Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՆԻՐԸ, ՀԱՑՆ ՈՒ ԳՈՃԻՆ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

Օգոստոս 18,2007 00:00

\"\"Սննդի անվտանգության եւ անասնաբուժական, Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունները մայրաքաղաքում մեկ-երկու շրջայց կազմակերպելով՝ իրենց առաքելությունը կատարված են համարում:

Վերջերս կառավարությունը սկսել է ուշադրություն դարձնել սննդի վաճառքին ու դրա անվտանգությանը: Գյուղնախարարության Սննդի անվտանգության եւ անասնաբուժության տեսչությունը մայրաքաղաքի շուկաներում շրջայցեր է կազմակերպում ու նկատողոթյուն տալիս խախտումներով վաճառք իրականացնող բոլոր առեւտրականներին: Սակայն տարվա ընթացքում 1-2 անգամ կատարվող նման շրջայցերով չի կարելի ասել, թե Հայաստանում սննդի վաճառքը լրիվ վերահսկելի է, որովհետեւ, եթե անգամ տեսչությանը հաջողվի մայրաքաղաքում վերահսկողությունը խստացնել, մարզերում վիճակը տարիներ ի վեր չի փոխվում: Եվ Սննդի անվտանգության, եւ Հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչությունները, օրինակ, Գեղարքունիքի մարզում իրենց գոյության մասին զգացնել չեն տալիս: Մարզի Վարդենիս քաղաքի հրապարակի հարեւանությամբ գտնվող ջրավազաններում, որտեղ հակահիգիենիկ վիճակ է տիրում, ոչ ոք չի արգելում գյուղացի երեխաներին ամռան այս տապին լողալ: Ողջ կեսօրին այդ ջրավազանները լի են լողացող երեխաներով, իսկ ջրավազանների ջուրը ցեխաջրից քիչ է տարբերվում ու փոխվում է մի քանի օրը մեկ:

Ինչ վերաբերում է Վարդենիսում սննդի վաճառքի անվտանգությանն ու դրա վերահսկողությանը, բավական է միայն մեկ անգամ այցելել քաղաքի բացօթյա տոնավաճառ ու պարզ կլինի, թե վաճառքի ինչպիսի տարրական պայմաններ այնտեղ ապահովված չեն: Նախ, ամեն հինգշաբթի քաղաքում տոնավաճառի օր է, նույն տոնավաճառում վաճառում են ե՛ւ հագուստ, ե՛ւ կոշկեղեն, ե՛ւ ընտանի կենդանիներ, ե՛ւ հաց, պանիր, վանդակներով ճագարներ… եւ այդ ամենը՝ կողք կողքի: Երբ շրջում էինք այդ շուկայով ու զրուցում վաճառականների հետ՝ փորձելով տեղյակ պահել, որ ճիշտ չէ բաց պանիրը դնել վանդակով վաճառքի հանված խոզի գոճիների կողքին՝ առեւտրականները խիստ զարմանում էին, որովհետեւ գյուղնախարարության համապատասխան տեսչության աշխատակիցներն իրենց գործունեության ընթացքում ոչ մի անգամ չեն եղել այդ շուկայում ու ոչ մի վաճառականի չեն բացատրել Հայաստանում սննդի վաճառքի անվտանգության կանոններն ու կառավարության հաստատած կարգը: «Առավոտի» հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետ Վարդան Բարսեղյանը չհերքեց, որ, իսկապես, իրենց շուկայում խիստ հակահիգիենիկ վիճակ է: Ըստ նրա՝ «Քաղաքապետարանը չունի այն լծակները, որ քաղաքացիներին տույժերի ենթարկի: Ընդհանրապես, որոշել ենք քաղաքի կենտրոնից շուկան վերացնել եւ տեղափոխել քաղաքի ծայրամաս, որտեղ կլինեն համապատասխան տաղավարներ»: Սակայն նկատենք, որ շուկան տեղափոխելով՝ վարակի աղբյուրն ու հակասանիտարական վիճակը, ըստ էության. չի փոխվի:

Բացի տոնավաճառից ու կեղտաջրով լի ջրավազանից, քաղաքի ամեն անկյունում մի մեծ աղբակույտ էր հավաքված: Անգամ քաղաքի ամենակենտրոնական հատվածում՝ հրապարակի հարեւանությամբ կառուցված այգին, որը տեղի երիտասարդների համար միակ զբոսատեղին է, վերածվել էր աղբանոցի: Չնայած դրան՝ քաղաքապետը համոզում էր, որ աղբահանությունն իրենց քաղաքում շատ լավ է կատարվում. «Ամեն օր մաքրում ենք՝ բացի կիրակի օրերից, պարզապես մեր քաղաքացիները աղբամաններին դեռ չեն ընտելացել, բացի այդ, աղբահանության մեքենաների վրա աշխատող բանվորների պակաս ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել