Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»

Դեկտեմբեր 01,2007 00:00

\"\"Ասում է «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը

– Արդյոք Ժիրայր Սեֆիլյանի՝ մեր թերթում հրապարակած բաց նամակը նախկին ԱԳ նախարար Ա. Արզումանյանին նախապես համաձայնեցվա՞ծ է եղել ձեր կազմակերպության այլ անդամների հետ, թե՞ դա նրա անձնական դիրքորոշումն է: Բացի այդ, կասկածներ կան, որ ձեռագիրը իրենը չէ:

– Անկասկած է, որ բաց նամակի հեղինակը Ժիրայր Սեֆիլյանն է: Հավանաբար կասկածների տեղիք են տվել հետեւյալ երկու հանգամանքները. մեկը, որ Սեֆիլյանը բավական արագ է արձագանքել Ալ. Արզումանյանի՝ իրեն ուղղված նամակին, մյուսը՝ որ այդ նամակը գրված է եղել Վարդան Մալխասյանի ձեռագրով, որը Ժիրայրի հետ գտնվում է նույն քրեակատարողական հիմնարկում:

– Հայտնի է ձեր դիրքորոշումը Արցախի հարցում. դուք քննադատել եք թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին: Նորմա՞լ եք համարում, որ Ժիրայրը այսօր կանգնում է նրանցից մեկի կողքին:

– Անկասկած է, որ Ժ. Սեֆիլյանը եւ նրա թիմակիցները գաղափարական առումով մնալու են արմատական ընդդիմադիրներ թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ այլոց հնարավոր հաղթանակի պարագայում, որովհետեւ մենք ազգային պետության ուրիշ՝ եվրոստանդարտից շատ տարբերվող մոդել ենք պատկերացնում, այլ՝ արտաքին, ներքին, մշակութային եւ տնտեսական քաղաքական կողմնորոշիչներով: Սակայն քանի որ ընտրությունն այսօր տեղի է ունենում բոլորովին էլ ոչ գաղափարական հարթությունում, իսկ ավելի ստույգ փորձ է արվում ազատվել, Ժիրայրի խոսքերով ասած՝ «հանցավոր ռեժիմից», ուստի՝ պետք չէ զարմանալ, որ այսօր նա ողջունում է «ավազակապետության» դեմ պայքարը եւ այդ ուղղությամբ նախորդ տարիների համեմատ ավելի մեծ հույս ներշնչող զարգացումները: Այն, ինչ չհաջողվեց նախկինում, կարող է տեղի ունենալ այսօր: Կարծում եմ, Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումը եւ հավանական հաղթանակը հնարավոր չէր լինի, եթե վարչախումբը ինքը չկազմալուծեր եւ լուսանցքային չդարձներ ընդդիմությանը: Այսօր այլեւս մեծ ջանքեր չեն պահանջվում ընդդիմադիրներին համախմբելու համար, որովհետեւ տեւական պարտություններից հետո էապես նվազել է գործիչների հավակնոտությունը: Առաջին նախագահի ֆիգուրը կարող է հույս արթնացնել ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի մոտ, եւ պետք է ասել, որ Լ. Տեր-Պետրոսյանը դա անում է մեծ վարպետությամբ:

– Բայց հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը եղել եւ այսօր էլ մնում է ԼՂ հիմնախնդրի լուծման «փուլային» տարբերակի կողմնակից, եւ հասկանալի է, որ նախագահ ընտրվելուց հետո նա իրականացնելու է հենց այդ քաղաքականությունը:

– Ոչ մեկին այսօր չի հաջողվի տարածքային զիջումներ կատարել բանակցությունների ընթացքում՝ ո՛չ «փուլային», ո՛չ «փաթեթային»: Նման բան հնարավոր է միայն պատերազմական պարտության դեպքում: Մենք պայքարում ենք պարտվողական բոլոր կարգի դրսեւորումների դեմ, որովհետեւ դրանք մեծացնում են նման պատերազմի հավանականությունը:

Պարտվողականության առումով Սերժ Սարգսյանը ոչնչով չի զիջում իր հիմնական հակառակորդին: Եթե այս հարցում նրանց մեջ պետք է ինչ-որ համեմատություններ անել, ապա նկատենք, որ Տեր-Պետրոսյանը 1997-ին զիջումների մասին բաց խոսակցություն ծավալեց եւ դրա արդյունքում հեռացավ պաշտոնից: Ենթադրում եմ, որ բանավեճը սկսելիս նա չէր բացառում նման ելքը: Վերադառնալով՝ Տեր-Պետրոսյանը նախեւառաջ հայտարարեց, որ այսօր ինքը Արցախի հարցի լուծում չունի՝ ավելացնելով, որ հնարավոր չէ որեւէ լուծում՝ առանց արցախցիների: Ժանրի կանոններին համաձայն, նա այսօր ավելի չէր կարող նահանջել իր 1997-ի դիրքորոշումից: Իսկ ահա Ս. Սարգսյանը երբեք բաց խոսակցության կողմնակից չի եղել: Իսկ նրա հրաժարականի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է: Նա միշտ կեղծ-հերոսական կեցվածք է ընդունել ամենախայտառակ տարածքային զիջումների մասին խոսելիս: Համեմատությունները կարելի է շարունակել, եւ դրանք մեծամասամբ Ս. Սարգսյանի օգտին չեն լինի: Սակայն չեմ ցանկանում միջամտել նախընտրական պայքարին՝ ո՛չ հօգուտ ինչ-որ մեկի, ո՛չ էլ ինչ-որ մեկի դեմ:

– Բայց Ժիրայրը միջամտում է: Արդյոք բոլո՞րն են ձեր կազմակերպությունում նրա հետ համամիտ:

– Այն, որ ես չեմ ուզում միջամտել ընտրարշավին՝ չի նշանակում, որ ես դեմ եմ, որ դա անի Ժիրայրը: Այս հարցում մեր համակիրների կարծիքները նույնպես կարող են տարբեր լինել: Ոմանք կարեւորում են օրինականության, քաղաքական դաշտի եւ քաղաքական երկխոսության վերականգնումը եւ այդ հեռանկարը մասամբ տեսնում են Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում: Մյուսները, մեր ժողովրդի մի ստվար հատվածի նման, հիմնավոր զգուշավորությամբ են վերաբերվում առաջին նախագահի վերադարձի հնարավորությանը: Կան այնպիսինները, որ չեն ուզում չարիքի փոքրագույն ընտրել եւ երրորդ տարբերակ գտնելու անհույս փորձեր են անում: Անձամբ ինձ, եւ ոչ միայն ինձ, ավելի շատ հետաքրքրում է, թե մենք ինչպես ենք գործելու փետրվարի 19-ից հետո, երբ նախագահ դառնա այս կամ այն թեկնածուն: Դեռ վաղ է՝ վերջնական կանխատեսումներ անելու համար, բայց առաջին նախագահը շատ ինքնավստահ է գործում, եւ նկատելի է, որ որոշ խուճապ է առաջացրել հակառակ ճամբարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել