Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարձակում չէ, պաշտպանություն է»

Հունիս 15,2006 00:00

Այդպես է «Արարատ» ոսկու արդյունահանման
ձեռնարկության տնօրեն Վարդան Վարդանյանը բացատրում կառավարությանը դատի տալու
իրենց քայլը: Արդեն երրորդ անգամ է՝ ՀՀ կառավարությունը, ի դեմս բնապահպանության
նախարարության, «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) դեմ դատական
գործ է հարուցում՝ մոտ մեկ տոննայի հասնող ոսկու պաշարներ թաքցնելու մեղադրանքով:
Հնդիկներն էլ, զուտ «պաշտպանվելու» համար որոշել են բնապահպանության նախարարությանը
դատի տալ՝ իրենց պատվի հետ խաղալու եւ զրպարտելու մեղադրանքով: Ըստ ձեռնարկության
տնօրինության, իրենք նախորդ երկու անգամ դատը շահել են, քանի որ հակառակ կողմը չի
կարողացել ապացուցել իր մեղադրանքը. «Եկել են, ստուգել են, տեսել են մաքուր ա՝ գնացել
են»: Իսկ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նախօրեին հրավիրած ասուլիսում
ճիշտ հակառակն է ասել՝ հավաստիացրելով, որ հնդիկները ոչ մի դատ էլ չեն շահել: Թե՛
նախարարը, թե՛ հնդիկներն առայժմ խոսում են «օդի մեջ»՝ առանց փաստաթղթերի՝ խոստանալով
դրանք ներկայացնել առաջիկայում: Երեկ հրավիրած քննարկման ժամանակ ԱՈԱՁ տնօրինությունը
հավաստիացնում էր, որ, այնուամենայնիվ, իրենք ՀՀ կառավարության հետ շատ լավ են եւ
ոչ մի պրոբլեմ չունեն: Միակ խնդիրն այն է, որ Վարդան Այվազյանը հնդիկներին բանուգործից
կտրում է եւ իզուր դատարանի դռները գցում: «Առավոտի» հարցին, թե Վարդան Այվազյանը
հնդիկների հետ չունի՞, անձնական խնդիրնե՞ր կան, ձեռնարկության տնօրեն Վարդան Վարդանյանը
պատասխանեց. «Իր հետ մի քանի հանդիպում է եղել ու շատ լավ մթնոլորտում»: Ասուլիսի
ընթացքում լրագրողները ձեռնարկության ներկայացուցիչներին մի քանի անգամ հիշեցրեցին
նախարարի՝ նախօրեին իրենց հասցեին ասված «սուր-սուր» արտահայտություններից մի քանիսը,
որոնց վերջիններս բացարձակապես չարձագանքեցին՝ խուսափելով որեւէ «թթու» խոսք ասել
նախարարի հասցեին: Ըստ ձեռնարկության նախագահ Բ. Կ. Շարմայի, «ստուգել-հայտնաբերելը
Վարդան Այվազյանի սուրբ գործն է, որն էլ նա անում է, իսկ մեզնից հասնում է պաշտպանվել»:
Ակնհայտ է, որ եթե հնդիկները Վարդան Այվազյանին իր «ձեւով» չեն պատասխանում ու շատ
սովորական են համարում նրա պահվածքը, դա չի նշանակում, թե նրանք հետեւում են «մյուս
այտդ էլ դեմ տուր» աստվածաշնչյան պատվիրանին, պարզապես իրականում կառավարության հետ
«թարսվելը» հնդիկներին բացարձակ ձեռնտու չէ, հակառակ դեպքում եթե մինչ օրս կառավարությունը
նպաստավոր պայմաններ չի ստեղծել նրանց բիզնեսի ընդլայնման համար, ապա հիմա արդեն
ընդհանրապես հարկախեղդ ու մաքսախեղդ կաներ: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Վ. Վարդանյանն
ասաց. «Եկեք չդարձնենք դա ինչ-որ կռիվ, պարզապես հարաբերությունների եւ մոտեցումների
ճշտման գործընթաց է, իմաստը ո՞րն է կառավարության հետ ռինգում հայտնվելու, մենք ուզում
ենք առավոտ զարթնենք՝ մտածենք մեր հանքաքարի, վագոնների, էքսկավատորի ու պահեստամասերի
մասին, մենք ուզում ենք ուղեղներս լարել միայն այդ ուղղությամբ, չենք ուզում գնալ
դատարան, ասուլիսներ անել, մենք ուզում ենք մեր գործով զբաղվել, մենք դատարանում
բոլորովին էլ բնապահպանության նախարարության դեմ չենք դուրս գալու, դա հարձակում
չէ՝ պաշտպանություն է»: Հիշեցնենք, որ ԱՈԱՁ եւ ՀՀ կառավարության միջեւ, բացի
ոսկու պաշարներ թաքցնել-չթաքցնելու խնդրից, ուրիշ հարցեր էլ կան՝ կապված Սեւանի ավազանի
մոտ նոր վերամշակող գործարան բացելու օտարերկրացիների մտադրության հետ: Այդ առաջարկը
կառավարությունն արդեն մերժել է, որի հետ կապված ձեռնարկության տնօրինության գնահատմամբ՝
ամեն մի նախագիծ-առաջարկ մշակելը մոտ 500 հազար դոլարի չափով ծախս է պահանջում, ուստի
թող կառավարությունն իրենց որեւէ բան առաջարկի, իրենք կհամաձայնեն: Եթե կառավարությունն
ասի՝ սարի գագաթին կառուցեք, պիտի կառուցե՞ք. մեր հարցին պարոն Վարդանյանը պատասխանեց.
«Կառավարությունը նման անհեթեթ առաջարկ չի անի»: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել