Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐՈ ԳԵՆԸ ԳՏՆՎԵԼ Է

Նոյեմբեր 08,2006 00:00

\"\"Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում:

Հիվանդության միջազգային համարն է F 63.9:

ԱՀԿ-ն սերը՝ խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլիզմից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում չճշտված»:

Սիրո պատճառով բժիշկները «իրարանցում» վաղուց են բարձրացնում, բայց ԱՀԿ-ի համար վերջին կաթիլը դարձավ բրիտանացի հոգեբույժ Ֆրենկ Թելլիսի «Սիրո հիվանդություն. Սերը որպես հոգեկան խանգարում» գիրքը, որտեղ նա, ըստ մասնագետների, ապացուցել է, որ իրականում սերը ամբողջ մի կլինիկա է: Գրքում տրված են սիրային հիվանդության ընդհանուր ախտանիշները, որոնցից են, օրինակ՝ տրամադրության կտրուկ փոփոխություններ, սեւեռուն մտքեր ընկերոջ մասին, ինքնախղճահարություն, սեփական արժանապատվության չափազանց խոր զգացում, չմտածված իմպուլսիվ արարքներ, անքնություն, ընդմիջվող քուն, սեւեռուն մտքերի համախտանիշ (ես գիտեմ, որ նա սիրում է, բայց լռում է) եւ այլն:

Սեր հիվանդության մասին պարզաբանում խնդրեցինք հոգեբան Խաչիկ Գասպարյանից: Վերջինս նախ հայտնեց, որ գիտական շրջանակներում խոսվում է, որ գտնվել է սիրո գենը. «Սերը համարվում է հիվանդություն, եթե դրա կպչուն կամ հետապնդող տարբերակն է: Կա բոլորիս հայտնի երեւակայական սիրո տարբերակը»: Հարցին՝ հնարավո՞ր է մարդն իմանա՝ ինքը հիվանդացել է սեր հիվանդությամբ, պարոն Գասպարյանն ասաց. «Սա շատ անհատական հիվանդություն է: Երբեմն ինչ-որ բանի բացակայություն կամ որեւէ պրոբլեմ դառնում է անձի կյանքի իմաստ եւ տարօրինակ է, բայց երբեմն հենց դրանով է կարծես իմաստավորվում ու հետաքրքիր դառնում տվյալ մարդու կյանքը: Կան դեպքեր, երբ մարդ նախընտրում է ապրել պրոբլեմներով, քան առանց դրա: Այո, մարդու մեջ սեր կարող է առաջանալ նաեւ պրոբլեմների հանդեպ: Մի խոսքով՝ սեր կոչվածը յուրաքանչյուր անձին հետապնդող երեւույթն է ամենուր»:

Սեր հիվանդության պարզաբանումը հանրապետության գլխավոր սեքսապաթոլոգ Արամ Հակոբյանի կողմից եղավ կարճ ու կոնկրետ. «Սերն այն է, ինչը հասկանում ենք ուղղակի իմաստով ու դրա հետ «վարվում» այնպես, ինչպես զգում ենք այն, ի վերջո՝ սեր երեւույթը, զգացումը կամ զգացմունքը, հիմա էլ հիվանդությունը, ինչպես ուզում եք անվանել, զուտ անձնական է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել