Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ԿՂԶԻ՝ 6000 ՏԱՐՎԱ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ

Սեպտեմբեր 09,2006 00:00

Մալթան՝ հայաստանցու աչքերով

\"\"Մենք եւ նրանք

Իր չափսերով Մալթայի հանրապետությունը Երեւանից ընդամենը մի փոքր է մեծ: Մեր մայրաքաղաքը գրավում է 230 քառ. կմ տարածք (30 տարվա վաղեմության տվյալներով), իսկ Մալթան՝ 316 քառ. կմ, ընդ որում այս հանրապետությունը բաղկացած է մի քանի կղզիներից, որոնցից ամենամեծը՝ Մալթան, զբաղեցնում է գրեթե Երեւանի չափ տարածք՝ 246 քառ. կմ, մեծությամբ հաջորդ՝ Գոզո կղզին, շատ ավելի փոքր է՝ 67 քառ. կմ, եւ երրորդ բնակեցված կղզին՝ Կոմինոն, ուղղակի գաճաճ է՝ 2,7 քառ. կմ: Չնայած դրան, Մալթայի բյուջեն ոչ միայն Երեւանի, այլեւ ողջ Հայաստանի բյուջեից մեծ է, քանի որ տարեկան 1,1-1,2 մլն զբոսաշրջիկ է այցելում հինավուրց պատմությամբ այս կղզին: Իսկ 2003-ին միայն տուրիզմից Մալթայի ստացած եկամուտները կազմել են գրեթե 900 մլն դոլար: Եվ, այնուամենայնիվ, Մալթան համարվում է եվրոպական մասշտաբներով թույլ զարգացած երկիր: Մալթացիները հասկանում են, որ իրենց աղքատիկ երկրի հիմնական եկամուտը տուրիզմն է, եւ ոչինչ չեն խնայում տնտեսության այդ ճյուղը զարգացնելու համար: Երկրի 360 հազարանոց բնակչության հիմնական մասը զբաղված է հենց տուրիստական բիզնեսում, եւ գործազրկությունն այստեղ շատ փոքր է՝ ընդամենը 5%: Իմիջիայլոց, այն 14 օրերի ընթացքում, որ Մալթայում էինք, այդպես էլ չհանդիպեցինք ոչ մի «բոմժի», ոչ մի մուրացկանի, եւ որքան էլ տարօրինակ է՝ ոչ մի ոստիկանի: Չէ, մի անգամ մի քանի ոստիկան, այնուամենայնիվ, տեսանք, բայց այդ մասին՝ քիչ ավելի ուշ: Մալթացիները հպարտանում են, որ իրենց փոքրիկ երկրում հանցավորությունը շատ փոքր տոկոս է կազմում, գրեթե՝ զրոյական:

Ծովից ջուր քամողները

\"\"Միջերկրական ծովի ճիշտ կենտրոնում գտնվող Մալթայի բախտը զբոսաշրջության հարցում բերել է, քանի որ, բացի ծովից, որն ինքնին բավարար խթան է տուրիզմի զարգացման համար, այս երկիրն ունի ավելի լուրջ հարստություն՝ իր մի քանի հազարամյա դրամատիկ պատմությունը, որը հիանալիորեն ներկայացվում է նրանց, ովքեր մեկնում են հանգստի՝ ոչ միայն լողալու եւ ապա ծովափնյա ավազներին պառկելու ու արեւահարվելու, այլեւ՝ «աշխարհ տեսնելու» համար: Պասիվ հանգստի սիրահարներին այս կղզում գուցե թե հիասթափություն սպասվի: Մալթայում ավազե լողափերը քիչ են, հիմնական կուրորտային քաղաքներում դեպի ծով «մուտքը» աստիճաններով է. ափից իջնում ես երկաթե սանդուղքներով եւ միանգամից հայտնվում 3-4 մ խորությամբ ծովի մեջ: Ըստ էության, բացի ծովից, Մալթան այլեւս ոչինչ չունի՝ ոչ լճեր, ոչ գետեր այս կղզում չկան: Մալթացիները դարերի ընթացքում սովորել են «ծովից ջուր քամել». երկրում մի քանի ջրամբար կա, որտեղ Միջերկրականի ջուրը աղազերծվում է եւ օգտագործվում ոռոգման նպատակներով: Իսկ երբ 2003-ի վերջին Մալթան դարձավ Եվրամիության անդամ, մեծ ներդրումներ արվեցին, եւ կառուցվեց ծովի ջուրը խմելու ջրի վերածող ֆիլտրացիոն գործարան: Բավականին տխուր տեսարան էին իրենցից ներկայացնում Մալթայի բոստաններն ու այգիները, որոնք ոռոգվում էին ջրամբարներից ռետինե խողովակներով եկող ջրով. այդ խողովակները օձերի նման գալարվում էին չորացած այգիներում, եւ ժլատորեն ջուր հասցնում ծարավից պապակված այգիներին: Ընդհանուր առմամբ թանկ այս երկրում, որի դրամական միավորը՝ մալթայական լիրան, արժեր $3,4, կեսլիտրանոց շշով ջրի գինը քիչ էր զիջում լավահամբավ տեղական գինու 0,75 լիտրանոց շշի գնին: Ծորակներից հոսող ջուրը խմելու համար պիտանի չէր, եւ մարդիկ ամառային տապին դիմանալու համար ստիպված էին անընդհատ ջուր գնել: Կամ՝ գարեջուր: Տեղական «Չիսկ» կոչվող թեթեւ գարեջուրը զբոսաշրջիկների կողմից շատ սիրված էր: Հատկապես՝ անգլիացիների, որոնք պատրաստ էին առավոտվա 10-ից մինչեւ ուշ երեկո ոչնչով չզբաղվել, բացի առափնյա սրճարանում մի քանի տասնյակ (առանց չափազանցության) շիշ «Չիսկ» դատարկելուց եւ հընթացս՝ արեւահարվելուց: Հայաստանցիներիս համար Մալթայի տապը դժվար տանելի էր, քանի որ օդը չափազանց խոնավ էր, սակայն Հյուսիսային Եվրոպայից ժամանած զբոսաշրջիկները չէին կշտանում մալթայական կիչիզ արեւից՝ «մեզ մոտ ողջ տարին անձրեւ է կամ մառախուղ, մենք երազում ենք նման շոգերի մասին»,- խոստովանում էին նրանք:

Հանգիստ՝ 1-ից 100 տարեկանների համար

Բացի գինուց եւ գարեջրից, մնացած ոգելից խմիչքները եւ ծխախոտը Մալթայում խայտառակ թանկ էին. ինչպես ԵՄ մյուս երկրներում, այստեղ էլ ոգելից խմիչքներն ու սիգարետները վաճառվում էին հատուկ խանութներում: Սակայն, եթե հավատանք ինտերնետային կայքերում ռուս զբոսաշրջիկների զեղումներին, այդ կղզում շատ մատչելի է մարիխուանան եւ այդ որակի այլ «կայֆեր»: Մատչելի՝ ձեռքբերման, բայց ոչ՝ գնի առումով: Պետք է նկատել, որ Մալթան հստակորեն բաժանված էր երիտասարդների եւ հասուն մարդկանց համար նախատեսված մասերի: Եթե Սլիմա, Սենթ-Ջուլիանա եւ Պաչվիլ քաղաքներն ավելի երիտասարդական էին՝ բազմաթիվ դիսկոտեկներով եւ գիշերային ակումբներով, ապա երկրի մնացած ողջ տարածքն ավելի շուտ ընտանեկան հանգստի եկած, ինչպես Կառլսոնը կասեր՝ «ուժերի ծաղկման շրջանում» գտնվող հասուն մարդկանց համար էր: Սրճարաններից լսվում էր 70-90-ականների երաժշտություն, երեկոյան գրեթե բոլոր հյուրանոցների բակերում կազմակերպվում էին շոուներ՝ կարաոկե, պարեր, համերգներ՝ հենց այդ տարիների ոճով: Միայն տեսնել էր պետք, թե ինչպես էին կյանքից հաճույք ստանում 50-ից բարձր (մինչեւ 100 եւ ավելի) տարիքի եվրոպացիները. ողջ օրվա ընթացքում լողում, արեւահարվում կամ ոտքով չափչփում էին Մալթայի տեսարժան վայրերը, իսկ երեկոյան՝ առանց որեւէ բարդույթների, երգում, պարում, զվարճանում:

Արաբա-եվրոպական միաձուլում

Մալթայի պատմությանը այս հոդվածում չեմ ուզում առանձնապես անդրադառնալ, այլապես թերթի մի ամբողջ համար չի բավականացնի: Նկատեմ միայն, որ կղզում պահպանվել են այդ հարուստ պատմության գրեթե բոլոր էտապների ապացույցները՝ սկսած 6000 տարի եւ ավելի վաղեմություն ունեցող, քարե դարին պատկանող մեգալիթյան տաճարներից, ավարտված միջնադարյան հայտնի մալթայական միաբանության ասպետների ամրոցներով: Այդ ամենը պահպանվում է մեծագույն խնամքով, եւ դրանց մասին պատմելով չէ, տեսնելո՛վ է պետք տեղեկանալ: Մալթան իր պատմության ընթացքում անընդհատ ենթարկվել է տարբեր ազգերի ճնշմանը, եղել է փյունիկցիների, հռոմեացիների, արաբների, բարբարոսների, ֆրանսիացիների, թուրքերի, ի վերջո՝ անգլիացիների իշխանության ներքո (անկախություն է ձեռք բերել միայն 1964-ին), եւ, բնականաբար, իր վրա կրում է այդ բոլոր մշակույթների հետքերը: Մալթայերենը լատիներենի եւ արաբերենի մի զարմանալի խառնուրդ է, իսկ մալթացիները, չնայած նման են իրենց ամենամոտ հարեւաններին՝ իտալացիներին, սակայն իրենց վերջին տերերի՝ անգլիացիների նման հանդարտ են, եւ հարավցիներին հատուկ տաքարյունությամբ չեն տառապում:

Մալթայում տները կառուցված են արաբական ոճով՝ ամբողջությամբ սպիտակ են, տափակ տանիքներով, սակայն գրեթե բոլոր տների դիմաց կա Մարիամ Աստվածածնի կամ խաչված Քրիստոսի փոքրիկ արձանը: Ծայրահեղ դեպքում՝ սուրբ Պողոսի, որը, ըստ ավանդույթի, հռոմեացիների հալածանքներից խուսափելու համար հանգրվանել է Մալթայում, տարածել քրիստոնեություն: Պողոս առաքյալի անունն են Մալթայում կրում մի անմարդաբնակ կղզի, մի ծովածոց, մի կուրորտ, բազմաթիվ փողոցներ եւ հրապարակներ: Ի դեպ, անունների մասին. Մալթայում անուններ ունեն նաեւ տները: Գրեթե բոլոր տների վրա անգլիական ավանդույթով փորագրված էին իրենց անունները, ասենք՝ «Breeze», «Seaview», «Annabell», «Blue house», «Eagle» եւ այլն: Իսկ շատերի վրա տեսանք նաեւ այսպիսի ցուցանակներ՝ «God bless USA» կամ «Thank you Canada»: Մեր զրուցասեր մալթացի ծանոթը՝ Թոնին, պատմեց, որ երկու-երեք տասնամյակ առաջ Մալթայի տնտեսական վիճակն այնքան ողբալի էր, որ շատ երիտասարդներ մեկնում էին այլ երկրներ, գումար վաստակում, ապա վերադառնում եւ բնավորվում հայրենիքում՝ չմոռանալով բարի խոսքով հիշատակել իրենց «խոպանները»:

Մալթայի պատմությանը վերաբերող մասն ավարտելու համար հիշատակեմ միայն Մդինա քաղաքը, որն իրենից ներկայացնում էր երկրի ասպետական շրջանի պատմության մի յուրահատուկ հուշարձան բաց երկնքի տակ՝ բազում թանգարաններով (որոնց թվում է տպավորիչ «Խոշտանգումների թանգարանը», որտեղ մանեկենների վրա ցուցադրված են Մալթայի պատմության ընթացքում տարբեր իշխողների նախընտրած կտտանքները) եւ եկեղեցիներով: Այստեղ հպարտանալու լավ առիթ ունեցանք. Մդինայի պատմության թանգարանը վերանորոգվել էր մեծ բարերար Գալուստ Գուլբենկյանի հիմնադրամի միջոցներով, ինչի մասին ազդարարում էր մուտքի մոտ տեղադրված խոշոր ցուցանակը:

Եվրոպայի ամենաշքեղ հրավառությունը

Մալթան, ինչպես յուրաքանչյուր երկիր, ունի իր առանձնահատկությունները: Ինձ համար ամենատպավորիչը կակտուսի ուտելի պտուղներն էին, որոնց մալթացիներն անվանում էին «բաժտրա»: Այդ քաղցրահամ պտուղներից կղզում պատրաստում են հրաշալի լիկյոր: Յուրահատուկ կոլորիտ էին ստեղծում հնաոճ՝ նախորդ դարի 50-60- ականների դեղին ավտոբուսները: Դե, իսկ Մալթայի յուրահատկություններից ամենաշքեղը «ֆեստաներն» էին: Ամռան ընթացքում Մալթայի յուրաքանչյուր եկեղեցի՝ իր համայնքի միջոցներով, կազմակերպում է այդ «ֆեստա» կոչվածը, որը ժողովրդական տոնախմբության մի աննկարագրելի դրսեւորում է: Ամեն եկեղեցի ունի ֆեստայի իր օրը, որը նվիրված է «իր սրբին»: «Ֆեստային» համայնքի ժողովուրդը նախապատրաստվում է մի քանի շաբաթ: Եկեղեցին եւ դեպի եկեղեցի գնացող բոլոր փողոցները զարդարվում են ծաղիկներով, վառվռուն գիրլյանդներով, ծաղկաշղթաներով եւ, իհարկե՝ անթիվ- անհամար նեոնային լույսերով:

Բուն «ֆեստայի» օրը եկեղեցում ժամերգությունից հետո սկսվում է տոնախմբությունը. հրապարակում եւ եկեղեցու մերձակայքում բացվում են տոնավաճառներ, որտեղ վաճառվում են քաղցրեղեններ, հուշանվերներ եւ «ֆաստ-ֆուդի» լայն տեսականի: Հազարավոր մարդիկ խաղաղ զբոսնում են լուսավոր հրապարակներում եւ ոչ մի քաշքշուկ, ոչ մի աղմուկ չկա: Հենց «ֆեստայի» օրը Լիա քաղաքում վերջապես տեսանք մի քանի ոստիկանների, որոնք համեստորեն զբոսնում էին մարդկանց ամբոխի մեջ եւ բարեհամբույր պատասխանում զբոսաշրջիկների հարցերին, որոնք հիմնականում հանրային զուգարանների գտնվելու վայրի մասին էին: Նրանց դերը դրանով էլ սահմանափակվում էր: Ուշ երեկոյան սկսվում է հրավառությունը: Նման շքեղ հրավառություն, պարզվում է, ոչ միայն հայերս չէինք տեսել, այլեւ, ասենք, հոլանդացիներն ու ֆրասիացիները: Համենայնդեպս, երկու ժամ անդադար տեւող օդային, ապա գրեթե մեկ ժամ տեւած գետնատարած (չինական) հրավառության ժամանակ անընդհատ լսում էի կողքիս կանգնած հոլանդացի եւ ֆրանսիացի տիկինների հիացական ճչոցները, մեկը մյուսին վստահեցնում էր, որ իր երկրում նման բան չկա՝ «միայն Սուրբ Ծննդյան տոներին է շատ շքեղ հրավառություն լինում, բայց դա էլ չի հասնի սրան»: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այն օրը, երբ Հայաստանից Մալթա չարտերային չվերթով ժամանած խումբը լքում էր այդ հրաշալի կղզին, Մալթայում նշում էին Սուրբ Աստվածածնի օրը: Բնականաբար, Սուրբ Կույսը ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի տասնյակ եկեղեցիների հովանավորն էր: Այնպես որ, օգոստոսի 15-ի ուշ երեկոյան, երբ մեր ինքնաթիռը օդ էր բարձրանում, Մալթայի ողջ տարածքով մեկ հրավառություններ էին: Այդպես մալթացիք հարգանքի տուրք էին մատուցում Աստվածամորը: Իսկ գուցե՝ մեզ էին հրաժեշտ տալիս:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930