Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոշի թա՞ղն» էլ կիրացվի

Մայիս 24,2008 00:00

Քանաքեռի որոշ տարածքներ, բարեկարգելու անվան տակ, ցանկանում են իրացնել ու վաճառել մեծահարուստներին:

Մոտ ապագայում մայրաքաղաքի իրացվող տարածքների թիվը կավելանա եւս մեկով եւ ամենայն հավանականությամբ հարյուրավոր ընտանիքներ կհամալրեն հանուն պետական շահի վտարված բնակիչների շարքերը: Մեր աղբյուրների հավաստմամբ, քաղաքային իշխանություններն առայժմ չեն համարձակվում այս տեղեկությունը հրապարակավ հայտնել, քանի որ մտավախություն ունեն, որ ցուցարարների նոր բանակ կառաջանա: Ըստ նախագծի՝ պետք է իրացվի Քանաքեռ համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու հարեւան տարածքը եւ տեղում կառուցվի «էլիտար» թաղամաս: Այս տարածքը հայտնի է «Բոշի թաղ» անվանումով: Մեր տեղեկություններով՝ այս տարածքի վրա արդեն իսկ աչք ունեն մի քանի մեծահարուստներ: Ամառանոցներ կառուցելու համար տարածքը շատ հարմար է. Քանաքեռում օդը մաքուր է, ջուրը՝ սառնորակ եւ քիչ թե շատ կանաչ տարածքներ կան, ինչի հետեւանքով ամռան շոգ օրերին այստեղ բավականին զով է, հարեւանությամբ էլ սրբատեղի կա: Այստեղ է գտնվում նաեւ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը, այսինքն՝ մեծահարուստների հոգեւոր սնունդն էլ է ապահովված:

Ամենաչոր հաշվարկներով՝ պետք է իրացվի մոտ 50 տուն: Մեզ հասած տեղեկություններով, քաղաքային իշխանությունները ծրագրել են թաղամասի բնակիչներին վերաբնակեցնել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղամասերից մեկում:

Նկատենք, որ դեռեւս խորհրդային իշխանություններն են ցանկացել Սուրբ Հակոբի եւ նրա հարեւանությամբ գտնվող կաթոլիկ եկեղեցու միջեւ եղած տները քանդել ու դեպի Քանաքեռի կենտրոնական՝ Զաքարիա Սարկավագի, ինչպես նաեւ՝ Թբիլիսյան խճուղի, փողոցներ կառուցել: Սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել: Այսօր ներկայիս իշխանություններն այդ ծրագիրը մտադիր են կյանքի կոչել՝ իրենց ձեռնտու տարբերակով:

«Ինձ համար շատ էլ լավ կլինի, ինձ շատ էլ ձեռնտու է այստեղից տեղափոխվելը: Մանավանդ ես 20 տարի այնտեղ եմ ապրել եւ հարս եկած ժամանակվանից չեմ կարողանում հարմարվել: Մեր տարածքը մեծ է, ես էլ 2 որդի ունեմ, այդպես 2-ին էլ կտեղավորեմ: Ամեն մեկն արդեն իր ընտանիքն ունի»,- մեզ հետ զրույցում ասաց Քանաքեռի 6-րդ փողոցի թիվ 18 տան բնակիչ Զիրավարդ Ճաղարյանը: Նրա համոզմամբ, իրենց տեղափոխվելիք համայնքում «պայմաններն առավել լավը կլինեն, մարդիկ էլ ավելի մակարդակով»: Արման Թորոսյանենց տունն էլ ընկնում է 2 եկեղեցիների մեջտեղում: Նրա խոսքերով՝ իրենք 2 եղբայր են ու իրենց էլ է ձեռնտու այս տարածքից դուրս գալ. «Մենք առանձին ենք ապրում, բայց եթե լավ տեղ առաջարկեն կամ լավ փոխհատուցում տան, շատ լավ էլ դուրս կգանք, ի՞նչ է եղել: Թե չէ մեզ ամեն օր ասում են, մենք եկեղեցու բակում ենք ապրում»: Տարածքի խանութներից մեկի սեփականատեր Արտաշես Նալբանդյանն էլ վստահ էր, որ կենտրոնական փողոցներ կառուցելուն իրենց խանութն ու տունը բոլորովին չեն խանգարում. «Ես միանշանակ չեմ համաձայնվի այստեղից դուրս գալ: Էսքան շինարարություն եմ անում, որ հանկարծ գան ու քանդե՞ն: Մեր տանը երկու ընտանիք է ապրում, բայց հենց գան իրացնելու՝ մի ավտոբուս մարդ դուրս կգա նրանց դեմ, ես իմ տունը ոչ մեկին չեմ տա»:

«Ո՞ւր էր մեզ տենց բախտ, ո՞վ կգա էս տարածքը կառնի: Ամեն տանը հազար մարդ է ապրում, ո՞նց են էդքան մարդու տուն տալու: Թող գան էս կաթոլիկ եկեղեցին բացեն, որ տուրիզմը զարգացնեն, այստեղ դրա խաթր հյուրանոցներ էլ կկառուցեն»,- մեզ հետ զրույցում ասաց Քանաքեռի 5-րդ փողոցի 9-րդ տան բնակիչ Աղավնի Բոյաքչյանը: Նա կաթոլիկ եկեղեցու բակում տեղադրված թիթեղյա ավտոտնակի մեջ մթերք էր վաճառում: Նրա պատմելով, իրենց չորս սենյականոց տանն ապրում են տասը հոգով. «Մեր ընտանիքը շատ արագ է բազմանում եւ մեզ շատ ձեռնտու է, որ այլ տեղ ապրենք, համ էլ կառանձնանանք»:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի Ծրագրերի իրականացման գրասենյակի պետ Ռոբերտ Հարությունյանը «Առավոտին» պարզաբանեց, որ մայրաքաղաքի հաստատված գլխավոր պլանով այս տարածքը նախատեսված չէ իրացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել