Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՐԱՆՏԻ ՄԱՀԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ»

Հունվար 24,2007 00:00

\"\"Հարցազրույց Ստամբուլի քաղաքապետարանի նախկին պատգամավոր, տեղի հայաշատ Բաքրքյուղ թաղամասի թաղապետարանի ներկայացուցիչ Հակոբ Հացպանյանի հետ, ով «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հետ սովորել է նույն դպրոցում եւ մեծացել նույն թաղամասում:

– Ձեր՝ Թուրքիայի քաղաքացու կարծիքով, Հրանտ Դինքի սպանությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ եվրաինտեգրման հավակնություններ ունեցող Թուրքիայի համար:

– Այսպես թե այնպես, վերջին շրջանում Եվրոպա-Թուրքիա հարաբերությունները լավ չէին: Չեմ կարծում, թե դրանք մոտ ապագայում էլ կբարելավվեն: Այս պահին շուն ու կատվի նման եվրոպացիները թուրքերի հետ խաղում են: Իսկ Հրանտի զոհվելուց հետո Թուրքիան էլ ավելի վատ վիճակում է հայտնվել: Ամենեւին հակված չեմ մտածել, թե սպանությունը պետականորեն է կազմակերպվել կամ ընդամենը 17 տարեկան ծայրահեղական տղայի ձեռքի գործն է:

– Իսկ ո՞ւմ էր ձեռնտու Հրանտ Դինքի սպանությունը:

– Կարծում եմ, արմատները գնում են դեպի ամերիկաներն ու հրեաները: Կրկնում եմ, Թուրքիան առանց այն էլ շատ խնդիրներ ունի, հատկապես քրդերի հետ կապված: Այս ֆոնի վրա Հրանտին վերացնելը հաստատ նրա շահերից չէր բխում: Գուցե գալիք 5-10 տարիներին էլ հասարակ մարդիկ չիմանան ով էր իրական պատվիրատուն: Մի բան, սակայն, պարզ է, Հրանտի զոհվելուց հետո Հայաստանի հետ Թուրքիայի շփումներն ավելի դյուրին կլինեն: Որովհետեւ այս պահին Թուրքիան անկյունում է հայտնվել: Կփորձեն նաեւ սահմանը բացել: Թուրքիան դեռ կջանա Եվրոպայի եւ Ամերիկայի առաջ արդարանալ: Եթե, օրինակ, 1936-ից մինչեւ վերջերս ոչ մի հայ իրավունք չուներ անշարժ գույքի առուվաճառքով զբաղվել կամ դրանք ժառանգել հայկական դպրոցի ու եկեղեցու, արդեն այս հարցերն էլ ուզում են շտկել: Նոյեմբերին Թուրքիայում կկայանան խորհրդարանական ընտրություններ, գուցե թուրքերը ցանկանան նաեւ այնտեղ հայ պատգամավոր ունենալ: Ի դեպ, 1960 թվականից նման բան չի եղել:

– Մեծ կշիռ ունեցող գործչին՝ Հրանտ Դինքին սպանեցին, այսինքն, եթե նախադեպը կա, հնարավո՞ր է առաջիկայում նման վայրագությունները կրկնվեն:

– Նման բաներ միշտ էլ կարող են պատահել ամենուր: Հրանտը հայտնի մարդ էր, եւ իր մահը վտանգավոր էր Թուրքիայի համար: Կրկնում եմ, կատարվածը պետականորեն կազմակերպված չէր: Բայց չմոռանանք, որ Թուրքիայում պետության մեջ մի ուրիշ «պետություն» էլ կա՝ անվտանգության խորհուրդը, որտեղից նախկին եւ այժմյան զինվորականները վարագույրի ետեւից ղեկավարում են երկիրը ու կապ ունեն մութ ուժերի հետ: Ո՞վ իմանա, գուցե Հրանտի սպանության մեղավորը վերջի՞նս է:

– Հետաքրքիր է, հայերը Թուրքիայում ինչքանո՞վ են կարողանում պահպանել իրենց ինքնությունը:

– Թուրքական կառավարությունն ուզում է, որ հայերն իր երկրում ապրեն իր ուզածի պես: Ու մենք այնքան հայ մնանք, ինչքան իրենք թույլ կտան: Օրինակ, վերջերս թոռնիկ եմ ունեցել ու անունը Զեփյուռ դրել: Եթե Հակոբին, Սարգսին, Պողոսին թուրքերը վարժվել են, Զեփյուռը նրանց ականջին խորթ է հնչում: Հարցնում են՝ ի՞նչ է նշանակում, ասում եմ մելթեմ՝ թեթեւ քամի: Զարմանում են՝ իսկ ինչո՞ւ Զեփյուռ եւ ոչ թե Մելթեմ: Հասկանում եմ, որ դիտմամբ չեն այդպես ասում, այլ ինքնըստինքյան է ստացվում, ուզում են, որ իրենց պես ապրես ու մտածես: Յուրաքանչյուր հայ նման ճնշումներ իր վրա զգում է, պատահական չէ, որ ներազգային ընտրությունների ժամանակ (երբ ընտրվում է թաղականների խորհուրդ), հայերը վախենալով, հաճախ ընտրում են այնպիսի մարդկանց, ովքեր լպրծուն են, համարձակ հայտարարություններ չեն անում, հարմարվող են: Օրինակ, 2 օրաթերթ ունենք՝ «Ժամանակ» եւ «Մարմարա», որոնց խմբագիրներն իրենց ընտանիքները ապրեցնելու համար են թերթը աշխատեցնում, այնպես որ, նրանց գոյությունը հայությանը առանձնապես օգուտ չի բերում: «Ակոսն» էր միայն, որ համարձակ հարցեր էր առաջ քաշում: Վստահ եմ, որ Դինքի զոհվելուց հետո այն ավելի համարձակ կգրի եւ ավելի կարդացվող կդառնա:

– Ինչպիսի՞ն են թուրքական մամուլի արձագանքները Հրանտ Դինքի սպանության հետ կապված, եւ ո՞ր կազմակերպությունները դատապարտեցին կատարվածը:

– Մի շարք ստեղծագործական եւ պրոֆեսիոնալ միություններ, երիտասարդական շարժումներ դատապարտեցին այդ չարագործությունը: Հրանտի զոհվելը հաստատ դրական կանդրադառնա թե՛ ի նպաստ Թուրքիայի վարչական ատյանների, թե՛ հայկական հարցի լուծման: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, առաջատար հեռուստաընկերությունները

24 ժամ այս մասին են խոսում: Այդ լրագրողների մեջ 70-ականների ըմբոստ երիտասարդական շարժումների մասնակիցներ կան, ժամանակին որոնց հետ էր նաեւ Հրանտը: Չնայած Թուրքիայի բոլոր լրատվամիջոցների տերերը 2 հոգի են, ու վերջիններս են թելադրում՝ ինչ անել, շատ լրագրողներ կարողանում են իրենց մասնագիտական պարտքը ազնվորեն կատարել: Կան նաեւ որոշ ռեակցիոն լրատվամիջոցներ, որոնք հնչեցնում են այնպիսի տեսակետներ, թե իբր Դինքի սպանությունը հայերի ձեռքի գործն է:

– Ինչո՞ւ այլեւս Ստամբուլի քաղաքապետարանի պատգամավոր չեք առաջադրվում:

– Մեկ տարի է՝ այլեւս պատգամավոր չեմ, որովհետեւ պատգամավոր լինելը քիչ է հայկական խնդիրներին լուծում տալու համար: Ազգությամբ հայ մարդը Թուրքիայում մեծամասնական ընտրակարգով չի կարող ընտրվել՝ թուրքերը ձայներ չեն տա, իսկ հայերն էլ կվախենան նրա օգտին քվեարկել: Հայերը ընտրվում են, եթե այս կամ այն կուսակցության ընտրացուցակի առաջին շարքերում են: Թուրքերն էլ են ժողովրդավար երեւալու համար նրանց անցողիկ տեղեր ապահովում: Ու քանի որ պատգամավոր ընտրվելու դեպքում էլ հայերի խնդիրների մասին չես կարող արտահայտվել, մեկընդմիշտ հրաժարվեցի այդ մտքից, մանավանդ՝ մեզ ընդունող կուսակցությունը, որ սոցիալ-դեմոկրատ է կոչվում, ամենեւին էլ այդպիսին չէ եւ երիտթուրքերի գաղափարախոսության շարունակողն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել