Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԻՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՉԱՓԱԶԱՆՑ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ

Նոյեմբեր 21,2007 00:00

\"\"Ոսկերիչները հավաստիացնում են, որ շուկայում էժան ոսկի վաճառողներն իրականում վաճառում են ոսկեջրած պղինձ:

Ոսկու եւ ադամանդի գինը Հայաստանում բարձրանում է ոչ թե օր օրի, այլ նույնիսկ ժամ առ ժամ: Միայն նախորդ ամսվա ընթացքում ոսկին եւ թանկարժեք քարերը թանկացան մոտ 12%-ով: Դա, ըստ մասնագետների, ոսկու շուկայում աննախադեպ թանկացում է: Ոսկերիչներն ու ոսկու բիզնեսով զբաղվողները մեր երկրում թանկացումները պայմանավորում են միջազգային շուկայում այս տարվա գնաճով: Ոսկերիչներից մեկի խոսքերով՝ «Երկու օր առաջ 999 հարգի (պրոբա) 1 գրամ ոսկին արժեր $25-26, բայց այսօր արդեն գրամը թանկացել է մոտ $2-ով: Վերջին 10 տարիների ընթացքում ոսկու եւ ադամանդի քարերի գների նման աճ չի եղել: Ադամանդյա քարերի գինը բարձրացել է մոտ 30%-ով»:

Նկատենք, որ համաշխարհային շուկայի գները, բնականաբար, տեղական ոսկու վրա չպետք է տարածվեին, մինչդեռ շուկայում համատարած թանկացումներ են: Ըստ ոսկերիչների, պատճառն այն է, որ ներկայումս հայաստանյան ոսկու շուկան ողողված է միայն թուրքական եւ իտալական ոսկիով, իսկ տեղական ոսկին միայն արտահանվում է եւ ներքին շուկայում չի իրացվում:

Վերջին թանկացումների հետ կապված մենք զրուցեցինք ոսկու շուկաների վաճառականների հետ: Վերջիններս հավաստիացնում էին, որ ոսկու գների բարձրացումն իրենց ձեռնտու չէ, քանի որ իրենք գնորդ են կորցնում: Չնայած թանկացել է միջազգային շուկայից ներկրված ոսկու նոր խմբաքանակը, առեւտրականները, միեւնույն է, հին ու նորը խառնել են իրար ու բոլորը վաճառում են նույն՝ բարձր գնով: Նրանք պնդում էին, թե շուկայում այլեւս «հին» արտադրանք չկա, ու նախքան թանկացումները՝ ոսկյա ու ադամանդյա բոլոր զարդերն արդեն վաճառել են, այդ պատճառով էլ հիմա բոլորը իրացվում են նոր ու թանկ գներով:

Ընդհանրապես, մեր երկրում ոսկու բիզնեսը լի է խաբեություններով ու ապօրինություններով: Եթե նույնիսկ վաճառականները ոսկու գրամի արժեքը չթանկացնեն էլ, միեւնույն է՝ վաճառքից գերշահույթներ են ստանում, որովհետեւ այսօր շուկայում մաքուր ոսկի գտնել գրեթե հնարավոր չէ: Ոսկու անվան տակ հիմնականում ոսկեջրած այլ մետաղներ են վաճառվում: Ոսկերիչներն իրենք էլ խոստովանում են, թե որքան հեշտ է խաբել շարքային գնորդին ու նրան ադամանդե քարերով ոսկե մատանու փոխարեն վաճառել ցերկոնե քարերով պղինձ: Օրինակ, ոսկերիչներից մեկը, որը երդվում էր, որ ինքը շատ ազնիվ ու մաքուր է աշխատում, պատմեց, թե իր մյուս կոլեգաներն ինչ կեղտոտ մեթոդների են դիմում՝ գերշահույթներ ստանալու համար. «Երբ 999 հարգի ոսկուն արծաթ ու մի քիչ էլ պղինձ են խառնում, որ 585 պրոբի ոսկի ստանան, դա լրիվ ընդունելի ու սովորական է, բայց շատ ոսկերիչներ էլ կան, որ ուզում են միանգամից հարստանալ ու մաքուր ոսկու հետ էնքան պղինձ ու նիկել են խառնում, որ իրենց սարքած զարդի վրա ոսկու մի ստից հետք կամ կգտնես, կամ չէ: Դրա համար էլ եթե նույնիսկ շուկայում հանդիպեք շատ էժան ոսկեղեն, հստակ իմացեք, որ ոսկի չեք գնում: Մի քիչ «օպտնի» ոսկերիչը ոսկու անվան տակ գնորդի վրա ինչ ասես կարա սաղացնի: Օրինակ, ընդունված ու ամենատարածված մեթոդներից է ոսկեջրած պղինձը ոսկու անվան տակ վաճառելը: Մոտենում ես ու հարցնում, թե, ասենք, մատանին ինչ արժե, ասում են՝ 20 հազար դրամ՝ 18 հազարով կամ նույնիսկ 15 հազարով կտամ: Մաքուր ոսկին հաստատ գին ունի, էդ գինը ֆիքսված է, ու ոչ բարձրանում է, ոչ իջնում»:

Ադամանդի մշակմամբ ու վաճառքով զբաղվողներն էլ մեզ տեղեկացրին, որ շուկայում իսկական մաքուր գունավոր ադամանդ գրեթե հնարավոր չէ գտնել: Նրանց խոսքերով՝ «Հատուկ հաճախորդներ ունենք, որոնք իսկական մաքուր ադամանդից զարդ են պատվիրում, բայց երկու ամսվա ընթացքում հազիվ նրանց ուզածը ճարում ենք, որովհետեւ հասկանում ենք՝ որն է մաքուր, որը՝ ոչ: Մինչդեռ հիմա շուկայի որ սեղանիկին մոտենաք՝ ձեզ հազարավոր ադամանդներ ցույց կտան»: Ադամանդագործները նաեւ տեղեկացրին, որ կախված գույնից եւ մաքրության աստիճանից, այսօրվա գներով 0.37 սոտկա ադամանդն արժե $3-32: Չնայած վաճառականները պնդելով, որ զարդի վրա 3-4 ադամանդե քար կա՝ բարձր գներով վաճառում են այն, սակայն իրականում, որպես կանոն, ադամանդի փոխարեն տեղադրված է լինում շատ լավ հղկված, փայլուն ցերկոնի քար: Սա այն դեպքում, երբ 1.5 միլիմետր տրամագծով ցերկոնն արժե ընդամենը 20-40 դրամ, իսկ ադամանդը՝ նվազագույնը 12-15 հազար դրամ՝ կապված մաքրությունից:

Չնայած այս «մախինացիաներին», ոսկու շուկայի աշխատակիցները մի բան էլ դժգոհում էին, որ իրենց գործը «քնած» է, օրերով, անգամ ամիսներով հաճախորդ չեն ունենում ու հաճախ նույնիսկ տեղի վարձը չեն կարողանում տալ: Ոսկերիչներն ասում էին, որ այս տեսակետից ավելի շահեկան վիճակում են արծաթագործները, որոնք 1 գրամ արծաթը գնում են 150-200 դրամով, բայց որպես զարդ այն վաճառում են գրամը 1000-2000 դրամով, իսկ իրենք մեկ պատրաստի զարդի մեջ անգամ այդքան եկամուտ չեն ունենում:

Ի դեպ, հաշվի առնելով, որ ամեն տարի Ամանորին եւ Տյառնընդառաջին ոսկեղենի ու թանկարժեք քարերի գները կտրուկ բարձրանում են, այս տարի մասնագետները կանխատեսում են, որ այդ ժամանակահատվածում ոսկին առանձնահատուկ ճոխություն է լինելու եւ թանկանալու է մի քանի անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել