Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ

Դեկտեմբեր 22,2007 00:00

Այստեղ ամենահինը հայկական եկեղեցին է, ամենաթանկը՝ հայկական հյուրանոցը

\"\"Սինգապուրի ամենահին՝ «Ռաֆֆըլս» հյուրանոցը համարվում է երկրի այցեքարտերից մեկը:

\"\"Այս հայկական եկեղեցին 1973թ-ից հայտարարված է Սինգապուրի ազգային հուշարձան:

\"\"«Սինգապուրա» նշանակում է առյուծի քաղաք: Քաղաքի խորհրդանիշը համարվող այս քանդակն ունի 12 հարկանի շենքի բարձրություն:

Վերջերս Սինգապուրում կայացել է ճարտարապետական սիմպոզիում, որտեղ Հայաստանը ներկայացրել են ճարտարապետներ Նարեկ Սարգսյանն ու Գագիկ Հարությունյանը:

«Բրիտանական մի կազմակերպություն սոցերկրների ճարտարապետների համար պարբերաբար կազմակերպում է շաբաթ, որի ընթացքում ներկայացվում են աշխարհի խոշոր նախագծային եւ շինարարական կոմպանիաները, այցելում ենք շինհրապարակներ, նախագծային ինստիտուտներ… Նմանօրինակ ակցիաները շատ օգտակար են աշխարհի ճարտարապետության զարկերակը զգալու, համաշխարհային քաղաքակրթության մեջ քո տեղն ու դերը գիտակցելու համար»,- «Առավոտին» հայտնեց Նարեկ Սարգսյանը:

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ էր ճարտարապետների հավաքի վայր ընտրվել Սինգապուրը: «Ճարտարապետական շաբաթներն անցկացվում են աշխարհի ամենալուրջ քաղաքաշինական կենտրոններում, իսկ Սինգապուրը համարվում է թիվ մեկ երկիրը՝ մի շարք պարամետրերով: Սինգապուրում չկա գործազրկություն, այստեղ ապրում են աշխարհի ամենահարուստները, ամենահարուստ միջին շերտը, ամենաբարձր աշխատավարձ ստացող նախագահը: Այստեղ բացառվում է կաշառակերությունը, որովհետեւ ժամանակին մի քանի նախարարի ուղղակի գնդակահարել են: Սինգապուրում են գտնվում աշխարհի ամենախոշոր շատրվանը, նավահանգիստն ու օդանավակայանները, այս երկիրը բնության եւ ճարտարապետության ներդաշնակության լավագույն միջավայրն է: Փողոցում, օրինակ, սիգարետ կամ ծամոն գցելը պատժվում է մի քանի տասնյակ հազարավոր դոլարներով… Սինգապուրը չափազանց հետաքրքիր երկիր է նաեւ նրանով, որ ոչ մի ռեսուրս՝ անգամ ավազ չունի, բայց աշխարհի ամենահետաքրքիր ու ամենաբարձրորակ շինարարությունը հենց այստեղ է իրականացվում»,- նշեց պրն Սարգսյանը:

Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ Սինգապուրի ամենահին կառույցը հայկական եկեղեցին է, որ կառուցվել է 1835թ. «1819թ, երբ ծագումով իռլանդացի զինվորական Ռաֆֆըլսը մտել է այդ տարածք, սկսել է նախ նավահանգիստ կառուցել: Սինգապուրի առաջին բնակիչների մեջ Նոր Ջուղայից գաղթած հայեր են եղել՝ Սարգսյան ազգանունով: Նրանք էլ կառուցել են առաջին հայկական եկեղեցին, հայկական հյուրանոցն ու ռեստորանը: Ի դեպ, հյուրանոցի մասով ասեմ, վերջերս ամերիկյան մի կոմպանիա ուզում էր գնել այն 130 մլրդ դոլարով, սակայն պետությունը թույլ չտվեց՝ պատճառաբանելով, որ իրենց պետության համար դա մեծ արժեք է: Ռաֆֆըլսի անունը կրող հյուրանոցում հայկական շունչը կա: Այն նախագծել է մեկ ուրիշ իռլանդացի՝ Գեւորգ Քոլեմանը, որը Ռաֆֆըլսի մտերիմն էր: Չմոռանանք, որ հայերս կելտերի հետ շատ ընդհանրություններ ունենք»:

Ն. Սարգսյանը շատ է հուզվել՝ այցելելով հայկական եկեղեցի, որը գտնվում է Սինգապուրի կենտրոնում՝ Հայկական փողոցում: Նա նաեւ նշեց, որ Սինգապուրի կայացմանը նպաստած Սարգսյան տոհմի ներկայացուցիչների տապանաքարերը, որոնց վրա հայերեն արձանագրություններ կան, դեռեւս պահպանվում են. «Սարգսյանները հերոսներ էլ են տվել ճապոնական օկուպացիայի դեմ պայքարի տարիներին: Նրանցից ոմանք խոշոր դեմքեր են եղել նաեւ բանկային եւ զինվորական ոլորտներում»:

Պրն Սարգսյանը պատմեց, որ ներկայումս 4,5 մլն մարդ է ապրում Սինգապուրում, իշխանությունները նախատեսում են եւս 1,5 մլն՝ տարբեր ոլորտների որակյալ մասնագետների հրավիրել. «Նրանք զարգացնում են իրենց քաղաքը օվկիանոսի հաշվին: 15 տարի շարունակ շինարարական կռունկները հող լցնելով ու սեղմելով՝ օվկիանոսը զավթել են, վրան քաղաքը կառուցել, ինչպես դա ժամանակին արել են Վենետիկի Մխիթարյանները՝ Սբ. Ղազար կղզում»:

Պարզվում է, Սինգապուրում բնության ու հատկապես ծառի հանդեպ վերաբերմունքը պաշտամունքի աստիճանի է հասցված: «Այստեղ չի կարելի ծառ կտրել, ավելին՝ բոլոր երկաթբետոնե կոնստրուկցիաները դրսից ծառապատված են, միայն կանաչ ես տեսնում: Մեկ ծառի տեղափոխումը քաղաքաշինական օպերացիայի ժամանակ կազմում է $60000, բայց իրենք դա թույլ են տալիս իրենց,- ասաց Ն. Սարգսյանը՝ հավելելով,- սինգապուրցիների համար նույնիսկ 50 տարի առաջվա հուշարձանը պատմական արժեք է, իսկ մեր ընդհանուր կուլտուրան դարերի սեփականության հանդեպ՝ այդքան բարձր չէ: Կարծում եմ՝ արժե շատ բաներ նրանցից ընդօրինակել, խոսքս հատկապես սեփական հողի, երկրի ու արժեքների հանդեպ վերաբերմունքի մասին է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել