Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՏԱՐԱԿԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ

Փետրվար 15,2007 00:00

Մարզպետի նստավայրը Աշտարակում է, բայց դա քաղաքին ոչինչ չի տալիս

\"\"Կրպակների մեծ մասը փտած է ու անշուք, ուստի քաղաքապետարանը, որպեսզի շահագրգռի կրպակատերերին՝ դրանք տեսքի բերելու, մրցանակաբաշխություն է կազմակերպել՝ ամենալավ, ամենագեղեցիկ, ամենամաքուր կրպակ նոմինացիաներով:

 

 

\"\"Այս մետաղյա ջարդոնը երկար ժամանակ է՝ ոստիկանության շենքի տարածքից չի հեռացվում:

 

\"\"Բազմահարկ «Աշտարակ» հյուրանոցի մի քանի սենյակն է միայն որպես հյուրանոց ծառայում, մնացածը կուսակցական գրասենյակներ են: Այստեղ են տեղակայված նաեւ «ԺԱԿ»-ն ու «Ազգային միաբանությունը»:

 

 

\"\"Այս եւ նմանատիպ այլ 1-2 մետրանոց փոսեր գտնվում են Գրիգորյան փողոցում: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ամեն օր այս փոսերը շրջանցելով է աշխատանքի գնում ու գալիս:

 

 

\"\"Աշտարակում հացը եւ այլ սննդամթերք վաճառվում են առանց փաթեթավորման ու փողոցի անմիջապես եզրին: Իսկ մարզի սանէպիդի տեսուչներին այս փաստը բոլորովին չի անհանգստացնում:

 

 

\"\"Հետիոտնի համար նախատեսված Երեւանյան փողոցի գետնանցումը վաղուց դադարել է իր նպատակին ծառայել, քանի որ կեղտաջրերով ու աղբով լիքն է: Քաղաքի փողոցները սելավատարներ չունեն եւ այդ պատճառով ձյան եւ անձրեւաջրերը լցվում են գետնանցումները:

Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանը քաղաքի զարգացման ծրագիր չունի, պատճառը տեղական բյուջեի սղությունն է. «Բյուջեն կազմում է 450 մլն դրամ, որից 103 մլն-ն դոտացիան է, 50 մլն-ն էլ հանրապետության նախագահի տրամադրած գումարն է, որով պետք է ասֆալտապատում իրականացվի, այդ չնչին գումարներով ինչպե՞ս կարող ենք քաղաքը զարգացնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը: Աշտարակում է տեղակայված Արագածոտնի մարզպետարանը ու եթե հանրապետության մյուս մարզերի դեպքում մարզկենտրոնները գոնե քիչ թե շատ ուշադրության կենտրոնում են, ապա Աշտարակի դեպքում դա չես ասի: Քաղաքը զրկված է տարրական «հարմարություններից»: Երիտասարդության համար չկան զվարճանքի վայրեր, հանգստյան գոտիներ: Միակ զբոսայգին էլ չունի նստարաններ, մանուկների համար խաղահրապարակ, քաղաքի խորհրդանիշ հուշակոթողն էլ դարձել է աղբավայր: Աշտարակի ճանապարհներին ամեն քայլափոխի դարուփոսեր են, որ արդեն քանի տարի չեն վերանորոգվում: Բացի այդ, Սիսակյան, Գրիգորյան, Երեւանյան փողոցներում գտնվող դիտահորերի մեծ մասը բաց է: Ըստ քաղաքապետի, մեղավորները «ԱրմենՏելը», «Հաէլցանցերը» եւ «Հայջրմուղկոյուղին» են. «Դիտահորերի կափարիչների համար նրանք են պատասխանատու: Գրեթե ամեն օր նրանց զանգում- զգուշացնում են, որ վտանգավոր իրավիճակ է ստեղծված, սակայն ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Քաղաքապետարանն էլ այնքան հարուստ չէ, որ իր միջոցների հաշվին այդ աշխատանքները կատարի»:

Այդուհանդերձ, մեզ հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ նախկին տարիների համեմատությամբ իրենց քաղաքը բարգավաճել է. «Հիմա որտե՞ղ է կատարյալ, որ այստեղ լինի, մայրաքաղաքում ամեն ինչ նորմա՞լ է»: Ինչ վերաբերում է Աշտարակի փողոցներում կուտակված աղբին, ապա, ըստ քաղաքապետի, «դա նախորդ տարվա աղբն է՝ ձյունը հալվել է՝ աղբը ելել է ջրի երես»: Թեեւ քաղաքապետը նշեց, որ գործում է երեք աղբատար մեքենա եւ աղբահանությունը ժամանակին է կատարվում, սակայն, աշտարակցիների խոսքերով, աղբատար մեքենաները բակեր մտնում են 4-5 օրը մեկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել