Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆանտանը՝ առանց ջրի

Հունիս 20,2006 00:00

Խմելու եւ ոռոգման ջրի բացակայությունը ստիպում է գյուղացիներին բնակավայրը լքել

Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի տղամարդիկ ամռան այս վարուցանքի սեզոնին պարապ-սարապ ման են գալիս կամ գյուղամեջում հավաքվում ու ողջ օրը թզբեհ են քաշում: Դաշտում անելիք չկա. ամբողջ բերքն արդեն չորացել է, ոչինչ փրկել հնարավոր չէ, քանի որ գյուղում ոռոգման ջուր չկա: Եթե մեկ ամիս առաջ անձրեւներ լինեին, էլի բերքի համար մի ճար կլիներ, մինչդեռ մայիս-հունիսին ընդհանրապես տեղումներ չեղան: Հարեւան գյուղերում գոնե խմելու ջրով իրենց տնամերձ հողամասերը մի կերպ մշակում են, իսկ Ֆանտանում ոչ մեկն իր բակում նույնիսկ խմելու ջուր չունի, պարզապես գյուղում կա խմելու ջրի մի քանի աղբյուր. ում հարսը «ղոչախ» է եւ ի վիճակի է, բացի կենցաղում օգտագործվող ջրից, մի քանի դույլ ավել կրել, դրանով կջրեն ամենաբերքատու ծառերը, եթե ոչ՝ այգին էլ, դաշտն էլ դատապարտված են ոչնչացման: Գյուղացիների պատմելով՝ ժամանակին իրենց ցորենի, գարու եւ հաճարի արտերը բերքից «ճռռացել» են, հեռավոր գյուղերի հնձվորների համար Ֆանտանը խոպան է եղել, իսկ հիմա գյուղը բարոյապես ու ֆիզիկապես մաշվել է ու հնացել: Ոռոգման ջրի խնդիրը միայն բավական է, որ գյուղը դատարկվի: Ֆանտանցիների պատմելով՝ «ջրագծերը քաշեցին, հետո եկան քանդեցին-տարան, չիմացանք ովքեր էին, երեւի խողովակներն իրենց պետք էր»: Մինչդեռ գյուղապետ Նորայր Կարապետյանի ներկայացմամբ՝ ոռոգման ցանցի հարցը լուծված է, ուղղակի առայժմ ջուր չկա:

Գյուղացու պարզ թվաբանական հաշվարկները ցույց են տվել, որ եթե իրենց առողջության ու տանջանքների հաշվին ջուրը պետք է կրելով բերեն ու ցորենի արտ ջրեն, ավելի ձեռնտու է խանութից ալյուր գնեն, մանավանդ, երբ արտը վարելու համար գումար չունեն: «Մեխանիզատորը մեր գյուղի տղա է, մինչեւ հիմա վարելու հախը չեմ տվել, մածուն եմ ծախում, որ կոպեկ-կոպեկ պարտքս փակեմ, պարարտանյութի 1 պարկը 3700 դրամով են վաճառում, այն էլ շատ հաճախ անորակ ու ժամկետանց է լինում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց ֆանտանցիներից մեկը: Գյուղացիները ջրի ու պարարտանյութի պատճառով բերքի մեծ կորուստներ են ունեցել, սակայն որեւէ դեպք չեն հիշում, երբ պետությունը գոնե տոկոսներով փոխհատուցած լինի:

Գյուղն իբր գազիֆիկացված է, բայց 277 ընտանիքից գազ ունի միայն 80-ը, մյուսները դեռ աթարի ու փայտի հույսին են: Հողամաս բոլորն ունեն, բայց գյուղացիների խոսքերով՝ «մեջը ի՞նչ կա, եթե ջուր չունենք՝ հողն ինչների՞ս է պետք»: Ֆանտանցիներից շատերը բռնել են խոպանի ճանապարհը, նրանք էլ, ովքեր դեռ գյուղում են, իրենց գոյությունը պահում են դրսից ուղարկված գումարներով:

Գյուղապետն էլ փաստեց, որ Ֆանտանը, իրոք, սոցիալապես աղքատ գյուղ է. ֆանտանցիները անջրդի հողերի պատճառով չեն կարողանում հոգալ իրենց կենցաղային ու սննդի հարցերը, էլ ուր մնաց վճարեն հարկերն ու վարձերը:

ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել