Լրահոս
Օրվա լրահոսը

2 միլիոնով Բրոդվեյ չենք ունենա

Հունիս 20,2006 00:00

«Առավոտում» վերջերս լույս տեսած
«Համարձակ քայլերի կոչ նախարարին» հոդվածի առնչությամբ աժիոտաժ է սկսվել հիմնականում
երեւանյան թատրոնների ղեկավարների շրջանում: Ընդ որում, հոդվածում արծարծված
միտքը, թե ավելի քան 20 պետական թատրոնները շռայլություն են մեր պետության համար,
տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Մարդիկ, ովքեր գտնում էին, որ մեկուկես
միլիոնանոց Երեւանում հնարավոր չէ հաճախել գործող 19 թատրոն (որից 16-ը պատկանում
է մշակույթի նախարարությանը, 3-ը՝ քաղաքապետարանին), հիմա էլ սկսել են հակառակը պնդել՝
«մոռանալով» կիսադատարկ կինոդահլիճներում, համերգասրահներում ու տարբեր մշակութային
օջախներում ամեն օր կայացող միջոցառումների մասին: ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե
Խոդիկյանը «Առավոտին» հայտնեց, որ եթե մի ներկայացումը պետությունը կարող է հովանավորել
2 մլն դրամով, «բնականաբար, Բրոդվեյի շքեղություն չենք կարող ակնկալել»: Ըստ Կ. Խոդիկյանի՝
կամաց-կամաց ընդլայնվում է թատրոնների խաղացանկը: Նոր ժամանակները բերում են նոր
խնդիրներ. «Նկատվում են վերելքի միտումներ, մյուս կողմից էլ, իհարկե, կան ներկայացումներ,
որոնք պարզապես չպետք է բեմադրվեին»: Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ)
նախագահ Երվանդ Ղազանչյանն էլ հայտնեց, որ ավելորդ թատրոններ չեն լինում, դեռ ընդհակառակը,
պետք է ավելի շատանան դրանք. «Շատ ժողովուրդներ չունեն մնջախաղի թատրոն: Իսկ մենք
այդ թատրոնով պետք է հպարտանանք, ապացույց՝ միջազգային մրցույթներում նրանց շահած
դափնիները»: Հարցին՝ ի վերջո, ձեր գովելի թատրոնը ե՞րբ պետք է տուն ունենա, ՀԹԳՄ
նախագահի պատասխանը լռությունն էր: Համամիտ ենք Պատանի հանդիսատեսի թատրոնի ղեկավար
Հակոբ Ղազանչյանի հետ՝ եթե թատրոնները կրճատվեն, «դա ձեւ չէ»: Իսկ ձե՞ւ է մարզային
թատրոնների վիճակը, հենց թեկուզ տեխնիկական վերազինման իմաստով: Ըստ Դրամատիկական
թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի, թատրոնների կրճատումից կծագեն բարոյական
սնանկության հարցեր. «Պետությունը խելամիտ է վարվում, որ չի կրճատում: Ասեմ նաեւ,
որ շատ դժվար է մեր պետության համար այս քանակով թատրոն պահելը»: «Մհեր Մկրտչյան»
արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքերով՝ «Համոզված եմ, որ բարձրակարգ
թատրոնները կմնան, իսկ ժամանակի ընթացքում կփակվեն այնպիսիները, որոնք այսօր էլ պետք
չեն մեր արվեստին»: Մեզ հետ զրուցած Երեւանի բոլոր թատրոնների գեղարվեստական
ղեկավարները կրկնում էին մեկ նախադասություն՝ «թատրոնին պետք է պետական հոգածություն»:
Հետաքրքրությանը՝ ի՞նչ չափի գումար կուզեիք ստանալ պետությունից, նրանք դարձյալ միաբերան
նշեցին, որ պետությունից ստացած գումարը ընդամենը աշխատավարձ է, տարեկան մոտ 2 մլն
դրամով գործ չես անի (կամ կանես երեւի այնպիսին, ինչպիսին այսօր հանդիպում ենք մեր
թատրոններում- Ս. Դ.): Բերենք ընդամենը մի քանի թատրոններին այս տարի հատկացված պետական
գումարները (դրամով). Դրամատիկական թատրոն՝ 66315.5, Պատանի հանդիսատեսի՝ 42957.2,
Վանաձորի թատրոն՝ 80399.2, Կոմեդիայի՝ 81640, Արտաշատի թատրոն՝ 25588, Երաժշտական
կամերային՝ 223318.5 եւ այլն: Նոր ստեղծվելիք Թատերական գործիչների միության համանախագահ
եւ տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռ. Բաբայանը այս առիթով մեզ հայտնեց.
«Պետությունը պետք է հովանավորի 3-4 թատրոն, ինչը արվում է եվրոպական երկրներում:
Իսկ մյուսները պետք է ինչ-ինչ աջակցություն ստանան»: Ի դեպ, Մերձբալթիկայի
երկրների նախագահների որոշմամբ, ծխախոտի եւ վառելիքի բիզնեսով զբաղվող գործարարները
տարեկան եկամտի 1%-ը հատկացնում են պետական մշակութային օջախներին: Վատ չէր լինի,
որ հայաստանցի մեծահարուստներն իրենց եկամուտների գոնե 0,1%-ը հատկացնեին թատրոններին:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել