- ամեն անգամ զարմացած հարցնում է Սերգեյը: Իսկ հորաքույրս՝ բժշկուհի Շեկոյան Մարգոն, նույն ինքը՝ Մարգարիտա Արշավիրովնան, նույն ինքը՝ էս վեպիս գլխավոր ընթերցողն ու միակ մարդը, որի քննադատությունը հաճույքով եմ լսում ու նույնիսկ իրենից գրականագիտական զանազան խորհուրդներ եմ ակնկալում, ինձ երբեւէ չի մեղադրել իրականությունից շեղումների մեջ, չնայած ինքը միակն է, որ իրազեկ է մեր գերդաստանի անդամների ու հատկապես ի՛մ բոլոր շեղումներին, այդուհանդերձ, ինձ ո՛չ միայն չի քննադատում, այլեւ պրոպագանդում է՛լ է իր բժիշկ կոլեգաների ու հատկապես Էռնա Ակոպովնայի մոտ, ու Էռնա Ակոպովնան, որ սրանից ուղիղ քառասունհինգ տարի առաջ հեռացրեց նշագեղձերս, հիմա էս գրածներս կարդում ու հավաստիանում է, որ մարդ արարածն առանց նշագեղձերի էլ կարող է ամեն ինչ մանրամասնորեն հիշել եւ նույնիսկ ստեղծագործել: Այսինքն, ով ցանկանում է հավատալ էս պատմածներիս ու գրածներիս՝ մաքուր սրտով հավատում է, իսկ ով ուզում է կասկածել՝ ազատորեն կասկածում է, անկախ է՛ն հանգամանքից, թե ինչ եմ հիշում ու ինչ եմ գրում, եւ, ինչպես կյանքում հաճախ է պատահում, քեզ հիմնականում հավատում են է՛ն դեպքերում, երբ իրենց ափաշկարա ու միանգամայն մաքուր սրտով խաբում ես, եւ կասկածում են հատկապես է՛ն դեպքերում, երբ հանկարծակի որոշում ես անկեղծանալ եւ, ուրեմն, ամենքի առաջ բոլորեքյան բացվել: Ես ո՛չ ինձ հավատացողներ եմ առանձնապես փնտրում եւ ո՛չ էլ մանավանդ կասկածողներ եւ հիմա միանգամայն հանգիստ խղճով հանձն եմ առնում սկսել էս երրորդ գիրքս հավասարապես երկու կողմերի համար, որովհետեւ էդ երկու կողմերի մոտեցումներն էլ ինձ հավասարապես են ձեռնտու ու սրտամոտ, եւ եթե էս գրածներիս առանց վերապահումների հավատացողները, փաստորեն, ազնվությանս ու անկեղծությանս են հավատում, ապա կասկածողները, փաստորեն ու մեխանիկորեն, բստրելու կարողությանս ու գրական ձիրքիս են ավելի հավատում, ու հիմա՝ էս երրորդ գրքիս հենց սկզբից ու ընթացքում է՛լ էդ երկու կողմերի ցանկություններն ու նախասիրությունները հավասարապե՛ս եմ հաշվի առնելու եւ էդ երկու կողմերի նախասիրությունն ու ճաշակը հավասարապես ու հիմնավորապես հաշվի առնելով՝ իմ հավակնություններն ու պատկերացումներն եմ շարունակելու առաջ տանել՝ երբեմն հորինելով ու երբեմն էլ չափից ավելի անկեղծանալով, ու քանի որ ըստ ամենայնի՝ սա ո՛չ թե նոր գրքի սկիզբ է, այլ՝ նախորդի միանգամայն տրամաբանական ու միանգամայն պարզ շարունակությունը, ես հիմա պիտի փորձեմ վերականգնել է՛ն մթնոլորտն ու իրավիճակը, որոնց համբերությամբ ու ամենայն մանրամասնությամբ հասել ու կանգ էի առել՝ ձեզանից թաքցնելով ըստ էության մի շատ կարեւոր հանգամանք, այն է՝ իրականում էդ օրը ո՛չ միայն Լիզան էր կյանքում առաջին անգամ ռեստորան ոտք դրել, այլեւ՝ ես ի՛նքս, ու էս խոստովանությունս հիմա գրի եմ առնում Ծաղկաձորի մեր գրողական պանսիոնատում, ուր մի շաբաթվա ընթացքում ցանկալի ավարտին հասցրի երկրորդ գիրքս եւ ահա՝ երրորդն եմ միանգամայն ինքնավստահ ու խոստումնալից սկսում, ու ինքնավստահությանս պատճառը երեւի այն է, որ ես երկրորդ գիրքս ավարտեցի ու ահա երրորդն եմ սկսում միանգամայն նույն մթնոլորտից ու իրավիճակից, այսինքն՝ «Սեւան» ռեստորանից, եւ սա շատ էական հանգամանք է, որովհետեւ գրական գործի ամենակարեւոր ու դժվարին պահը գործի ֆինալն է ու մեկ էլ՝ ամենասկիզբը, իսկ մնացյալն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է, եւ իմ դեպքում տեխնիկայի հարցն անհամեմատ է հեշտանում, որովհետեւ ո՛չ միայն էս երրորդ գրքիս միջավայրն ու դեմքերն են նույնը մնում, այլեւ գրելուս միջավայրն ու պայմաններն են նույնը, այսինքն՝ ես Ծաղկաձորում երկրորդն ավարտեցի եւ նույն Ծաղկաձորում ու նույն պայմաններում ահա երրորդն եմ սկսում, եւ սկսելու համար խանգարող հանգամանք բացարձակապե՛ս չկա, մանավանդ որ՝ դեկտեմբերյան մեր ստեղծագործական տունն, ինչպես միշտ, դափդատարկ է, ու խանգարող միակ հանգամանքն Իշխանյան Ավոն եւ իր երիտասարդ իրավապաշտպաններն ու իրավապաշտպանուհիները կարող էին լինել, բայց իմ ու ձեր բախտից Իշխանյան Ավոյի ծրագիրը չափազանց հագեցած է, ու իրենց քննարկումներն առավոտից իրիկուն են ձգվում, եւ էս երրորդ գիրքս ընթացքի մեջ գցելու համար ընդամենը երկու գիշեր ու մեկուկես ցերեկ ունեմ, իսկ եթե հանկարծ վաղը չէ մյուս օրն առավոտ մեր ստեղծագործական տան տնօրեն Մոսոն որոշի իր մեքենայով Երեւան գնալ ու ինձ էլ հետը տանել, ինձ ընդամենը երկու գիշեր ու մեն մի ցերեկ կմնա, ու մինչ էդ հանգամանքը պարզ դառնա՝ ահա բարեխղճորեն ու մանրամասն էս երրորդ գրքիս հիմքերն եմ գցում, հընթացս մտածելով, որ շատ տարօրինակ ու շատ զարմանալի բան է գրականություն կոչվածը, որից յուրաքանչյուրս ցանկանում ենք քամել ու կորզել միայն ու միայն մե՛ր ուզածը, եւ գրականությունը տարօրինակ ու զարմանալի բան է հենց թեկուզ ի՛մ դեպքում, որովհետեւ երեկ մոտավորապես էս նույն ժամին մեր ու Թամրազյանի խոսակցության մեջ Ռաֆայել Իշխանյանին հիշեցի ու քիչ առաջ արդեն դեպքերի բերումով իր ավագ որդուն նկատի ունեցա, ու հիմա նաեւ սկսում եմ մտածել, որ ո՛չ միայն գրականությունն է տարօրինակ ու զարմանալի երեւույթ, այլեւ հենց իրենք՝ գրողները, ու գրողներից էլ ամենատարօրինակն ու ամենազարմանալին հենց ե՛ս եմ, որովհետեւ սրանից ընդամենը մի քանի տարի առաջ գրողների մեջ հենց ե՛ս էի ցեցը գցել, թե հարկավոր է Ծաղկաձորի պանսիոնատը շուտափույթ ծախել եւ փողն էլ, ուրեմն, մեջմեջ անել, իսկ հիմա, ինչպես տեսնում եք, նույն էդ պանսիոնատում հենց ե՛ս եմ տքնում ու հույժ ստեղծագործում: – Արմե՞ն,- հարցրեց Թամրազյանը «Սեւան» ռեստորանում սրանից շուրջ երեսուն տարի առաջ,- հո չե՞ս ստեղծագործում: – Չէ,- ասացի ես.- ինչի՞ց ենթադրեցիք: – Եսի՞մ,- ասաց Թամրազյանը:- Որ մեր Հրաչոյի էդ թարգմանություններին ծանոթ ես, դրա՛ համար եմ հարցնում: Հիմա մենակ գրողներն են իրար կարդում: – Ընկե՛ր Թամրազյան, լսել եմ, որ ձեր որդին է՛լ է գրում,- ասաց Լիզան: – Ես է՛լ եմ լսել,- ասաց Թամրազյանը: – Ես չե՛մ գրում,- ասացի ես: – Հնարավոր չի,- ասաց Լիզան: – Ինչի՞ հնարավոր չի,- զարմացա ես: – Հնարավոր չի, որ մարդ բանասիրականում սովորի ու չստեղծագործի,- ասաց Լիզան: Դուդուկահարը նորից սկսեց «Երեքնուկը», եւ Թամրազյանն ասաց. – Լսե՛նք: Գոնե մի անգամ լուռ լսենք: Չխանգարե՛ս, Լի՛զըչկա: – Շատ պիտի խնդրեք, որ խանգարեմ,- իբր նեղացավ Լիզան: Դուդուկահարն ավարտեց իր նախաբանն ու վարպետորեն փոխանցում կատարեց երիտասարդ երգչին, ու երգիչն էլ ճիշտ ժամանակին ու սրտանց ընդունեց փոխանցումը, եւ դրանք է՛ն ժամանակներն էին, երբ լավագույն երգիչները ռեստորաններում էին երգում, որովհետեւ ժողգործիքների անսամբլի ընդամենը մի քանի հաստիքները մշտապես զբաղեցված էին Բադալյանի ու էլի մի քանի ուրիշների կողմից, եւ անծանոթ ու թարմ ձայներ միայն ռեստորաններում էր հնարավոր լսել, եւ երբ «Սեւան» ռեստորանի երիտասարդ երգիչ Նորոն դուդուկահարի վարպետորեն կատարած փոխանցումը միանգամայն վարպետորեն ու սրտանց ընդունելով՝ «Երեքնուկն» առաջ տարավ ու ընկղմվեց էդ երգի խորխորատները, ես տեսա ու հասկացա, որ «Սեւան» ռեստորանի երիտասարդ երգիչ Նորոն նաեւ Թամրազյանի հնարավորությունները հաշվի առնելով է անմնացորդ ի ցույց դնում իր ձայնի ու իր հոգու հնարավորությունները, որովհետեւ իր երգի ամենազիլ ու ամենացնցող պահերին Նորոն ուղիղ Թամրազյանին էր նայում ու թեթեւակի ժպտում է՛լ էր, եւ Թամրազյանն է՛լ էր փոխադարձաբար ժպտում, ու երկուսն էլ էդ բանն անկաշկանդ ու սրտանց էին անում, եւ երբ Նորոն ավարտեց երգը, Թամրազյանը նվագախմբի ու Նորոյի կողմ նայելով՝ ցուցադրաբար ծափահարեց, այնուհետեւ բաժակը բարձրացրեց ու գոռաց՝ «կենա՛ցդ, Նորա՛յր ջան», եւ Նորոն ժպտալով՝ միկրոֆոնով հակադարձեց՝ «զգացված եմ, պրոֆեսո՛ր ջան»: Լիզան ուղղակի հիպնոսվել էր երգից, եւ երբ սրահում նստածները Նորոյին ծափահարեցին, Լիզան ասաց. – Իսկապե՛ս հրաշալի երգ է, ընկե՛ր Թամրազյան. էս երկրորդ անգամ որ լսեցի, վրաս ավելի՛ ուժեղ ազդեց: – Երրորդ անգամ որ լսես, ավելի՛ ուժեղ կազդի,- ասաց Թամրազյանը.- ես, օրինակ, երեւի հարյուր անգամ էս երգը լսել եմ, բայց էս երգից չեմ հագենում ու չեմ ձանձրանում: – Շատ ուժեղ է երգում,- ասացի ես: – Մեր Նորոն իսկապե՛ս փառահեղ է երգում,- ասաց Թամրազյանը:- Ստեփան Կարպիչի միջոցով ուզում եմ իրեն ժողգործիքների անսամբլ ընդունել տալ, բայց առայժմ չի ստացվում: – Ստեփան Կարպիչն ո՞վ է,- հարցրեց Լիզան: – Հեռուստատեսության ու ռադիոյի նախագահն է,- ասաց Թամրազյանը:- Հենց էս ռեստորանում խոստացավ, որ էս տղային ժողգործիքների անսամբլ կընդունի, բայց առայժմ էդ հարցը ձգձգվում է: – Բա ինչո՞ւ է ձգձգվում,- հարցրեց Լիզան: – Էս պահին երգչի ազատ հաստիք չունի,- ասաց Թամրազյանը.- էդ վաստակավորների մազին որ դիպչի՝ ճղճղոցները մինչեւ Կենտկոմ կգցեն: Փաստորեն, խեղճ տղան առայժմ էս ռեստորանում պիտի շարունակի երգել: – Մինչեւ էդ վաստակավորներն իրենց հոգիներն ավանդեն,- ասաց Լիզան: – Մինչեւ Կարպիչը հատուկ Նորայրի համար վերեւներից հաստիք պոկի,- ասաց Թամրազյանը: – Փաստորեն, այս տղան միանգամից ռեստորանի երգչից իսկական երգիչ կդառնա,- ասաց Լիզան: – Ինքը հիմա է՛լ է իսկական երգիչ,- ասաց Թամրազյանը.- չես տեսնո՞ւմ: – Ես տեսնում եմ, բայց ժողովո՛ւրդը չի տեսնում,- ասաց Լիզան:- Ժողովուրդը ռեստորանային երգիչներին լուրջ չի ընդունում. այնպես որ, եթե այս երիտասարդին ժողգործիքներ ընդունել տաք, իր համար շատ մեծ բան արած կլինեք: – Աստված տա՝ ստացվի,- ասաց Թամրազյանը:- Պողոսյանը, փաստորեն, խոստացել է: – Պողոսյանն ո՞վ է,- հարցրեց Լիզան: – Կարպի՛չը,- ասաց Թամրազյանը: – Տղային շատ մեծ լավություն արած կլինեք,- ասաց Լիզան: – Մե՛զ լավություն արած կլինեմ,- ասաց Թամրազյանը.- «Երեքնուկը» լսելու համար ստիպված չենք լինի ռեստորան գալ: – Շատ ուժեղ է երգում,- ասացի ես: – Դու է՞լ ես էս երգն առաջին անգամ լսում,- ինձ հարցրեց Թամրազյանը: – Չէ,- ասացի ես.- առաջին անգամ երեւի տասը տարի առաջ եմ լսել: – Հնարավոր չի, որ տասը տարի առաջ լսած լինես,- ասաց Թամրազյանը.- երեւի ուրիշ երգի հետ ես շփոթում: – Չե՛մ շփոթում. հենց էս երգն էր,- ասացի ես: – Էս երգը Պարույրի մահից հետո են սկսել երգել,- ասաց Թամրազյանը: – Ես Սեւակի օրոք եմ էս երգը լսել,- ասացի ես: – Ումի՞ց ես լսել,- հարցրեց Թամրազյանը: – Վաչե Հովսեփյանից,- ասացի ես: – Ումի՞ց,- ապշահար ինձ նայեց Թամրազյանը: – Էս երգի հեղինակից,- հանգիստ ասացի ես: – Իրեն ճանաչո՞ւմ ես,- զարմացավ Լիզան: – Շուտվանից եմ ճանաչում,- ասացի ես.- միշտ հորս արհեստանոց էր գալիս: – Ի՞նչ արհեստանոց. հայրդ արհեստավո՞ր է,- հարցրեց Թամրազյանը: – Հա. կենդանագիր է,- ասացի ես: – Էն որ տառեր ու ցուցանակներ ե՞ն գրում,- հարցրեց Թամրազյանը: – Հա,- ասացի ես:- Վաչե Հովսեփյանի ավտոյի համարները միշտ հայրս է գրել: – Ճի՛շտ է. Վաչոն մեքենա ունի,- ասաց Թամրազյանը:- Բայց էս երգը Պարույրից հետո՛ են սկսել երգել: – Չգիտեմ՝ երբ են սկսել երգել, բայց էս երգը ես Սեւակի մահից շա՜տ առաջ եմ լսել,- ասացի ես: – Ասում ես՝ Վաչոն է՞ր երգում,- հարցրեց Թամրազյանը: – Հա,- ասացի ես.- առաջին տունը բառերով երգեց, մյուս տները՝ առանց բառերի, շվվացնելով: – Զարմանալի է,- ասաց Թամրազյանը:- Վաչոյին որ տեսնեմ՝ կճշտեմ: – Ճշտելու հարց չկա,- ասացի ես.- ինքը որ էդ երգը շվվացրեց պրծավ, հետո երգի անունն էլ ասեց՝ երեքնուկ: Էդ ժամանակ ես չգիտեի՝ երեքնուկ ինչ է նշանակում, բայց ամաչեցի հարցնեմ: – Հիմա գոնե գիտե՞ս,- ծիծաղեց Լիզան: – Հա. հիմա լավ գիտեմ,- ասացի ես:- Մի օր քեզ երեքնուկ կնվիրեմ: – Զգացված եմ,- ասաց Լիզան:- Էդ ժամանակ դու քանի՞ տարեկան էիր: – Ո՞ր ժամանակ,- հարցրի ես: – Էդ որ՝ Վաչե Հովսեփյանը շվշվացնում էր,- ասաց Լիզան: – Կամ յոթերորդ դասարան էի, կամ, ամենաշատը, ութերորդ,- ասացի ես: – Զարմանալի է,- ասաց Թամրազյանը.- ինձ թվում էր՝ Վաչոն Պարույրի մահվան կապակցությամբ է էդ երգը գրել: – Արմենը դժվար թե սուտ ասի,- ասաց Լիզան: – Ի՞նչ գիտես,- ժպտաց Թամրազյանը.- քիչ առաջ ասում էիր, որ ընդամենը մի քանի ժամ է, ինչ իրար ճանաչում եք: – Ընդամենը մի քանի ժամ է, բայց ոնց որ մի քանի տարի լինի,- ժպտաց Լիզան:- Համ էլ՝ ինքն ի՞նչ շահ ունի, որ խաբի: – Ոչ մի շահ,- ասաց Թամրազյանը:- Բայց, եթե հիշողությունս չի դավաճանում, ինձ հենց Վաչոն է ասել, որ էս երգն ինքը Սեւակի հիշատակին է նվիրել: – Չգիտեմ,- ասացի ես:- Ինքն էդ օրը Սեւակի անունը չի էլ տվել, բայց հիշում եմ, որ հենց է՛ս երգն էր, ու երգի անունն է՛լ եմ լավ հիշում՝ երեքնուկ: Էդ բառն առաջին անգամ էի լսում, դրա համար էլ մեջս տպավորվել է: Որ էն ժամանակ էս երգը լսեցի՝ էսքան չհավանեցի: – Որ չի երգել, ի՞նչը պիտի հավանեիր: Ընդամենը շվվացրել է, չէ՞,- ասաց Լիզան: – Հա,- ասացի ես.- բայց շատ լավ էր շվվացնում՝ ոնց որ դուդուկ նվագեր: Համ էլ՝ ես մինչեւ մի երգը մի քանի անգամ չեմ լսում՝ էդ երգի լավն ու վատը չեմ ջոկում: – Ես հենց առաջին անգամից հավանեցի,- ասաց Լիզան: – Որովհետեւ Նորայրը հրաշալի է կատարում,- ասաց Թամրազյանը: – Եթե ինքն այս ռեստորանում մնա՝ կփչանա,- ասաց Լիզան: – Հա,- ասաց Թամրազյանը.- Նորայրի հաշվով մի բան պիտի մտածվի: – Էդ վաստակավորները հավերժ չեն,- ասաց Լիզան.- մի օր էլ ի՛ր ժամանակը կգա: – Ժամանակը պիտի ժամանակի՛ն գա,- ասաց Թամրազյանը.- ժամանակը որ ուշացումով է գալիս՝ ամեն ինչ անհամանում է: – Էս «Երեքնուկի» տեքստը երգի համար շատ անհարմար տեքստ է,- ասացի ես: – Ճիշտ ես ասում,- ասաց Թամրազյանը.- ես է՛լ եմ զարմանում, որ Վաչոն Սեւակի հենց է՛ս բանաստեղծությունն է ընտրել: Երեւի դիտմամբ է արել: – Ի՞նչ իմաստով է դիտմամբ արել,- հարցրեց Լիզան: – Կոմպոզիտորները մի գլուխ Շիրազի, Սիլվայի ու Հրաչիկի բանաստեղծությունների վրա էին երգեր գրում, իսկ Պարույրի առումով ասում էին, որ իր բանաստեղծությունները երգեցիկ չեն: Վաչոն, ըստ երեւույթին, ցանկացել է հակառա՛կն ապացուցել: – Հրաշալի՛ է ապացուցել,- ասաց Լիզան: – Հա,- ասաց Թամրազյանը:- Էդգարն է՛լ Պարույրի բառերով շատ լավ երգ գրեց: – Ի՞նչ Էդգար,- հարցրեց Լիզան: – Էդգար Հովհաննիսյանը,- ասաց Թամրազյանը:- «Էրեբունի-Երեւան» երգի տեքստն է՛լ է Պարույրը գրել: Էդգարը Պարույրին էդ երգի տեքստը պատվիրեց, ու Էրեբունու տոնակատարությանը հասցրին: – Շատ լավ երգ է,- ասաց Լիզան:- Չգիտեի, որ էդ երգի բառերը Սեւակինն են: – Էդ երգի գաղափարը հենց էս սեղանի շուրջ է ծնվել,- ասաց Թամրազյանը:- Պարույրի քեֆը մի քիչ լավ էր, ու որ Էդգարն իրեն թասիբի գցեց, Պարույրը մի գիշերում էդ երգի տեքստը գրեց: Շարունակությունը՝ հաջորդ շ աբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել