Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղային աղջկանից չենք տարբերում»

Հուլիս 28,2007 00:00

Երեկ բողոքեցին ֆիզիկայի քննությունը մոնիտորով հետեւող ծնողները

Մինչ այսօր ֆիզիկա առարկայից ընդունելության քննություն է հանձնել շուրջ 1200 դիմորդ: «Առաջին օրերի տվյալներով՝ այս տարվա արդյունքները նախորդի համեմատ ավելի ցածր են: Գերակշռում են 15-16 գնահատականները: Ցավոք, 20-25 տոկոս են կազմում անբավարար ստացողները: Մինչդեռ 20 միավոր դեռ չի գրանցվել, իսկ 19-ի՝ վեց կամ յոթ հոգի է արժանացել»,- տեղեկացրեց ֆիզիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Ռոման Ալավերդյանը: Պատճառներից մեկն էլ այն է, որ հանձնաժողովն այս տարի որոշել է հանկարծակիի բերել դիմորդներին եւ կրկնուսույցներին: «Չնայած խնդիրներն ընտրվել են «Դիմորդում» նշվածներից, բայց դրանք այնպիսիներն են, որոնք նախորդ տարիներին չեն ներառվել տարբերակներում»,- նշեց Ռ. Ալավերդյանը:

Ինչպես բնագիտական մյուս առարկաների դեպքում, այնպես էլ ֆիզիկայի քննության ժամանակ դիմորդները դժվարանում են խնդիրներից եւ տեսական հարցերից, ավելի հեշտ են հաղթահարում թեստային հատվածը: Հանձնաժողովականների համար հաճախ խաբուսիկ են լավ «վարժեցված» դիմորդները: «Սկզբունքորեն կրկնուսույցները դիմորդներին պատրաստում են այն հարցերի շրջանակներում, որոնք կոնկրետ քննության համար են նախատեսված: Հետեւաբար՝ դիմորդը կարող է շատ խորը գիտելիքների չտիրապետել, բայց բարձր միավորներ ստանալ»,- նկատեց Ռ. Ալավերդյանը:

Ֆիզիկա առարկայից բողոքարկման ժամանակ դեռ գնահատական չի իջեցվել: Օրական 6-7 բողոքարկողից 1-2-ի գնահատականը փոփոխություն է կրում: «Հաճախ բողոքարկման պատճառ է դառնում դիմորդի՝ միավորները գումարելու կարգը չիմանալը: Օրինակ՝ թեստային հարցաշարում յուրաքանչյուր հարց առանձին է գնահատվում, հետո հաշվվում ընդհանուր գումարը: Հաճախ դիմորդները կրկնակի են գումարում այդ միավորները: Դեպքեր էլ են լինում, երբ հանձնաժողովը խիստ է գնահատած լինում, դրա համար էլ որոշում ենք 0,25 կամ 0,5 միավորով գնահատականը բարձրացնել»,- հայտնեց Ռ. Ալավերդյանը:

Քիչ չեն դեպքերը, երբ դիմորդը սխալ է թույլ տալիս ֆիզիկայի դասագրքում տեղ գտած թերության պատճառով: «Սխալի համար մենք գնահատականն իջեցնում ենք, սակայն դիմորդը դասագիրքը ձեռքին գալիս է բողոքարկման եւ ապացուցում, որ ինքը գրքի վրա հիմնվելով է այդպես գրել: Նման դեպքերում՝ մատնանշելով դասագրքից եկած սխալը, դիմորդի միավորը բարձրացնում ենք»,- վստահեցրեց հանձնաժողովի նախագահը: Նրա փոխանցմամբ՝ դեռ որեւէ դիմորդի չեն հեռացրել քննասենյակից, ոչ էլ ծածկագիր են հայտնաբերել: Պարզապես նկատել են, որ երեխաներից մեկը թղթի վրա գրված ինչ-որ առաջադրանքի լուծում է փոխանցել մյուսին: Թուղթը ձեռքներից վերցրել եւ երկուսին էլ դիտողություն են արել: «Առավոտի» հարցին՝ ճնշումներ եղե՞լ են հանձնաժողովականների վրա, նախագահ Ռ. Ալավերդյանը պատասխանեց. «Անդամների վրա ճնշում գործադրողը հանձնաժողովի նախագահը պիտի լիներ: Իսկ եթե այդպիսի բան արած լինեի, բնականաբար, չէի ասի»,- կես-կատակ-կես լուրջ ասաց Ռ. Ալավերդյանը:

Երեկ ԵՊՀ-ի բակում ծնողները փորձում էին մոնիտորի վրա իրենց երեխային գտնել: «Այնքան ֆոկուսից ընկած է ցույց տալիս, որ աղջկան տղայից չենք տարբերում»,- դժգոհեց Գագիկ Մկրտչյանը եւ ավելացրեց, թե, ի տարբերություն ֆիզիկայի քննությունը պատկերող մինիտորի, գերմաներենինը այնքան լավն է, որ նույնիսկ կարելի է տեսնել, թե երեխան ինչ է գրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել