Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Նոյեմբեր 08,2006 00:00

ԱՀՌԾ-ն վերանայվում է. ինչո՞ւ

\"\"ՀՀ կառավարությունը, համագործակցելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ, ձեռնարկել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի վերանայման գործընթացը, որը ներառում է ինչպես մասնագիտական, այնպես էլ հանրային քննարկումներ:

Հասարակական երկխոսության արդյունքում ակնկալվում է վեր հանել աղքատության հաղթահարման տեսանկյունից առավել կարեւոր եւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, մասնագիտական քննարկումների միջոցով ձեւավորել առաջարկությունների ոլորտային փաթեթը եւ կազմել ԱՀՌԾ նոր, առավել կենսունակ ծրագրային փաստաթուղթ:

Ինչպես ԱՀՌԾ նախորդ փաստաթղթի մշակման ժամանակ, ներկայումս նույնպես կիրականացվի հանրության լայն շրջանակների իրազեկման եւ հետադարձ կապի ապահովման լայնամասշտաբ ծրագիր: Մասնավորապես, նախատեսվում է մասնակցային գործընթացի արդյունքում վերանայման խնդիրների եւ դրանց գերակայությունների շուրջ հասարակական համաձայնություն ձեռք բերել:

Ինչու է վերանայվում ԱՀՌԾ-ն

«Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը» ՀՀ կառավարությունը հաստատել է 2003թ. օգոստոսին: Ծրագրի մշակումն ընթացել է բոլոր շահագրգիռ կողմերի՝ պետական կառավարման մարմիններ, մասնավոր հատված, քաղաքացիական հասարակություն, դոնորներ, ակտիվ մասնակցությամբ: Կառավարությունը 2004թ. հունվարին հաստատել է նաեւ ԱՀՌԾ կատարումն ապահովող 2004-2006թթ. միջոցառումների ցանկը, սահմանելով նաեւ դրանց իրականացման վերաբերյալ տեղեկատվության ներկայացման մեխանիզմը: Տնային տնտեսությունների հետազոտությունների արդյունքները, նախորդ տարիների զարգացումները ցույց են տալիս, որ աղքատության մակարդակը կրճատվել է ավելի արագ տեմպերով, քան ծրագրված էր ԱՀՌԾ հաստատված սցենարով:

Աղքատության հաղթահարման դրական միտումները պայմանավորված են եղել տնտեսական աճի բարձր ցուցանիշներով եւ եկամուտների բաշխման անհավասարության մեղմացմամբ:

2005-2006-աններին էլ տնտեսության զարգացման ցուցանիշները հուսադրող են, ինչը եւ հիմնավորում է ԱՀՌԾ ծրագրային հիմնական ցուցանիշների վերանայման անհրաժեշտությունը:

Միաժամանակ, աղքատության եւ անհավասարության կրճատման դրական միտումներին զուգահեռ, բացահայտվել են խոցելի սոցիալական խմբերի բարեկեցության, տարածքային զարգացման անհամամասնություններին վերաբերող եւ այլ խնդիրներ, որոնց հաղթահարման նպատակով կառավարությունը մտադիր է իր առաջիկա ծրագրերում կատարել համապատասխան ճշգրտումներ:

Ծրագրի վերանայման ժամանակ կդիտարկվեն նաեւ սոցիալական ոլորտի, գյուղատնտեսության, մարդկային աղքատության, ԱՀՌԾ շրջանակներում իրականացվող առանձին ոլորտային քաղաքականությունների վերանայման խնդիրներ, ինչպես նաեւ ԱՀՌԾ մոնիտորինգի ցուցանիշների համակարգի հայեցակարգման, աղքատության գնահատման բացարձակ եւ պարենային գծերի փոփոխման հարցերը։

Մասնակցային գործընթացի ներկա առանձնահատկությունները.

Բնականաբար, համապետական նշանակության այնպիսի խոշոր եւ երկարաժամկետ ծրագիր, ինչպիսին ԱՀՌԾ-ն է, հնարավոր չէր կյանքի կոչել առանց հասարակության լայն խավերի մասնակցության:

ԱՀՌԾ մշակման մասնակցային գործընթացը սկսվեց վերեւից։ Փորձագետները դա բացատրում էին նրանով, որ որոշում ընդունողը կառավարությունն է եւ ինքը պետք է լինի նախաձեռնողը, ինքը պետք է պատրաստ լինի հասարակության հետ երկխոսության:

Երկխոսությունը կայացավ եւ ԱՀՌԾ մշակման ընթացքում իրականացված մասնակցային գործընթացը միջազգային կազմակերպությունների կողմից եւս բարձր գնահատվեց եւ համարվեց պետական քաղաքականության մշակմանը տարբեր շահագրգիռ կողմերի ընդգրկման լավ օրինակ:

ԱՀՌԾ վերանայման ներկա փուլում կառավարությունը որդեգրել է «ներքեւից վերեւ» սկզբունքը, այսինքն՝ վերանայման առաջարկությունները կստացվեն հասարակությունից եւ կուղղվեն դեպի որոշում կայացնողները:

Կարեւորվել է նաեւ մարզային եւ տեղական ինքնակառավարման մարմինների դերը, ինչը նպատակ ունի տեղական մակարդակով վեր հանել աղքատության պատկերը, գտնել նաեւ այն տեղական մարմինների միջոցով հաղթահարելու ուղիները:

Այդ նպատակով ԱՀՌԾ վերանայման քննարկումներն անցկացվում են մարզային եւ հանրապետական մակարդակներով եւ ներառում են ինչպես մասնագիտական, այնպես էլ հանրային քննարկումներ: Բացահայտվում են տեղական առանձնահատկությունները, հանրային քննարկումների արդյունքում հավաքագրվում են նոր գաղափարներ եւ մոտեցումներ, որոնք մասնագիտական քննարկումների միջոցով խմբավորվում են արդեն որպես նպատակներ եւ գերակայություններ:

ԱՀՌԾ աշխատանքային խումբը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրապետական եւ մարզային մակարդակներում կազմակերպել է ավելի քան 20 հանդիպում-քննարկում:

Դիտարկում 1.

– Մասնագիտական քննարկումներ.

Մասնագիտական քննարկումների մեկնարկը սեւեռված էր ԱՀՌԾ հիմնական ցուցանիշների նպատակադրումների, եկամտային եւ մարդկային աղքատության, ժողովրդագրական եւ տարածաշրջանային անհամամասնությունների վրա:

Քննարկումները ներառում են 40-ից ավելի առաջարկություններ. նվազագույն սպառողական զամբյուղի կալորիաների վերահաշվարկ, աշխատանքային միգրացիոն հոսքերի հաշվառման մեթոդաբանություն, պետական ծառայության համակարգում կանանց տեսակարար կշռի ցուցանիշի ներառում, գյուղական համայնքներում ինտերնետ կապի մատչելիություն, կրթության եւ առողջապահության որակական ցուցանիշներ, ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար հանրային ծառայությունների մատչելիություն, առողջապահական ծառայությունների մատչելիություն եւ հասանելիություն, քաղաքի եւ գյուղերի միջեւ անհամամասնությունների կրճատում, քաղաքացիական մեկուսացվածություն եւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք փորձագետների կողմից դիտարկվելուց հետո իրենց տեղը կգտնեն վերանայվող փաստաթղթում:

Առողջապահության ծառայությունների որակի ապահովման եւ դեղամիջոցների տնտեսական մատչելիության հիմնախնդիրներն առանձին մասնագիտական քննարկման թեմա դարձան ոլորտի պատասխանատուների, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀՀ առողջապահության նախարարության առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը վստահեցնում է, որ նախարարությունը հիմք է ընդունել «Եթե բժշկական սպասարկում, ապա՝ որակյալ» սկզբունքը:

Սակայն, ԱՀՌԾ մարդու իրավունքների խմբի փորձագետ Հասմիկ Ասլանյանի կարծիքով, բնակչությունը հաճախ դժգոհում է պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունից, բուժծառայությունների ֆինանսավորումը եւ մատուցվող ծառայության որակը համարժեք չեն, խնդրահարույց է որակի վերահսկողությունը:

Համաշխարհային բանկի փորձագետ Սուսաննա Հայրապետյանի համոզմամբ՝ որակի վերահսկողության խնդիրը անհրաժեշտ է ներառել վերանայվող ԱՀՌԾ-ում որպես մոնիտորինգի ցուցանիշ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը գտնում է, որ առողջապահության որակական եւ քանակական ցուցանիշները պետք է ոչ թե հակադրվեն, այլ համադրելի լինեն։ Նրա կարծիքով սոցիալական ոլորտը պետք է դիտել մեկ ամբողջություն եւ ԱՀՌԾ-ում հստակ պետք է երեւա կապը առողջապահության եւ սոցիալական ապահովության միջեւ:

Մասնագիտական խորացված քննարկումներ են կազմակերպվել նաեւ կրթության եւ բնապահպանության խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ կազմակերպվել է հանրային քննարկում` դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ:

Դիտարկում 2.

Մարզային քննարկումներ.

Ստեփանավան

Գյուղում ոչ գյուղատնտեսական զբաղվածության հնարավորությունների ստեղծման, փոքր ու միջին բիզնեսի զարգացման, զբաղվածության ծրագրերի հասցեականության եւ արդյունավետության բարձրացման հարցերը պատահական չեն ընտրվել: Ֆինանսական ռեսուրսների անմատչելիությունը, բարձր տոկոսադրույքներն ու ժամկետայնությունը, բանկերի մասնաճյուղերի սահմանափակությունը եւ փոքր մրցակցությունը, բանկային երաշխիքների հիմնախնդիրը էապես խոչընդոտում են ՓՄՁ զարգացմանը, զբաղվածության ծրագրերի իրականացմանը: Լոռու մարզի տարածքային զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Աբրահամյանն առաջարկում է որոշակի արտոնություններ սահմանել սկսնակ գործարարների համար, օժանդակել սեփական գործ նախաձեռնողներին, բիզնես ուսուցում կազմակերպել: Մարզի աշխատաշուկայի վերլուծությունը վկայում է, որ փոքր բիզնեսի խթանումը, մասնավորապես աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիրը հնարավորություն է ստեղծում խոցելի խմբերից որոշակի թվով մարդկանց ապահովել աշխատանքով:

Սպիտակցի գործարար Արթուր Դանիելյանն այլ կարծիքի է. «Դուք օգնում եք գործազուրկին, ոչ թե գործարարին: Ավելի արդյունավետ կլինի, եթե արտոնություններ տրվեն գործարարին. արտոնյալ վարկեր: Եթե գործարարն ընդլայնի իր արտադրությունը, բնականաբար կստեղծվեն նոր աշխատատեղեր»:

Գյուղում ոչ գյուղատնտեսական զբաղվածության խնդիրը քննարկման մասնակիցների կողմից միանշանակ չի ընդունվում: Գործարարները որոշակի արտոնությունների ակնկալությամբ պատրաստ են արտադրություն կազմակերպել:

Հովաձորի գյուղապետ Էդվարդ Մելիքսեթյանը եւս դեմ չէ, որ գյուղում կաթի արտադրություն, կաշվի վերամշակում կամ մթերում կազմակերպեն, գյուղատնտեսությանը զարկ տան, սակայն դժգոհ է, որ դրսից գյուղում բիզնես կազմակերպողները, օգտվելով համայնքի ենթակառուցվածքներից, հարկերը մուծում են քաղաքային համայնքների բյուջե:

Այլ համայնքների ղեկավարներն էլ մտահոգված են, որ հողը դժվարությամբ մշակող գյուղացին կարող է գայթակղվել ոչ գյուղատնտեսական արտադրությամբ եւ թողնել հողը։ Ուստի գտնում են, որ գյուղում ոչ գյուղատնտեսական զբաղվածությունը պետք է նպաստի բուն գյուղատնտեսական գործունեությանը. վերամշակում, մթերում եւ այլն: Գյուղի հոգսով մտահոգ մարդիկ կարեւորում են նաեւ հավասար մրցակցության խնդիրը: Գյուղացին, եթե ցածր տոկոսադրույքներով արտոնյալ վարկեր չստանա, չի կարող մրցակցել խոշոր արտադրողների հետ:

ԱՀՌԾ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Ղարայանը, ամփոփելով քննարկվող հարցը, մատնանշում է 2 հիմնախնդիր, որ պետք է իրականացվի գյուղում ոչ գյուղատնտեսական զբաղվածության հնարավորությունների ստեղծման համար. շուկան մոտեցնել արտադրողին, ապահովել շահեկան վարկավորում:

Քննարկումների ընթացքում արվող բոլոր առաջարկությունները գրանցվում են եւ ներկայացվում փորձագիտական խմբերին՝ համապատասխան եզրակացությունների համար: Ամփոփիչ քննարկումների արդյունքում դրանք կներառվեն ԱՀՌԾ քաղաքականության ուղղություններում:

***

ԱՀՌԾ վերանայման գործընթացը բաց է բոլոր մասնակիցների համար:

ԱՀՌԾ աշխատանքային խումբն ակնկալում է, որ կարծիքներ, առաջարկություններ, դիտարկումներ կստացվեն նաեւ նրանցից, ովքեր չեն մասնակցել հանրային քննարկումներին եւ շահագրգիռ են, որպեսզի մշակվի իրատեսական եւ շոշափելի արդյունքներ ունեցող ռազմավարական ծրագիր:

ԱՀՌԾ աշխատանքային խմբի հասցեն է՝ Երեւան, Մելիք-Ադամյան 1, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն:

Հեռախոս՝ 595-334

Էլ. փոստ՝ [email protected]

ԱՀՌԾ աշխատանքային խումբը երկխոսության է հրավիրում նաեւ www.PRSP.am կայքէջի միջոցով:

Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել