Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանայել Կարսի պայմանագիրը

Փետրվար 06,2008 00:00

Նման առաջարկ է անում նախագահի թեկնածու Արման Մելիքյանը

Հայ-թուրքական հարաբերությունները միջազգային հնչեղություն ունեցող հարց են, եւ այդ հնչեղությունը ձեռք է բերվել ոչ այնքան Հայաստանի եւ Սփյուռքի, որքան այլ տերությունների գործադրած ջանքերի շնորհիվ, ընդ որում՝ ի շահ իրենց պետության: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: «Ես կարծում եմ, որ Թուրքիան չի մտնի Եվրամիություն. դրա համար չկան եվրոպացիների իրական շահերը: Հատկապես, ԼՂՀ հիմնախնդրի չլուծվածության պայմաններում Թուրքիայի հնարավորությունները ես զրոյին մոտ եմ համարում»,- ասում է նա: Ելնելով այս իրողությունից, նախագահի թեկնածուն համարում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ խոսելու հիմքեր պիտի ունենա, ինչպես նաեւ դիրքորոշումներ պետք է ճշտվեն Վրաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի հետ: Որպես առաջին քայլ, նա իր ծրագրում առաջարկում է «հանդես գալ Կարսի պայմանագրին նվիրված՝ այն ստորագրած պետությունների միջազգային համաժողով կազմակերպելու նախաձեռնությամբ», քանի որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորող միակ պայմանագիրն այսօր հանդիսանում է այդ փաստաթուղթը, բայց միջազգային հարաբերությունների առումով իրավիճակը փոխվել է: Համեմատություններ անելով նախորդ դարասկզբին Նախիջեւանում եւ նրա շուրջ ծավալված իրադարձությունների եւ արդեն դարավերջին ԼՂՀ-ում եւ նրա շուրջ ծավալված իրադարձությունների միջեւ, մեր զրուցակիցը գտնում է, որ այդ հարցերը պետք է իրավական լուծումներ ստանան: «Թող այսօր մենք մեծ եւ հավերժ բարեկամության պայմանագիր չստորագրենք, ավելին, ես կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները դեռ երկար ժամանակ կշարունակեն ծանր մնալ, բայց պետք է սկիզբ դրվեն դրանց»,- ասում է Ա. Մելիքյանը: Ի դեպ, այս հարցում եւս նախագահի թեկնածուն համամիտ չէ, թե՛ նախկին իշխանությունների՝ ամեն ինչ անել հայ-թուրքական սահմանը բացելու համար, թե՛ ներկա իշխանությունների՝ պատրաստ ենք առանց նախապայմանների բացել սահմանը, մոտեցումներին: «Սահմաններ պետք չէ բացել միակողմանի զիջումների գնով. դրա համար պետք է լուրջ ռազմաքաղաքական եւ տնտեսական հիմքեր ունենալ: Դրանք կստեղծվեն այն դեպքում, երբ մենք Թուրքիայի հետ համապատասխան հարաբերություններ կունենանք եւ գոնե մի շարք հարցերում փոխըմբռնման եզրեր: Այստեղից բխում են նաեւ ցեղասպանության նկատմամբ պետական վերաբերմունքի ձեւավորումը եւ ձեւակերպումը: Կարծում եմ, իրավական դաշտը մեզ համար շահեկան է»,- ասում է Ա. Մելիքյանը: «Ներկաների» մոտեցման առումով էլ կարծում է, որ շահարկման առարկա է դառնում սահմանի բացումը, մինչդեռ այն պետք է բացվի մի շարք պայմանների բավարարումից հետո, որոնք պետք է երկուստեք քննարկվեն: Թուրք դիվանագետների հետ իր շփումների արդյունքում էլ Ա. Մելիքյանը եկել է այն համոզման, որ նրանց «կոշտ եւ հստակ» դիրքորոշումը կպահպանվի այնքան, մինչեւ Հայաստանը քաղաքական նախաձեռնություններ դրսեւորի, ինչը միայն ցեղասպանության հարցը չէ, այլ երկկողմ հարաբերություններն են: Թուրքիայի մասնակցությունը կամ չմասնակցությունը Հայաստանի նախաձեռնություններին պարոն Մելիքյանը նույնպես դիրքորոշում է համարում: «Ուզում են՝ խոսենք, չեն ուզում՝ մեր խոսելն էլ իմաստ չունի: Բայց դա մեզ հնարավորություն կտա միակողմանի քաղաքական եւ տնտեսական քայլեր կատարել: Այդ թվում նաեւ ազատագրված տարածքները վերաբնակեցնելու համար մենք մեզ կերաշխավորենք թե իրավական, թե բարոյական շատ հարցերում: Նախիջեւանի հայ փախստականներին տարան եւ բնակեցրին Ադրբեջանի տարբեր շրջաններում. նախադեպերը կան, մարդիկ արել են այդ գործն առանց իրավական եւ բարոյական հիմքերի: Իրավիճակը փակուղային չէ եւ պարտադիր չէ, որ մենք սպիտակ դրոշով գնանք աշխարհին ընդառաջ: Առավել եւս նման պարագայում մեզ չեն ընդունի. մենք այդ ժամանակ պարզապես պետք չենք լինի: Հիմա թեկուզ խանգարող, բայց գործոն ենք. այդ պարագայում՝ ոչինչ ենք»,- ասում է նախագահի թեկնածուն:

Ամփոփելով քարոզարշավի այս շրջանը, նախագահի թեկնածուն արձանագրում է, որ իր այս մոտեցումները դարձել են հանրության հետաքրքրության եւ քննարկման առարկա, եւ իր համախոհների թիվն աճել է. «Հայաստանում կա բավականին լավ մտավոր պոտենցիալ, եւ կարող ենք նրանց արժանապատիվ գոյատեւման պայմաններն ապահովել: Մենք մեզ կամ գերագնահատում ենք, կամ ծայրաստիճան նսեմացնում. եթե ավելի հանգիստ վերաբերվենք՝ կարող ենք արդյունավետ օգտագործել մեր պոտենցիալը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել