Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷԻՆ

Փետրվար 23,2008 00:00

Դրա համար էլ ՀՀ նախագահական ընտրությունների պատճառով դպրոցներում խառնաշփոթ էր տիրում:

«Նախագահական ընտրությունների «օգուտն» էլ այն էր, որ երեխաները 3 օր դաս չարեցին»: «Պարզապես դպրոցներին դաս չանելու պատճառ է պետք»: «Դպրոցում երեխաներին որեւէ բան չէին հայտարարել, որ իմանայինք՝ նրանց դպրոց ուղարկե՞լ, թե՝ ոչ»: «Փետրվարի 20-ին երեխայիս իզուր տեղն ուղարկեցի դպրոց: Դասարանից 4 աշակերտ էր ներկա եղել, դրա համար էլ դաս չէին արել». «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեցին թիվ 92, 195, 131, 8 դպրոցների որոշ ծնողներ: Նախօրոք հայտարարվել էր, որ փետրվարի 19-ը՝ ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման օրը, ոչ աշխատանքային է: Սակայն հանրակրթական դպրոցներում, որոնցից շատերը ընտրական տեղամասեր էին, դասապրոցեսը խաթարվել էր նաեւ փետրվարի 18-ին եւ 20-ին: «Առավոտը» որոշ դպրոցների տնօրեններից հետաքրքրվեց, թե ԿԳՆ-ի կամ քաղաքապետարանի կրթության վարչության կողմից ի՞նչ հրաման է եղել, այդ օրերին իրենք ինչպե՞ս են կազմակերպել դասապրոցեսը, արդյո՞ք հիմնավոր են ծնողների հնչեցրած դժգոհությունները: Նրանց հետ զրույցից պարզվեց, որ որեւէ հստակ հրաման նրանց չի տրվել վերադասի կողմից: Օրինակ՝ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը «Առավոտի» հետ զրույցում հղումներ արեց ՀՀ ընտրական օրենսգրքին. «Եթե պիտի ծնողներին լսեք, էլ ինչո՞ւ եք ինձ հետ խոսում: Ինչ վերաբերում է փետրվարի 18-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով էլ է նախատեսված, որ ընտրական տեղամասը 24 ժամ առաջ պիտի փակվի: Իսկ ընտրության հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, մեր դպրոցում նորմալ դաս են արել»: Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում փետրվարի 18-ին դասեր են պարապել: Տնօրեն Անահիտ Խոսրովյանը հայտնեց. «Կային խոսակցություններ, որ որոշ դպրոցներ դաս չեն անում, նույնիսկ ուսուցիչներս ինձ ասում էին՝ մե՞նք ինչու պիտի դասի գանք: Մեզ ոչ նախարարությունից, ոչ էլ քաղաքապետարանի կրթության վարչությունից նախօրոք որեւէ բան չէին հայտարարել: Ինչ վերաբերում է ծնողներին, նրանցից շատերը վախեցած էին ու իրենց երեխաների անվտանգությունից ելնելով՝ որոշել էին փետրվարի 20-ին դպրոց չուղարկել: Այդ պատճառով էլ այդ օրը աշակերտները համեմատաբար քիչ էին դպրոցում»: Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում էլ են դասեր եղել ընտրությունների նախօրեին: Տնօրեն Ռուզաննա Կոստանյանը նշեց. «Փետրվարի 18-ին մինչեւ 11.30-ը դաս ենք արել: Սակայն երբ հանձնաժողովականները համապատասխան պարագաներով եկան դպրոց՝ պարզ դարձավ, որ 2000 աշակերտի ներկայությամբ իրենք չէին կարող կատարել նախապատրաստական աշխատանքներ: Ես էլ զանգեցի քաղաքապետարանի կրթության վարչություն ու թույլտվություն վերցրի, որ երեխաներին ուղարկենք տուն: Նախորդ տարիներին հանձնաժողովները այսքան լարված չէին, դրա համար էլ այն ժամանակ դպրոցն ազատվում էր միայն ժամը 3-4-ից հետո, բայց այս տարի ստիպված էինք երեխաներին ժ. 11.30-ից հետո տուն ուղարկել: Իսկ փետրվարի 20-ին երեխային դպրոց չուղարկելու պատճառ չեմ տեսնում: Ի՞նչ վտանգի մասին կարելի է խոսել, եթե երեխան դպրոցի շենքում է լինում, որտեղ ամեն ինչ անվտանգ է»: «Առավոտը» զրուցեց նաեւ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի տնօրեն Անահիտ Խալաթյանի հետ: Նա վստահեցրեց. «Փետրվարի 18-ին դաս եղել է դպրոցում: Փետրվարի 20-ին, այո՛, աշակերտներից շատերը բացակայել էին, դրա համար 1-2 ժամ ենք պարապել: Կոնկրետ մեր դպրոցը գտնվում է ԿԳ նախարարության ենթակայության տակ, որտեղից ընտրություններից մեկ օր առաջ դաս անել-չանելու վերաբերյալ հրաման չի եղել»:

Չնայած դպրոցի տնօրենների մեծամասնությունը «Առավոտին» հավաստիացրեց, որ փետրվարի 18-ին քիչ թե շատ պարապել են, սակայն Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի հետ զրույցում պարզեցինք, որ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանի համաձայն՝ հանրակրթական դպրոցներում ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապված՝ ամսի 18-19-ին դաս չպիտի լիներ: Ի դեպ, մեզ հետ զրուցած տնօրեններից որեւէ մեկը տեղյակ չէր այդ հրամանի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել