Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՔԱԿԱՆՈՆ ԵՎ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Մարտ 19,2007 00:00

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 10-ին մի շարք լրատվամիջոցներ (այդ թվում նաեւ «Առավոտը») ստորագրել են մասնագիտական եւ էթիկական նորմեր պարունակող Վարքականոն, ինչպես նաեւ ընտրությունների լուսաբանմանը վերաբերող Հռչակագիր: Ստորեւ ներկայացնում ենք այդ փաստաթղթերի ամբողջական տեքստը:

ՎԱՐՔԱԿԱՆՈՆ

Մենք՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներս

– գիտակցելով մասնագիտական վարքի կանոններին հետեւելու եւ դրա շուրջ համախմբվելու անհրաժեշտությունն ու հնարավորինս բարձր աշխատանքային եւ բարոյական չափանիշներ պահպանելու լրագրողների պարտավորությունը,

– ընդգծելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը եւ տեղեկացնելու ԶԼՄ-ների պարտականությունը,

– մատնանշելով խմբագրական անկախության պաշտպանության եւ որեւէ մասնավոր շահով լրագրողներին չկաշկանդելու անհրաժեշտությունը,

– ընդունելով, որ ԶԼՄ-ներն ու լրագրողները հաշվետու են իրենց լսարանի եւ միմյանց առջեւ,

– արձանագրելով, որ հնարավոր չէ բոլոր դեպքերի համար սահմանել միասնական կանոններ, սակայն կարելի է եւ հնարավոր է պահպանել պրոֆեսիոնալ լրագրության համընդհանուր չափանիշները,

ընդունում ենք հետեւյալ սկզբունքներն ու դրանցից բխող պարտավորությունները.

1. Ճշգրտություն եւ անկողմնակալություն

 

Այս սկզբունքի պահպանումը նշանակում է՝

1.1. մինչ հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ,

1.2 եթե խմբագրությունը հասարակական նշանակալի տեղեկություններ է ստացել, սակայն չի կարողացել ճշտել փաստերը, հրապարակելիս անպայման նշել այդ մասին,

1.3. վերլուծություններ եւ մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի վրա,

1.4. հստակ սահմանազատել փաստերի եւ տեղեկությունների շարադրանքը կարծիքներից, վերլուծություններից ու մեկնաբանություններից,

1.5. ձգտել, որ վերնագրերը, հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս,

1.6. չաղավաղել լուսանկարային կամ տեսագրված նյութի բովանդակությունը, լուսանկարներում եւ տեսանյութերում տեխնիկական հնարքներ կիրառելու եւ միջամտությունների դեպքում անպայման նշել այդ մասին:

2. Ազնվություն տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում

Այս սկզբունքի պահպանումը նշանակում է՝

2.1. հնարավորինս նշել տեղեկությունների աղբյուրները,

2.2. հնարավորինս խուսափել տեղեկատվության կոնֆիդենցիալ աղբյուրներ օգտագործելուց, լրատվության աղբյուրը գաղտնի պահելու խոստումից առաջ միշտ պարզել շարժառիթները, սակայն եթե տեղեկությունն այնուամենայնիվ տրվում է աղբյուրի գաղտնիության պայմանով, որեւէ պարագայում չբացահայտել այն,

2.3. խուսափել տեղեկությունների ձեռքբերման ծածուկ եւ գաղտնի մեթոդներից, բացառությամբ այն դեպքերի, երբ ավանդական բաց մեթոդները չեն ապահովում հասարակական շահերից բխող տեղեկությունների ստացումը։ Այսպիսի մեթոդների կիրառման անհրաժեշտությունը պետք է բացատրվի բուն հրապարակման մեջ,

2.4. հարգել հեղինակային իրավունքը, բացառել գրագողությունը, մեջբերումներ եւ արտատպություններ կատարելիս նշել աղբյուրները:

3. Խմբագրական անկախություն

Այս սկզբունքի պահպանումը նշանակում է՝

3.1. հստակ սահմանազատել լրագրողական նյութերը գովազդից. յուրաքանչյուր հրապարակում, որի դիմաց վճարվել է, պետք է այդ մասին նշում ունենա,

3.2. խմբագրական լուսաբանումներում գովազդատուներին ու հովանավորներին արտոնություններ չտալ,

3.3. դիմակայել իրադարձությունների լուսաբանման վրա ազդելու նպատակով գովազդատուների, հովանավորների, ԶԼՄ սեփականատերերի գործադրած ճնշումներին,

3.4. հրաժարվել տեղեկություններ հրապարակելու կամ չհրապարակելու համար խոստացվող վճարներից, նվերներից, ինչը մասնագիտական անկախության հետ հակասության մեջ է մտնում եւ հանգեցնում է վստահության կորստի:

4. Հարգանք մարդկանց

անձնական կյանքի եւ այլ իրավունքների նկատմամբ

Այս սկզբունքի պահպանումը նշանակում է՝

4.1. հարգել եւ պաշտպանել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը. հասարակական անհրաժեշտությամբ կարող է արդարացվել միայն պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին միջամտությունը,

4.2. այն դեպքում, երբ խոսքի ազատությունը հակասության մեջ է մտնում մարդու մյուս հիմնարար իրավունքների հետ, լրատվամիջոցն ինքնուրույն է վճռում, թե ինչին տալ նախապատվությունը եւ պատասխանատվություն է կրում իր վճռի համար,

4.3. առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկատվության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են։ Զգույշ լինել դեռահաս ամբաստանյալների, ինչպես նաեւ սեռական հանցագործությունների զոհերի ինքնությունը բացահայտելիս,

4.4. ողբերգություն կամ վիշտ տարած մարդկանց մասին տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց կամ լուսանկար հրապարակելիս, տեսա կամ ձայնանյութ հեռարձակելիս նրբանկատ լինել նրանց նկատմամբ,

4.5. պահպանել անմեղության կանխավարկածը. մինչեւ դատաքննությունը հանցագործության մեջ կասկածվողների անունները հրապարակելիս քննարկել դրա հասարակական անհրաժեշտությունը՝ հավասարակշռություն պահպանելով անմեղության կանխավարկածի, հանցագործության մեջ կասկածվողների՝ արդար դատաստանի իրավունքի եւ հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի միջեւ:

5. Հարգանք զանազան

խմբերի ներկայացուցիչների եւ համամարդկային արժեքների նկատմամբ

Այս սկզբունքի պահպանումը նշանակում է՝

5.1. խուսափել մարդկանց հանդեպ նախապաշարված վերաբերմունքից՝ նրանց ցեղային, սեռային, տարիքային, կրոնական, ազգային, աշխարհագրական պատկանելության, սեռական կողմնորոշման, ֆիզիկական արատների, արտաքինի կամ սոցիալական կարգավիճակի պատճառով,

5.2. որեւէ ձեւով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք եւ անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական եւ լեզվական հայտանիշներով խտրականություն,

5.3. որեւէ ձեւով չքարոզել բռնություն, պոռնոգրաֆիա, պատերազմ,

5.4. զգույշ լինել ահաբեկչական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տարածելիս, բացառել ահաբեկիչների նկատմամբ համակրանք առաջացնող սյուժեները եւ հաղորդագրությունները, նրբանկատ լինել իրադարձությունների ականատեսների՝ իբրեւ տեղեկատվության աղբյուրների, նկատմամբ, խուսափել պատանդների եւ հնարավոր զոհերի հարազատների եւ ընկերների բացահայտումից՝ առանց իրենց համաձայնության:

6. Ազնվություն հանրության հետ հարաբերություններում

Այս սկզբունքի պահպանումը նշանակում է՝

6.1. աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, անկախ նրանից, որ այդ կարծիքները կարող են տարբերվել խմբագրական տեսակետներից,

6.2. պատրաստակամ լինել հանդիպելու եւ պատասխանի հնարավորություն ընձեռելու այն անձանց, ում հասցեին մեղադրանքներ են եղել հրապարակումներում,

6.3. ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք,

6.4. քաջալերել հանրությանը՝ արտահայտելու ԶԼՄ-ների նկատմամբ իրենց քննադատական վերաբերմունքը, պատրաստ լինել լրագրողական էթիկայի հարցերի շուրջ հասարակության հետ երկխոսության։

 

Մենք պարտավորվում ենք ընտրությունների եւ հանրաքվեների պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանում առաջնորդվել սույն Վարքականոնին կից հավելվածում շարադրված սկզբունքներով:

Մենք՝ սույն Վարքականոնը ստորագրած լրատվամիջոցների ներկայացուցիչներս ընդունում ենք մեր իսկ կողմից ընտրված Դիտորդ մարմնի իրավասությունը՝ քննելու մեր գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունը սույն Վարքականոնի դրույթներին եւ պատրաստակամություն ենք հայտնում Դիտորդ մարմնի որոշումը հրապարակելու մեր լրատվամիջոցներում:

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Ընտրությունների եւ հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ

 

Մենք՝ Վարքականոնը ստորագրած ԶԼՄ ներկայացուցիչներս պարտավորվում ենք ընտրությունների եւ հանրաքվեների պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանում առաջնորդվել ստորեւ շարադրված սկզբունքներով.

1. բոլոր կուսակցությունների եւ թեկնածուների նկատմամբ լինել հանդուրժող,

2. չվիրավորել թեկնածուների անձը, չծաղրել նրանց հայացքներն ու տեսակետները,

3. չհրապարակել թեկնածուների հասցեին զրպարտություն, շանտաժ ու սպառնալիք պարունակող նյութեր,

4. բոլոր թեկնածուներին իրենց ծրագրերը եւ տեսակետները ներկայացնելու համար լրատվամիջոցում հավասար հնարավորություն տալ, վճարովի տեղ կամ եթերաժամ հատկացնելիս լրատվամիջոցում կիրառել միասնական սակագներ,

5. չհրապարակել քողարկված քաղաքական գովազդ պարունակող նյութեր: Այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին աջակցող խմբերի կողմից հրապարակման ներկայացված (վճարովի կամ անվճար) կամ նրանց պատվերով պատրաստված նյութերը հստակ առանձնացնել այլ նյութերից կամ այդ մասին նշում կատարել,

6. հեռարձակվող լրատվամիջոցները պետք է ձեռնպահ մնան որեւէ կոնկրետ թեկնածուի կամ կուսակցության աջակցելուց, իսկ տպագիր լրատվամիջոցները նման մտադրություն ունենալու դեպքում այդ մասին նախապես եւ հստակ հայտարարեն:

Վարքականոնը ստորագրել են 18 լրատվամիջոցների ներկայացուցիչներ. հեռուստա եւ ռադիոընկերություններ՝ «Ա1+», «հ2», «Գալա», «Երկիր-մեդիա», «Լոռի», «Սասի», «Ցայգ», ռադիա «Hay», թերթեր՝ «168 ժամ», «Ազգ», «Առավոտ», «Քաղաքացիական նախաձեռնություն», «Դելովոյ էքսպրես», «Կումայրի», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Կապիտալ»/«90 րոպե», ինչպես նաեւ lragir.am ինտերնետային թերթը եւ «Արմինֆո» լրատվական գործակալությունը:

Ընտրվել է Դիտորդ մարմին հետեւյալ կազմով. Հակոբ Ավետիքյան, Լեւոն Բարսեղյան, Աստղիկ Գեւորգյան, Էմանուիլ Մկրտչյան, Մեսրոպ Մովսեսյան, Բորիս Նավասարդյան, Լիլիթ Սիմոնյան: Դիտորդ մարմինը քննարկելու է Վարքականոնը՝ վերոհիշյալ լրատվամիջոցների կողմից խախտելու վերաբերյալ բողոքները եւ դրանց վերաբերյալ եզրակացություններ է տալու:

Բողոքները կարելի է ուղղել Դիտորդ մարմնին նամակով՝ Երեւան, Ղազար Փարպեցի 9բ, 530067, 533541 հեռախոսահամարներով, [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներով:

«ԱՌԱՎՈՏԻ» ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵ՛Ր: ԵԹԵ ԴՈՒՔ ՆԿԱՏԵՔ ՄԵՐ ԹԵՐԹԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԴԻՄԵԼ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐՈՎ: ՁԵՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԵԾԱՊԵՍ ԿՕԳՆԵՆ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել