Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԻՐԵՆՑ ՄԱՂՁԸ

Մայիս 25,2007 00:00

\"\"Ասում է «Ժառանգություն» կուսակցության ցուցակում 4-րդը՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը

«Ժառանգության»՝ խորհրդարան անցնելու փաստը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսպես էր բացատրել. «Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում իշխանությունը մտածեց, որ եթե նա գալու է ԱԺ եւ ասի՝ «Տե՞ր ես», թո՛ղ գա՝ ասի, դրանից վտանգ չկա»: Իսկ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Աղասի Ենոքյանը նշել էր, թե ինչպես ՕԵԿ-ը, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանը «հաղթահարեցին 5 տոկոսը, որովհետեւ հարմար ընդդիմություն են: Րաֆֆի Հովհաննիսյանը այս ընթացքում իրեն բավական խոհեմ պահեց, որեւէ կտրուկ հայտարարությամբ հանդես չեկավ»: Մեր խնդրանքով անդրադառնալով այս արձագանքներին՝ Անահիտ Բախշյանն ասաց. «Ես շատ տգեղ փաստ արձանագրեցի այս ամբողջ ընթացքում՝ այն է, որ մեր ընդդիմադիր գործընկերները մի պարզ շնորհավորանքի ուժ էլ չգտան իրենց մեջ: Դա բոլորովին վիրավորական չէ մեզ համար: Ուղղակի դա ինչ-որ տեղ վկայում է նրանց չափից ավելի նեղսրտության մասին: Այն աստիճանի նեղսրտություն, որ չկարողացան հաղթահարել այդ մաղձը եւ ընդամենը շնորհավորել, ասել, թե ինչ լավ է, որ ընդդիմության գոնե մի հատված անցավ Ազգային ժողով: Ինչ վերաբերում է այդ բնութագրումներին, թե հարմա՜ր էին իշխանության համար, խոհե՜մ էին եւ այլն… նայած ում համեմատ: Իհարկե, շատ խոհեմ ենք այն գործիչների համեմատությամբ, որոնք քաղաքականությունը տեսնում են միայն այնպիսի արտահայտությունների մեջ, որոնք դուր են գալիս: Անգամ ինձ էին դուր գալիս՝ հաճույքով լսում էի այդ ամենը հանրահավաքներում: Բայց ժողովուրդն իր ընտրությամբ ասաց, որ դա՛ չէ քաղաքականությունը»:

Մեր դիտարկմանը, թե «Ժառանգությունը» կարծես հայտնվել է ՀԺԿ-ի վիճակում, որին մեղադրում էին 5%-ն անցնելու համար իշխանության հետ գործարքի մեջ, իսկ հիմա էլ՝ մոռանալով, թե ինչ կատարվեց Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանին ուղղված 21 հարցերի պատճառով՝ էլի գործարքի մեջ են կասկածում՝ տիկին Բախշյանն այսպես արձագանքեց. «ՀԺԿ-ի դեպքում ճի՞շտ դուրս եկան այդ ասեկոսեները: Ճիշտ չէին, չէ՞: Մեր դեպքում էլ մտացածին, հորինված խոսակցություններ են»:

Այնուամենայնիվ, ոչ միայն ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, այլ նաեւ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը պնդեցին, թե «Ժառանգության» համար ընտրակաշառք է բաժանվել: «Ունենք տվյալներ, որ «Ժառանգության» համար Երեւանում փող են բաժանել ՀՀԿ-ի ներկայացուցիչները»,- «Առավոտին» ասել էր պրն Շահգելդյանը: Անահիտ Բախշյանն ի պատասխան մեկ այլ փաստ հիշատակեց. «Շենգավիթի ընտրատեղամասերից մեկում մեր վստահված անձը պատմեց, որ կանաչ գույնի գրիչով քվեարկել էին «Ժառանգության» օգտին: Մենք արդեն բացահայտել էինք, որ Շենգավիթում ՀՀԿ-ականները քվեարկում էին կանաչ գույնի գրիչներով: Ակնհայտ է, որ մարդիկ գումար էին վերցրել ՀՀԿ-ից եւ գնացել՝ «Ժառանգությանն» էին ընտրել: Այստեղից բոլորովին չի հետեւում, թե ՀՀԿ-ն փող է տվել, որ մեր օգտին քվեարկեն»: Մեր դիտարկմանը, թե ՕԵԿ փոխնախագահն այնուամենայնիվ այլ փաստի մասին է վկայել՝ տիկին Բախշյանն արձագանքեց. «Եթե պնդում են՝ թող ապացուցեն: Մենք կողջունենք»:

«Ժառանգության» հայտնվելն ԱԺ-ում պայմանավորում են նաեւ աշխարհաքաղաքական շահերով, դիտարկում իբրեւ ռեւերանս Արեւմուտքին եւ հատկապես՝ Քըրք Քըրքորյանին (վերջինս, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, Բոստոնից է): Նման պնդումներին Անահիտ Բախշյանը մի բնորոշում տվեց. «Ծիծաղելի աստիճանի տխմար բաներ են: Մասնավորապես, եթե ասում են Քըրքորյանի կամ Ջերալդ Գաֆեսճյանի մասին՝ մի օրինակով կարող եմ ապացուցել, թե որքան անհավանական պնդումներ են դրանք: «Արմենիա» հեռուստաընկերության տերը Գաֆեսճյանն է, եւ եթե նա իրոք մեզ պաշտպաներ՝ «Արմենիա»-ն պիտի հատուկ լուսաբաներ Րաֆֆի Հովհաննիսյանին ու «Ժառանգությանը»: Սակայն Շենգավիթի մեր հանդիպումներից մեկին հրավիրել էինք, ու «Արմենիան» չեկավ: Իսկ «TV 5»-ն էլ ցույց տվեց, թե 3 պառավ են նստած այդ հանրահավաքին: Գուցե Գաֆեսճյան կամ Քըրքորյան անհատները լավ հարաբերություններ ունեն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, բայց նրանք մեզ չեն օգնել»:

«Ժառանգությանը» նույն կոչն արվեց ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական ճամբարներից: Ընդդիմադիր թերթերից մեկում առաջարկ կար, որ եթե այս կուսակցությունն իսկապես գտնում է, թե առնվազն 250 հազար ձայն է ստացել, սակայն պահպանվել է ընդամենը 81 հազարը՝ պետք է հրաժարվեն մանդատներից եւ պահանջեն նոր ընտրություններ: Իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Կարեն Ավագյանն էլ «Ժառանգության» խոսնակի դիտարկմանը, թե ավելի լավ ընտրությունների ենք արժանի՝ հակադարձել էր. «Ստանալիքը ստանալ ու բողոքելը կոռեկտ չէ: Եթե չեք հավատում ընտրությունների արդյունքներին, հրաժարվեք մանդատներից»: Անահիտ Բախշյանը նախ պատասխանեց ընդդիմությանը. «81048 մարդիկ, որոնք փաստացի արձանագրվեցին իբրեւ «Ժառանգությանը» ձայն տվածներ՝ մեզ հետ որոշակի հույսեր են կապել, որ գոնե այս 7 հոգով ներկայացնելու ենք այն խնդիրները, որոնք հուզում են ժողովրդին, հնարավորինս պաշտպանելու ենք մարդկանց իրավունքները: Եվ այդ 81 հազար մարդկանց զրկելն իրենց ձայներից, դրանք էլ փոշիացնելը մեր կողմից կլինի ոչ քաղաքական ու սխալ քայլ: Ես հետաքրքրվել եմ՝ եթե մենք վայր դնենք մանդատները՝ արդյոք չեղյալ կհայտարարվե՞ն ընտրությունները: Պարզվեց՝ ոչ, կվերաբաշխեն մանդատները: Ուրեմն, եթե մեր 7-ի փոխարեն էլի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից մարդիկ էին ավելանալու ԱԺ-ում եւ ձեւավորվելու էր 100 տոկոսով իշխանական խորհրդարան՝ դրանից ի՞նչ օգուտ ընդդիմությանը: Եվ ի վերջո, ընդդիմությունից այն մարդիկ, որոնք այդ առաջարկներն անում են մեզ՝ իրե՛նք չեն մեզ ընտրել: Հետեւաբար՝ իրավունքը չունեն նման բան պահանջելու: Մենք տեր ենք մեր ձայներին»: Իսկ ՀՀԿ ներկայացուցչին էլ այսպես հակադարձեց. «Նրա ասածի մեջ կարծես ակնարկ կար, թե շնորհակալ եղեք, որ այդքանն էլ տվել ենք ձեզ ու ձեններդ կտրեք: Սա ուղղակի անբարոյական արտահայտություն է, այն դեպքում, երբ շատ փաստեր ունենք, որ մարդիկ քվեարկել են մեր օգտին, բայց այդ տեղամասերում այժմ գրված է 0: Սաղմոսավանում Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Ժառանգությանը» եւ գոնե 1 ձայն այնտեղ ունենք, բայց գրված է 0: Գավառի Բերդկունք գյուղում 13 հոգի ընտրել են՝ գրվել է 0: Հաստատ գիտենք՝ Գառնի գյուղում 80 հոգի ձայն են տվել, էլի գրվել է 0: Թող ՀՀԿ-ն նման բաների մասին մտածի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել