Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամորի, Քասախի ու Արաքս գետերի դեմը չեն առնում

Մարտ 19,2007 00:00

\"\"Այս գետերի հարեւան որոշ բնակավայրեր ամեն գարնան տուժում են

Ամեն տարի հորդառատ անձրեւներից վարարած Քասախ, Մեծամոր, Արաքս գետերը հեղեղում են Ծիածան, Մրգաստան, Խորունք, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Արաքս, Ակնաշեն գյուղերի որոշ բնակավայրերն ու գյուղացիների վարելահողերը: Գետերը ջրառատ են լինում հատկապես գարնանը եւ, գյուղացիների ներկայացմամբ, դաշտերը ջրով ողողված լինելու պատճառով, գյուղատնտեսական աշխատանքները սկսում են ժամանակից մոտ մեկ ամիս ուշացումով, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում բերքատվության վրա:

Չնայած այս տարի ՀՀ կառավարությունը գետերի ափերը պատնեշելու համար 40 միլիոն դրամ է հատկացրել, սակայն, ամենայն հավանականությամբ, այս տարի էլ գյուղացուն նույն խնդիրը սպառնում է, քանի որ անձրեւներն արդեն սկսվել են, իսկ կառուցապատման աշխատանքները՝ ոչ: Գյուղացիների խոսքերով՝ «գետերը կամաց-կամաց բարձրանում են եւ ափերից դուրս են գալիս»: Այս առնչությամբ մենք խոսեցինք վերոնշյալ գյուղերի գյուղապետերի հետ: «Առավոտի» հետ զրույցում Արաքսի գյուղապետ Ռուբեն Հովակիմյանը նշեց, որ իրենց գյուղով 3-4 կմ Մեծամոր գետն է անցնում. «Ձյան հալոցքի եւ անձրեւները սկսելու հետ մեկտեղ Մեծամորից վտանգի ենք սպասում: Ահազանգել ենք մարզպետարան, կառավարություն, եկել նայել են եւ խոստացել, որ մոտ օրերս ամրացման աշխատանքները կսկսեն, գետափ էին եկել նաեւ նախագահի աշխատակազմից, նրանք էլ իրենց հերթին նշեցին, որ աշխատանքների կատարումը չի ուշանա»: Գյուղապետի տեղեկացմամբ, եթե մյուս գյուղերի հատվածներում, թեեւ վնասված, բայց պատնեշներ կան, ապա իրենց գյուղի հատվածում Մեծամոր գետը որեւէ պատնեշ չունի եւ վարարելուն պես՝ լցվում է մարդկանց հողամասերը: Այս գետը 3-4 կմ սահմանագիծ ունի նաեւ Լուսագյուղի հետ: Լուսագյուղի գյուղապետ Թովմաս Սարգսյանի խոսքերով. «Եթե մի 2-3 օր էլ տեղումներն այսպես շարունակվեն՝ գետը կարող է վարարել: Կառավարության միջոցներով նախագծահաշվարկային աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով տեխնիկան չի կարողանում այս պայմաններում աշխատել: Ամեն տարի վարարումները լինում են ապրիլ-մայիս ամիսներին, հուսանք, որ տեղումները կդադարեն, եւ աշխատանքները կհասցնենք ավարտել»: Ծիածանի գյուղապետ Արիստակ Խաչատրյանը նշեց, որ պակաս վտանգավոր չէ Քասախ գետը: Պարոն Խաչատրյանի ներկայացմամբ, այս գետից ոռոգման նպատակով մեծ առվով ջուր է գնում դեպի Ծիածան գյուղ եւ այստեղ վտանգն այն է, որ գետի վարարելու դեպքում առվի բերանը փակել չի լինում եւ ջուրը մեծ ծավալով դեպի գյուղ է

գնում:

«Նախանցյալ տարի գիշերվա կեսին ամբողջ գյուղով եկել էինք, որ գյուղ եկող առուն փակեինք, սարսափելի վիճակ էր: Գետն ամբողջությամբ թեքել է իր հունը, ամենից առաջ կարիք է զգացվում, որպեսզի հունը մաքրվի եւ գետը վերադառնա իր հիմնական հունը, քանի որ գնալով ուղղությունը փոխում է եւ քայքայում է հողաթումբը, Աստված չանի, եթե ուժեղ վարարեց՝ ոչ միայն Ծիածանը, այլեւ մի շարք գյուղեր կտուժեն»:

Արմավիրի փոխմարզպետ Նորիկ Մուրադյանը եւս հավաստեց, որ գետերի պատնեշները խորհրդային տարիներից ի վեր չեն վերանորոգվել: «Առավոտի» հետ զրույցում փոխմարզպետն ասաց, որ Քասախ գետի պատնեշներն ամրացնելու համար նախատեսված է մոտ 16 մլն դրամ, մոտ 24 մլն դրամ էլ Մեծամոր գետի պաշտպանիչ հատվածի կառուցման համար է տրվել: Արաքս գետից սպասվող վտանգի կանխարգելման համար մարզպետարանը իր միջոցներից հատկացրել է 190 մլն դրամ. «Մոտ օրերս աշխատանքները կսկսվեն, տեխնիկան արդեն պատրաստ է եւ այսօրվա դրությամբ խնդիրներ չկան»:

Ի դեպ, «Հայպետհիդրոմետի» կանխատեսումներով՝ մինչեւ մարտի 20-ը տեղումները կշարունակվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել