Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՆՈՑԱՎՈՐ «ԱԽՐԱՆԱ» ԵՎ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ

Դեկտեմբեր 12,2007 00:00

\"\"Գրիգորյանական «Դավիթ-Բեկի» «առանձնահատկությունները»

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը իր պաշտոնավարության 8-րդ տարում, Ա. Տիգրանյանի «Անուշ», Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերաների՝ իր բեմադրությունից հետո, դեկտեմբերի 10-ին ներկայացրեց Ա. Տիգրանյանի «Դավիթ-Բեկը»:

Յուրաքանչյուր բեմադրիչ ցանկանում է դիմել նորարարության, փշրել ավանդույթները, նյութը մատուցել ժամանակակից արվեստի չափանիշներով: Բայց եթե նորարարությունն ու նորամուծությունը խաթարում են բանականության եւ տրամաբանության գեղարվեստական համոզչականության սահմանները, ապա ռեժիսորական աշխատանքի արգասիքը լինում է այն «գեղարվեստական սուրոգատը», ինչպիսին պարոն Գրիգորյանի «Դավիթ- Բեկն» էր: Եթե ժամանակին բանավեճի թեմա էր դարձել ռեժիսորի բեմադրած «Անուշը», որտեղ, օրինակ, Սարոն ու Մոսին, չգիտես ինչու, կոխ են բռնում հենց սեղանի վրա, նահապետական գյուղակի տնակում թշթշում է ռուսական սամովարը եւ այլն, կամ «Արշակ Երկրորդի» դեպքում՝ իսպառ բացակայում են պարային համարները, ապա «Դավիթ-Բեկ» օպերայում բեմում պարող «կիսամոդեռն» (ոսկեգույն կարճ ֆրակներով) կուրտիզանուհիներն ու կինտոյավարի հագնված տղաները ոչ միայն կապ չունեն նորարարության, այլեւ ճաշակի հետ. գռեհիկ, ժամանակի ընկալումից դուրս պրծած այս խառնամբոխը, մեծագույն ցանկության դեպքում անգամ, չի կարող արքունիք կոչվել (բեմադրության եւ զգեստների նկարիչն է Գ. Սահակյանը): Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Գեղամ Գրիգորյանի «Դավիթ-Բեկի» միայն պալատականներն էին՝ պալատականին վայել հագնված:

Հիշեցնենք, որ օպերայի գործողությունները կատարվում են 18-րդ դարում, պատմական Հայաստանի Սյունիք եւ Արցախ գավառներում: Հայ ժողովուրդն ազատագրական պատերազմ է մղում օտար զավթիչների դեմ, ապստամբների գնդերին միավորվում են հայ իշխաններ Շահումյանը, Բայանդուրը եւ այլք՝ ղեկավարելով պայքարը: Միայն Մելիք Ֆրանգյուլն է դավաճանում- անցնում խանի կողմը: Նա գերում է իշխան Շահումյանին ու հայ աղջիկներին՝ թշնամուն հանձնելու նպատակով, իսկ խանի համար պատրաստում նվեր սեփական դստերը՝ Շուշանին, որը իշխան Շահումյանի հարսնացուն էր: Գրիգորյանական բեմադրությունում հայ մարտիկները ներկայացված էին… ժամանակակից զինվորական կամուֆլյաժներով: Ներկայացման ողջ ընթացքում, ինչպես կենտրոնական բեմում, այնպես էլ աջ եւ ձախ հարթակներում ծածանվում էր հայոց եռագույնը: Հիշեցնենք, որ եռագույնը ընդունվել է միայն 1918 թվականին, Առաջին հանրապետության օրոք, իսկ Դավիթ-Բեկի պարագայում գործ ունենք 1800-ականների հետ: Ընդ որում, այնքան էլ պարզ չէր, թե ինչու այդպես էլ համարյա չօգտագործվեցին ձախ եւ աջ հարթակները: Ոչ մի կերպ չընկալվեց նաեւ բեմում երեւացող սեւ ակնոցներով «ախրանան»: Թերեւս միայն սափրագլուխներն էին պակասում: Ի դեպ, միակ օվացիան հնչեց միայն այն ժամանակ, երբ օպերայի ավարտին բեմի հետնամասում երեւաց հսկա եռագույնը:

Պրեմիերային ներկա էր ընդամենը 2 երաժշտագետ՝ պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը եւ Նելլի Ավետիսյանը: Միայն վերջինս, այն էլ շատ ժլատ, արտահայտվեց «Դավիթ-Բեկի» մասին. «Բեմադրության ռեժիսորը շեշտը դրել էր միայն պատմական իրադարձությունների հին ու նոր զուգակցման եւ միաձուլվածքի վրա, իսկ դա երբեմն զվարճալի էր: Սա է պատճառը, որ միաժամանակ հանդիպեցինք 18-րդ դարի պատմական հերոսներին եւ 20-րդ դարավերջի մեր հայ ազատամարտիկներին… Ինձ գոհացրեց նվագախումբը (դիրիժոր՝ Կ. Դուրգարյան), երգչախումբը (խմբավար՝ Կ. Սարգսյան) եւ Դավիթ-Բեկը (երգիչ՝ Գեւորգ Հակոբյան)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել