Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉԿԱ

Հուլիս 10,2007 00:00

\"\"Այսպես են հավաստում մեր երկրում գործող աշխատանքի տեղավորման գործակալությունները

Այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված է 87.870 գործազուրկ: Այս են վկայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության գործակալության տվյալները: Չնայած սրան, մեր երկրում գործող աշխատանքի տեղավորման գործակալությունները հավաստում են, որ Հայաստանում աշխատատեղի պակաս չկա, ավելին՝ գործակալության աշխատակիցների ներկայացմամբ, շատ գործատուներ համապատասխան աշխատող գտնելու համար նույնիսկ ստիպված են լինում ամիսներով սպասել: «Առավոտի» հետ զրույցում մի շարք գործակալությունների աշխատակիցներ միաբերան պնդում էին, որ մեր հանրապետությունում ինտելեկտուալ ոլորտում աշխատողների կարիք գրեթե չկա: «Տանժեռ» աշխատանքի տեղավորման գործակալությունից վստահեցրին, որ «այսօր մեծ պահանջարկ ունեն հատկապես խոհարարի, բարմենի, մատուցողուհու, աման լվացողի, վարորդի եւ բանվորի աշխատանքները: Նմանատիպ գործեր կատարելու համար դիմողների հայտերը մի քանի անգամ գերազանցում են, ասենք, համակարգչային դիզայների, տնտեսագետի, հաշվապահի կամ ծրագրավորողի մասնագիտությամբ աշխատել ցանկացողների թվին, չնայած վերջիններիս պահանջարկն այնքան էլ շատ չէ»:

«Շանս» գործակալության աշխատակցի խոսքերով էլ՝ գործատուներից շատերն իրենց դիմելիս առաջին հերթին նկարագրում են ապագա աշխատակցի արտաքին տվյալները, պահանջում են, որ լինի բարձրահասակ, բարետես եւ հետո միայն՝ մասնագիտական կարողությունները. «Արտաքին տվյալների վերաբերյալ չափորոշիչներն ավելի խիստ են կիրառվում հատկապես կազինոներում, գիշերային ակումբներում, բարերում ու ռեստորաններում աշխատել ցանկացող աղջիկների նկատմամբ: Գործատուի ճաշակով լինելու դեպքում վերոնշյալ աշխատակիցներն ավելի բարձր են վարձատրվում, քան, ասենք, գրասենյակային աշխատանք կատարող գործավարուհին կամ նույնիսկ բանկային ոլորտի աշխատակիցը»: Ըստ աշխատակցի՝ «Այսօր մատուցողուհուն, անգամ ամենասովորական սրճարաններում, վճարում են օրական 3-5 հազար դրամ, դրան գումարած թեյավճարը: Իսկ, ասենք, գործավարուհին ամսական վճարվում է ընդամենը 40-45 հազար դրամ»: Գործակալություններից մեկի տեղեկացմամբ էլ. «Աշխատատեղերն այնքան շատ են, որ երբեմն գործակալությունը 1 աշխատանք փնտրողին միանգամից 6-7 գործի առաջարկ է անում: Սակայն մեր երկրում դժվար է սահմանազատել՝ ով ինչ աշխատանք կարող է անել: Երբեմն գալիս են գործ փնտրողներ, պատմում են իրենց հարուստ ու բազմափորձ աշխատանքային կենսագրության մասին, ու երբ հարմար աշխատանք ենք առաջարկում, պարզվում է, որ իրենց ներկայացրած տվյալներից ոչ մեկին չեն համապատասխանում: Իսկ իրենց ունակություններին հարմար աշխատանքից էլ հրաժարվում են: Օրինակ, առանց մասնագիտական կրթության եւ աշխատանքային փորձի մարդիկ ուզում են միանգամից նախարարի օգնական կամ էլ գոնե հիմնարկի տնօրեն դառնալ: Բայց այդ նույն մարդիկ արտասահմանում ուրախությամբ ամենասեւ գործն են անում»:

Որոշ կադրային կենտրոններ էլ սպասարկման ոլորտում աշխատելու համար 18-24 տարեկան երիտասարդներին ընդառաջում են մեկնել եվրոպական երկրներ եւ ԱՄՆ: Նրանց ներկայացմամբ՝ «Արտասահմանում աշխատել ցանկացող երիտասարդները բազմաթիվ են: Սակայն, եթե նախորդ տարիներին արտասահմանցի գործատուները առաջարկում էին 800-1000 եվրո աշխատավարձ, նաեւ հոգում էին ճանապարհածախսը, ապա այսօր նույն աշխատանքի դիմաց նրանք վճարում են երկու անգամ պակաս՝ 400-500 եվրո, ճանապարհածախսն էլ հիմնականում վճարում է աշխատանք փնտրողը: Չնայած սրան, արտասահմանում լինելու եւ այնտեղ մնալու ակնկալիքով շատերն են նույնիսկ 1-2 ամսվա մեջ ֆրանսերեն ու գերմաներեն սովորում»: «Տիեզերք» գործակալության աշխատակցի ներկայացմամբ, արտասահմանում պահանջվում են հիմնականում դայակի, ֆերմայի, մատուցողի ու գյուղատնտեսական աշխատանքներ կատարող երիտասարդներ. «Արտասահմանյան գործատուների համար մեր աշխատուժը շատ մատչելի է, քանի որ տեղացիները նմանատիպ աշխատանք կատարելու համար պահանջում են 3000-4000 եվրո»:

Աշխատանքի տեղավորման գործակալության տնօրեններից շատերը բողոքեցին, որ իրենց կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն հաճախ չեն ստանում, քանի որ, ըստ պայմանավորվածության, աշխատողը պետք է գործակալությանը վճարի աշխատանքի ընդունվելուց հետո՝ առաջին ամսվա աշխատավարձի 40-50%-ը: Սակայն նրանց խոսքերով՝ «Գործազուրկը աշխատանք է գտնում ու անհետանում: Անբարեխիղճ են նաեւ գործատուները, որոնք գործակալությանը տեղյակ չեն պահում իրենց կողմից ուղարկված թեկնածուի՝ աշխատանքի անցնելու մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել