Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱ, ՓՈՂԸ ՉԿԱ

Դեկտեմբեր 06,2006 00:00

\"\"Պետությունն առայժմ միջոցներ չունի, որ սոցքարտից հրաժարված նպաստառուների կուտակած գումարները վերադարձնի:

Վերջերս Սահմանադրական դատարանը թիվ 649 որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց սոցիալական քարտերի բռնի պարտադրումը քաղաքացիներին: Համաձայն ՍԴ որոշման, ՀՀ քաղաքացիներն արդեն սոցիալական քարտեր կարող են ստանալ ըստ ցանկության: Մինչ ՍԴ-ի որոշումը, բազմաթիվ քաղաքացիներ սոցիալական քարտ չվերցնելու պատճառով կենսաթոշակ, նպաստ ու աշխատավարձ չէին ստացել: Այն ժամանակ, երբ մարդիկ բողոքում էին եւ պահանջում իրենց գումարները, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հավաստիացնում էին, որ նրանց գումարները կուտակված են եւ հենց սոցքարտը ստանան՝ կարող են միանգամից ողջ գումարը վերցնել: Սակայն ՍԴ-ի որոշումը, պարզվում է, բյուջեի համար չնախատեսված ծախս էր, եւ սոցքարտի պատճառով 20 ամիս շարունակ աշխատավարձ, կենսաթոշակ ու նպաստ չստացած քաղաքացիների գումարները տեղում չէին:

Հիշեցնենք, որ ՍԴ-ի որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 4-ին: Այդ ժամանակ կառավարությունը խոստացել էր, որ սոցքարտից հրաժարվածների պարտքուպահանջը հնարավորինս սեղմ ժամկետներում կմարվի: Սակայն արդեն անցել է 2 ամիս, եւ միայն աշխատավորներին եւ կենսաթոշակառուներին է հաջողվել իրենց վաստակը ստանալ, այն էլ՝ պահումներով: Նկատենք, որ հանրապետությունում գրանցված 530 հազար կենսաթոշակառուից 1317-ը սոցքարտի պատճառով թոշակ չէր ստացել: Իսկ սոցքարտեր չունեցող նպաստառուների վիճակն ավելի բարդ է. նախարարությունը մինչ օրս նրանց դեռ չի էլ հաշվառել, իսկ գումարները տալու մասին դեռեւս խոսք լինել չի կարող: Նախարարությունը դեռ չգիտի, թե սոցքարտ չունեցող քանի նպաստառու կա, որ նրանց համար փող նախատեսի: Սա երեկ «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, եթե շատ ուզենան էլ, մեկ ամսվա ընթացքում չեն կարող այդ գումարները տալ:

Շիրակի մարզում հավատացյալների թիվը բավականին մեծ է: Նրանք ՍԴ-ի որոշումից հետո շատ ոգեւորվել էին, որովհետեւ սոցքարտ չունենալու պատճառով ամիսներով նպաստ չէին ստացել, սակայն, ինչպես պարզվում է, նրանք ժամանակից շուտ են ուրախացել: Օրերս Գյումրիի թիվ 2 սոցծառայության տնօրեն Էդուարդ Բաղրամյանը հայտարարեց, որ գյումրեցիներն առայժմ կուտակված նպաստները չեն կարող ստանալ, քանի որ բազմաթիվ պրոբլեմներ կան. «Նախ տեխնիկական խնդիրներ ունենք, որոնց լուծման համար որոշակի ժամանակ է պետք, հիմա մեր ունեցած տեղեկատվական բազայից եթե փորձենք քաղաքացուն ինֆորմացիա փոխանցել, առանց սոցիալական քարտի ինֆորմացիա դժվար է ձեռք բերել, իսկ դրա համար անհրաժեշտ է ամբողջ բազան վերանայել, վերածրագրավորել»: Եթե նույնիսկ պարոն Բաղրամյանի մատնանշած խնդիրներն էլ լուծվեն՝ նպաստառուներն իրենց գումարը շուտ չեն ստանա, որովհետեւ նրանց համար պետությունն առայժմ փող չունի: Ըստ Էդ. Բաղրամյանի՝ «2006-ի բյուջեն հաստատվել է, եւ սոցիալական ծառայություններին տրամադրված գումարի կոնկրետ չափն արդեն հայտնի Է, այդ թվի մեջ հիշյալ ընտանիքների գումարը չի նախատեսվել, իսկ դա բավականին մեծ թիվ է կազմում, ասել, թե դեկտեմբեր ամսվա նպաստների հետ նրանք կարող են այն եւս ստանալ՝ հնարավոր չէ: Մեր սոցծառայությունն անգամ առաջին դասարանցի 10 երեխաներին հասանելիք 20-հազարական դրամ նպաստը տալու պրոբլեմ ունեցավ, փողը չբավարարեց, էլ ուր մնաց էդ հսկայական գումարը»:

Գյումրիի սոցծառայություններում խնդիրներ են ստեղծվել նաեւ ավանդների փոխհատուցման գործընթացում: Այնպիսի հերթեր են գոյացել, որ, ավանդատուների պատմելով՝ կանանցից մեկի ոտքը հերթի մեջ կոտրվել է: Էդուարդ Բաղրամյանը նույնպես ընդունեց, որ ավանդները փոխհատուցելիս իսկապես պրոբլեմներ առաջացել են, քանի որ ցուցակներում բազմաթիվ անճշտություններ են եղել. «Շատ քաղաքացիներ, իրավունք ունենալով ընդգրկվել ցուցակներում՝ չէին ընդգրկվել: Պատճառը մեր ու ֆինանսների նախարարության միջեւ եղած տեղեկատվական բազայի անհամապատասխանությունն էր: Բացի այդ, մեկ այլ խնդիր էլ կար՝ քաղաքացիներից շատերի ստացած գումարները չէին համապատասխանում իրենց կողմից ներկայացված ավանդական գրքույկների գումարին, ենթադրենք քաղաքացին պետք է ստանար 10 հազար դրամ, տվել էին 7 կամ 8 հազար»: Սոցծառայության տնօրենն ասաց, որ այդ գումարները քիչ-քիչ կվերականգնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել