Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԺԱՐԳՈՆ՝ ՉՀԱՇՎԱԾ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԸ

Հոկտեմբեր 23,2007 00:00

«Երկու ընկեր՝ չհաշված կյանքը» ներկայացումը նոր խոսք է՝ գռեհկության եւ ռաբիսության առումով

Կիրակի օրը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ «Երկու ընկեր՝ չհաշված կյանքը» ներկայացման կամ, ինչպես հեղինակներն են անվանել՝ anti-ներկայացման, պրեմիերան: Պիեսը գրել է Վահրամ Սահակյանը, բեմադրության հեղինակն է Արթուր Սահակյանը, պրոդյուսերը՝ Նունե Եսայանը: Գլխավոր դերերը կատարեցին նրա ամուսին՝ Ավո Խալաթյանն ու Նարեկ Ղափլանյանը:

Ն. Եսայանի պրոդյուսերությամբ ներկայացումը դիտելու էին եկել պետական եւ քաղաքական դաշտի տարբեր «տրամաչափի» գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ՝ ամուսիններով ու կանանցով: Պարզվեց՝ թատերասեր են նաեւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ու Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը: Մինչ ներկայացման սկսվելը, ռեժիսորն ու երգիչ-պրոդյուսեր Ն. Եսայանը ներողություն խնդրեցին հանդիսատեսից՝ հնչելիք ոչ «թատերական» լեզվի համար, հետո էլ կատակով հավելեցին, թե կարեւորը՝ վերջում ֆուրշեթ է սպասվում: Այնուհետեւ սկսեց անխնա հորդալ փողոցային ժարգոնը:

«Երկու ընկերը» երկու տղաների մասին է, որոնց ծնողները բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ բարձր պաշտոններ են զբաղեցնում, ավելին՝ քրեա-օլիգարխիկ տարրեր են: Ներկայացման գլխավոր հերոսներ Ա. Խալաթյանը եւ Ն. Ղափլանյանը հենց սկզբից ամենակոպիտ խոսակցականով պատմում են, որ շուտով դիտելու ենք մի «անասուն» ներկայացում՝ «անկապ տղեքի» մասին: Ու Պարոնյան թատրոնի բեմը վերածվում է նրանց «կայֆերի» բեմադրավայրի: Յուրաքանչյուր երկրորդ բառը՝ «ախպեր» էր, երրորդը՝ «մորս արեւ» կամ «հորս արեւ» արտահայտությունները, մնացածը փողոցային ամենաանմակարդակ լեզուն էր: Ձանձրալի, ձգձգված, ոչինչ չասող տեսարաններ, սադիզմ, էժան «կայֆարիկություն»… իրենց խոսքով՝ «հազարամյակի մարտահրավեր ախպերները» կարող են իրենց թույլ տալ մարմնավաճառի հետ մտնել եկեղեցի, անարգել հոգեւորականին՝ «ուստա, դու ստեղի աֆիցանտն ե՞ս» եւ նման այլ արտահայտություններով, հետո էլ հենց եկեղեցում՝ նրան «քցել քացու տակ»: Նույն վայրում, այդ մարդուկները խոհափիլիսոփայական եւ հոգեւոր թեմաներով «խորհրդածություններ» էլ են անում, որ, օրինակ, «Պետրոսը (առաքյալը) Հիսուս Քրիստոսի ախրանի պետն ա» կամ աստվածավախություն են խաղում, որովհետեւ «իրանց պապան հայաթում էլ եկեղեցի ունի»:

Հանդիսատեսին հրամցվեցին նաեւ տեսարաններ «անասուն երիտասարդների» (բնորոշումը՝ հեղինակներինն է)՝ մարմնավաճառի հետ vip-համարում անցկացրած պահերից: Եթե «հավես չունեն», նրանք առանց մտածելու ու առանց պատճառի կարող են ջարդուփշուր անել իրենց «սպասարկող» կանանց ոսկորները… Այ, այսպիսի «ժամանակակից» մոտեցումներ՝ «Երկու ընկերում»…

Ներկայացումը լիքն է հնացած, անհամ անեկդոտներով, օրինակ՝ մեկը, երբ տղաները, իրենց խոսքով, «զետեղվում»՝ տեղավորվում են հյուրանոցի vip-համարում, եւ աշխատակիցը հայտնում է, որ դա Չարենցի սենյակն է եղել, տղերքը «խրխնջում» են՝ «երեւի չի կարացե մի բան անի, դրա համար անունը Չարենց ա մնացե»:

Ներկայացման հեղինակների եւ հերոսների նպատակը իրականում վատը, մերժելին, հասարակության որոշ շերտերի հոռի բարքերը քննադատելն էր, բայց մի՞թե գռեհկաբանություններ ներկայացնելով են դա անում: Արդյո՞ք փոքրաթիվ «ախպեր-տղեքն» են հայ երիտասարդության դեմքը, որ հենց նրանք են հայտնվել պիեսի առանցքում: Եվ Աստված չանի, որ մյուսների նման այս անորակ ներկայացումն էլ հանկարծ ցուցադրվի TV-ներով, առանց այն էլ կուշտ ենք էժան հումոր ու ժարգոն պարտադրող «32 ատամներից», «օտար խաղերից» ու հեռուստատեսային նմանօրինակ «մարզանքներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել