Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ

Մայիս 24,2008 00:00

\"\"Մայիսի 15-ին «Առավոտ» օրաթերթում կարդացի «Ընդմիջումից հետո» վերնագրով խմբագրական առաջնորդողը, որը, մեղմ ասած, տարակուսանք առաջացրեց։

Միանգամից ասեմ, որ տարակուսանքիս պատճառը «Առավոտի» հետ համագործակցող APR Group սոցիոլոգիական (ընկերության կամ գործակալության՝ պարզ չէ) հարցման արդյունքները չեն։ Ես՝ որպես Հայաստանի շարքային քաղաքացի, շատ վաղուց չեմ համտեսում գիտության այդ ճյուղի պտուղները։ Չեմ համտեսում ոչ թե այն պատճառով, որ դառն են, այլ որովհետեւ անհամ են։

Մարդու ամենամեծ ունակություններից մեկը համեմատական դատողությունն է։ Եվ այդ ունակությամբ ես չեմ վստահում ոչ միայն APR Group-ի, այլեւ մյուս բոլոր սոցիոլոգիական ընկերությունների կողմից հրապարակվող տվյալներին։ Բանն այն է, որ առօրյա շփումներում իմ ստացած ինֆորմացիան տարբերվում է այդ հարցումների արդյունքներից։

Կարող եք ասել, որ իմ շրջապատը կազմված է ինձ պես մտածող մարդկանցից, իսկ սոցհարցում անցկացնելիս կատարվում է ընտրանք, ապահովվում բազմազանություն եւ այլն։ Ճիշտ է, ես ընտրանք չեմ կատարում, բայց բազմազանությունն ապահովվում է ինքն իրեն։ Ես չեմ կարող շրջապատի մարդ համարել այն հարեւաններիս, որոնց առավոտյան կամ իրիկունը հանդիպելիս բարեւում ու երկու բառ եմ փոխանակում։ Չեմ կարող համարել նաեւ տաքսու վարորդներին, խանութի վաճառողներին, մեքենայի վարպետներին, ավտոկանգառի պահակներին, նույն սրճարանը հաճախող մարդկանց, աշխատանքային ընկերներիս, նույնիսկ ազգականներիս, ում տեսնում եմ առիթից առիթ, տոնից տոն։ Չեմ կարող զանց առնել կողքից ակամա լսած խոսակցությունները։

Սրանք մարդիկ են, ում վրա ես եւ իմ նեղ շրջապատը որեւէ ազդեցություն չունենք։ Սրանք մարդիկ են, ովքեր սովորաբար չեն կարդում «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», «Հայք» եւ այլ, այսպես կոչված, լեւոնական թերթեր։ Չեն կարդում նաեւ «Առավոտ»։ Մյուս թերթերն էլ չեն կարդում, նրանց հիմնական ստնտուն «Հայլուրն» է։ Բայց արի ու տես, որ մարդիկ հիանալի պատկերացնում են երկրում ստեղծված իրավիճակը, մտահոգված են ճգնաժամով եւ առանձնապես հույսեր չեն կապում ոչ նախագահի, ոչ էլ կառավարության հետ։ Ցավալի է, բայց նրանց մեծ մասը մտածում է, որ եթե արմատական փոփոխություն չլինի, պետք է գնալ այստեղից։

Նորից եմ ուզում կրկնել, որ չեմ պատրաստվում վիճարկել թվերը, բայց տրամաբանությունն անշուշտ վիճելի է։ Իմ «լայն» շրջապատում որեւէ մեկը չի ճանաչում Էդուարդ Նալբանդյանին։ Գիտեն, լսել են, որ նման անուն-ազգանունով նախկին մի դեսպանի նշանակել են արտաքին գործերի նախարար։ Ուրեմն, ինչպես կարող է հարցվածների 4,22%-ն այդ մարդուն համարել «պետական մտածողությամբ» ամենաօժտվածը։ Եթե հարցնեին, թե ո՞վ է արտաքինով ամենահամակրելին, գուցե հավատայի բերված թվին։ Բայց այդ 4,22 %-ը, որ մեծ թիվ չէ, ընդամենը քսանութ մարդ, ո՞նց է հասցրել ծանոթանալ նախարարի «պետական մտածողության» դրսեւորումներին, երբ վերջինս նշանակվելուց հետո անընդհատ գործուղումների մեջ է ու չի հասցրել մի կարգին շփվել հասարակության հետ։

Ինչ-որ սխալ կա ու սխալը հենց հեռախոսային հարցում անցկացնելն է։ Բացատրեմ՝ ինչու։ Նախագահական ընտրություններից առաջ, երբ եթերը ողողված էր գելափների ու այլոց հարցումների կեղծ տվյալներով, մի քանի հոգով որոշեցինք հեռախոսային հարցում անցկացնել։ Առաջին անգամ՝ ներկայացանք անկախ հետազոտական կենտրոնի անունից։ Ստացվեց մի պատկեր։ Երկրորդ անգամ (որոշ ժամանակ անց) նույն համարներով զանգահարելով ներկայացանք Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անունից։ Այլ պատկեր ստացվեց։ Երրորդ անգամ ասացինք՝ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներ ենք, պատկերը բոլորովին ուրիշ եղավ։

Եթե հիշում եք, մենք թերահավատությամբ էինք մոտենում հարցումներ անցկացնելու այն մեթոդին, ըստ որի՝ պարտադիր էր հարցվողի տվյալների գրանցումը։ Վախի մթնոլորտում, այո, դա ոչ միայն անհեթեթ է, այլեւ՝ վիրավորական։ Բայց տվյալների գրանցումը, եթե չկա վախի մթնոլորտ, մեծացնում է հարցվողի պատասխանատվությունը, իսկ հեռախոսով պատասխանողը կարող է կրակել մտքին եկածը։

Մյուս կողմից՝ քանի որ դեռ կա վախի մթնոլորտ, հեռախոսով հարցվողը կարող է զգուշանալ եւ չլինել անկեղծ։ Չգիտե զանգողն իրականում ով է, իսկ զանգողին հայտնի է իր հեռախոսի համարը, որով հնարավոր է պարզել մնացած բոլոր տվյալները։ Ու այս հարցվողը մաքուր սրտով հարցնողի երեսին չի շպրտի. «Տո, ի՞նչ սպասելիք կառավարությունից, էդքան մարդու գլուխ կերան»։ Մի բան, որ ասում են իմ «լայն» շրջապատի բոլոր մարդիկ։

Բայց տարակուսանքս սրա հետ էլ կապ չունի։ Մեծ հաշվով ինձ շատ չի հետաքրքրում, թե ով ինչպես է հարցումներ անցկացնում։ Ինձ համար զավեշտալի է, որ փետրվարի 26-ից հետո, երբ APR Group-ի եւ «Առավոտի» համատեղ հարցումներով առաջին տեղ գրաված թեկնածուի հանրահավաքին քշված մարդիկ զանգվածաբար տեղափոխվեցին երկրորդ տեղ գրաված թեկնածուի հանրահավաքի վայր, Հայաստանում, ի նշան պարկեշտության, պիտի փակվեին սոցիոլոգիական բոլոր ընկերությունները… անորոշ ժամանակով (…առնվազն գոնե մինչեւ «Հ1»-ով ընդդիմության մասին նորմալ ռեպորտաժներ հեռարձակելը)։

Սոցիոլոգների՝ վերջին շրջանում գրանցվող ակտիվությունը խոսում է մեկ բանի մասին։ Իշխանությունները դաս չեն քաղել կատարվածից եւ շարունակում են մտածել, թե այն, ինչ չի կարողանա անել սոցիոլոգիան, կանի հրազենը։ Վտանգավոր է… չափազանց վտանգավոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել