Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մարտ 26,2008 00:00

\"\"Ապագա վարչապետի ընտրությունը հեշտ չի լինելու

Անցած շաբաթվա վերջում մի հրապարակում էինք տպագրել, որում փորձել էինք ընթերցողին ներկայացնել այն ակնկալիքները, որ նոր կառավարությունից ունեն քաղաքական ուժերը կամ գործիչները, ներկայացրել էինք որոշ անուններ, որոնք, հավանական է, կառավարությունում որոշակի տեղեր կզբաղեցնեն, սակայն հատուկ շեշտել էինք, որ չենք հավակնում վերջնական ճշմարտություններ հրապարակել՝ դրանք ընդամենը խոսակցություններ են, եւ նշված անունները հնարավոր է՝ փոխվեն ամեն վայրկյան: Արդյունքում ստացվեց այնպես, որ մեր այս զգուշացումն անտեսվեց, եւ, չգիտես ինչ տրամաբանությամբ, մեր ենթադրությունները ոմանք ընդունեցին որպես վերջնական ճշմարտություններ: Ամենից զավեշտալին այն էր, որ մեր այդ հրապարակումից հավասարաչափ նեղացան ե՛ւ նրանք, ում անունները գրված էին («ինչո՞ւ ենք իրենց գործը փչացնում» տրամաբանությամբ), ե՛ւ նրանք, ում անունները չէինք նշել («ինչո՞ւ չենք կարեւորել իրենց անձը»):

Քանի որ ինձ հայտնի է խմբագրիս եւ գործընկերներիս դիրքորոշումը, ինձ իրավունք եմ վերապահում շեշտել, որ «Առավոտի» համար բացարձակ նշանակություն չունի, թե ով կդառնա վարչապետ կամ նախարար: Մեր գործը իրադարձությունները լուսաբանելն է: Եվ հենց այդ տեսակետից՝ քանի որ մինչեւ ապրիլի 9-ը դեռ շատ գլուխներ են իրենց կոտորելու՝ հասկանալու համար, թե, ի վերջո, ով է լինելու երկրի վարչապետը, որոշեցինք մի փորձ եւս կատարել եւ պարզել, թե այս դժվարին խնդրի մասին ի՞նչ են մտածում հանրապետականները:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը դեռ մի քանի օր առաջ էր հայտարարել, որ, իր կարծիքով, վարչապետն անպայման պետք է լինի «ստաժավոր» հանրապետական եւ մի մարդ, ով գործադիրում աշխատելու փորձ ունի: Ցանկացանք հստակեցնել՝ պարոն Սահակյանը կոնկրե՞տ մարդու նկատի ունի եւ արդյոք անցած օրերի ընթացքում չի՞ փոխել իր կարծիքը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Սահակյանն ասաց. «Վարչապետի խնդիրը կլուծվի երկրի Սահմանադրության պահանջներին համապատասխան, այսինքն՝ քաղաքական մեծամասնությամբ, առավել եւս այսօր կա քաղաքական կոալիցիա, որը իր դերակատարումը կունենա: Իսկ ընդհանուր առմամբ, եթե ցանկությունները հաշվի առնենք, ապա պարզ է, որ յուրաքանչյուր կուսակցություն կցանկանա, որ իր կուսակիցը լինի վարչապետ: Իհարկե, այս պահին, կարծում եմ, ավելորդ է որեւէ մեկի մասին կոնկրետ խոսել: Ըստ իմ տեղեկությունների, դեռեւս խորը քննարկումների գործընթաց չի ընթանում: Ավելի շատ վերլուծվում են ներկա քաղաքական իրավիճակը, դրա հետեւանքները, առաջիկա ծրագրերն ու պայմանավորվածությունները: Ինքս այն կարծիքին եմ, որ, իրոք, հանրապետականը կարող է ունենալ բազմաթիվ թեկնածուներ, այսինքն՝ մենք կադրերի խնդիր չունենք, պարզապես շատ վտանգավոր եմ համարում, որ ցանկացած քաղաքական թիմ կամ անձ իր անունը շրջանառության մեջ դնելով՝ փորձում է դրանով իբր տիրապետելի դարձնել ներկա իրավիճակը: Հավատացած եմ, որ այն լրջախոհությունը եւ բազմափորձությունը, որ ունի նորընտիր նախագահը, հնարավոր կդարձնի այս խնդրի ճիշտ լուծումը: Եվ այստեղ շատ էլ կարեւոր չեմ համարում, թե տվյալ անձը ինձ շատ սիրելի կլինի՞, թե՞ ոչ, այստեղ շատ ավելի կարեւոր է, որ անձը լինի շատ փորձառու, շատ լավ ճանաչի հանրապետությունը, նրա ենթակառուցվածքները»:

Մեր հարցին՝ կիսո՞ւմ է Գալուստ Սահակյանը այն կարծիքը, որ վարչապետ պետք է լինի մեկը, ում թիկունքին քաղաքական թիմ է կանգնած: Ասաց, որ համամիտ է, եւ ինքը հենց դա էլ ասում էր: Մեր հաջորդ հարցին՝ ուրեմն, այս դեպքում, ինչո՞ւ որպես վարչապետի թեկնածու քննարկվող անունների մեջ չկա, կարծես թե համեմատաբար ավելի հազվադեպ է հնչում փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Հիշեցնենք, որ բացի իր հիմնական աշխատանքից, պարոն Աբրահամյանը երկու անգամ եղել է ՀՀԿ շտաբի պետը՝ խորհրդարանական ընտրություններում: Նաեւ այդ հանգամանքը հաշվի առնելով, հնարավո՞ր է, որ հենց Հովիկ Աբրահամյանը լինի վարչապետի թեկնածուն: Գալուստ Սահակյանը մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ ասաց. «Որոշման դաշտն այնպիսին է, որ խնդիրը չէի ցանկանա անհատականացնել, բայց կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանի՝ վերջին տարիների աշխատանքը վճռորոշ է եղել մեր հանրապետության համար, եւ, կարծում եմ, նա նշանակալից դերակատարում կունենա նաեւ առաջիկայում»: Գալուստ Սահակյանը նաեւ գոհունակություն հայտնեց, որ ընդհանուր առմամբ բանիմաց մարդկանց անուններ են նշվում որպես վարչապետի հավանական թեկնածուներ, բայց, ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ «քաղաքական լուծումները, կարծում եմ, քաղաքական դաշտի պարտադրանքը կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել