Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆԸ ՄՈՆՏԱԺՎԱԾ Է

Մայիս 27,2008 00:00

\"\"Մինչդեռ քրեական գործի հիմքում հենց այդ տեսաժապավենն է եւ ոստիկանների ցուցմունքները

«Սադրող խումբը Վանոյի թիկնազո՞րն էր» հրապարակումից հետո «Առավոտի» խմբագրություն այցելած, արդեն երեք ամիս կալանքի մեջ գտնվող Քրիստափոր Էլազյանի մայրը՝ տիկին Կարինեն, մեզ հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ պատմեց: Նրա որդին նույնպես մեղադրվում է մարտի 1-ին Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում Գուգարքի ոստիկանապետի տեղակալին ծեծի ենթարկելու համար: Մինչդեռ, «մեղադրյալների», նրանց փաստաբանների եւ հարազատների, ինչպես նաեւ վկաների եւ մի շարք ապացույցների հավաստմամբ՝ Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի աշխատակից Վարդան Ղավալբաբունցը, Քրիստ Էլազյանը եւ առայժմ անհայտ երրորդ անձը իրականում փրկել են անհայտ պատճառներով այդ օրն այդ վայրում գտնվող Գուգարքի փոխոստիկանապետի կյանքը: Նրանք արդեն լավ ծեծված ոստիկանին խլել են ամբոխի ձեռքից եւ տեղափոխել «ՎիվաՍելլի» վարչական շենք: Այնինչ տուժող ոստիկանն առերեսման ժամանակ «ճանաչել է» իրեն «ծեծի ենթարկած» մեղադրյալներին: Քրիստ Էլազյանը մեղադրվում է ՀՀ Քրօրի 225 հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին մասնակցություն: «Նրա դեմ ցուցմունք են տվել տուժողը՝ Գուգարքի ոստիկանության պետի տեղակալը եւ մի այլ ոստիկան, որը իբրեւ «ՎիվաՍելլի» շենքի մոտ կանգնած՝ տեսել է, թե ինչպես է Էլազյանը ծեծի ենթարկում տուժողին: Երկու ցուցմունքներն էլ հիմնավոր չեն, մենք ունենք ապացույց, որ նրանք չէին կարող տեսնել Էլազյանին իրենց նկարագրած դիրքից, բացի այդ՝ կա տեսաժապավեն, որտեղ, ըստ մեզ, ամբողջությամբ չեն ներկայացվում ծեծի վերաբերյալ կադրերը: Մենք փորձում ենք գտնել ամբողջական կադրերը, որոնք ապացուցում են, որ Էլազյանը ոչ թե ծեծի է ենթարկել, հակառակը՝ փրկել է ոստիկանին»,- «Առավոտին» ասաց Ք. Էլազյանի շահերի պաշտպան Վարդան Զուռնաչյանը:

Քրիստենց ընտանիքում բոլորը Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրներ են: Նրա եղբայրը՝ Արմանը, ով այժմ փախուստի մեջ է, ոստիկանության Նորք-Մարաշ բաժնի նախկին աշխատակից է: Մտավախություն ունենալով, որ իր հայացքների հետ կապված աշխատանքում բարդություններ կծագեն, նա աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել մինչեւ նախագահական ընտրությունները եւ մինչ իր դիմումը կմակագրվեր՝ բժշկից տեղեկանք է ներկայացրել եւ աշխատանքի չի հաճախել: Քրիստը նույնպես ոստիկանության համակարգի նախկին աշխատակից է: Աշխատել է Կենտրոնի ոստիկանությունում, սակայն հինգ տարի առաջ դուրս է եկել համակարգից: «Մեկ առ մեկ Չարենցի փողոցի բոլոր հասցեները ստուգել են. պարզվում է, միայն այդ տարածքում 600 ընտանիք Հայաստանում գրանցում ունենալով՝ բացակայում են Հայաստանից»,- ընտրակեղծիքների մասշտաբներն ակնառու դարձնելու համար նկատում է տիկին Կարինեն եւ հավելում, որ ընտանիքով հանրահավաքների ակտիվ մասնակից են եղել: Իսկ Քրիստը միշտ հարթակներում է եղել: Մարտի 1-ի գիշերը նույնպես Ազատության հրապարակում է եղել, առավոտյան վերադարձել է տուն, կեսօրին, իմանալով, որ Մյասնիկյանի արձանի մոտ մարդիկ են հավաքված, գնացել է այնտեղ, որտեղ նաեւ տիկին Կարինեն էր. «Այն, ինչ կատարվում էր՝ սարսափելի էր: Ազգը ազգին կոտորի՞, ինչ-որ մեկի հրամանո՞վ: Որ ժողովրդի վրա կրակել են՝ իմ աչքով եմ տեսել: Ոստիկանության աշխատողները, զինվորները՝ ովքեր ոտքերի վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել, ոչ թե ժողովուրդն էր կրակում, այլ նրանց երկրորդ-երրորդ շարքերը կրակում էին ժողովրդի վրա եւ իրենց ընկերներին էլ էին կպնում: Դրա համար էլ մեկը չկա, որ դիմացից վնասվածք ունենար. բոլորը ոտքերից՝ եւ ետեւից: Ժողովուրդը պատրաստ չէր էդպիսի բաների, խելագար ձեւով բղավում էին՝ հա՜յ չե՞ք, մի կոտորեք: Եվ եթե այդ իրավիճակում մի փայտ կամ ձող են վերցրել՝ բնական է, որ ինքնապաշտպանության բնազդն է աշխատել: Ժողովրդին մեղադրելուց առաջ ամեն ղեկավար թող իր մեղքը տեսնի: Իրենք են ժողովրդին դրդել. նույն ԱԺ-ն, կառավարությունը, նախագահական ապարատը՝ մեր հաշվին էին հարստանում, գոնե մի փոքր հարգանքի արժանացնեին մեզ»: Գիշերը, երբ տուն են վերադարձել, Քրիստը մորը պատմել է, որ մարդիկ ոստիկանին ծեծում էին, եւ ինքը՝ երկու տղայի հետ, ոստիկանին տեղափոխել են «ՎիվաՍելլի» վարչական շենք եւ թողել աշխատակիցների մոտ: Վկաներ էլ կան, հասկանալի պատճառներով նրանց անունները չենք հրապարակում: Ամսի 4-ին եղբայրը՝ Արմանը, գնում է Նորք-Մարաշի ոստիկանություն՝ վերջնահաշվարկը ստանալու համար: Ժամը 16-ին զանգահարում է Նորք-Մարաշի ոստիկանապետը եւ Քրիստին հրավիրում իր մոտ՝ եղբոր հարցերով: Պարզվում է՝ տղաների ընկերը ԱԱԾ-ում տեսաերիզում ճանաչում է Քրիստին՝ այդպիսով «լվանալով» կաշառք վերցնելու առիթով իր դեմ հարուցված քրեական գործը: Քրիստին կալանավորում են եւ ուղարկում Կենտրոնի ոստիկանություն, որտեղ, ըստ տիկին Կարինեի՝ ոստիկանապետն անձամբ է նրան ծեծում: Ամսի 5-ին նրան տեղափոխում են դատախազություն: Եվ մոր վկայությամբ՝ երեք օր շարունակ Քրիստին այնտեղ դաժան ծեծի են ենթարկում՝ պահանջելով, որ կազմակերպիչներից որեւէ մեկի դեմ ցուցմունք տա: Ծեծում են վեց հոգով, քննիչի ներկայությամբ, Գուգարքի ոստիկանապետի մասնակցությամբ: «Տղայիս հագուստը արյան մեջ կորած էր, ոնց որ մտցնես դույլով լի արյան մեջ ու հանես»,- ասում է տիկին Կարինեն: Ամսի 8-ին, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվում են «02»-ի կադրերը, որտեղ ոստիկանը Քրիստին հարցնում է՝ դո՞ւ ես ծեծել ոստիկանին, Քրիստը ժխտում է՝ էկրանից էլ երեւում է, որ նա ծեծված է: «Այդ պալկովնիկ է, ինչ զիբիլ է՝ Աստծու եւ իր հոգու առաջ պատասխան կտա: Ո՞նց կարելի է իր կյանքը փրկող մարդուն լկտիաբար այդպես մեղադրել»,- ասում է տիկին Կարինեն՝ հավելելով, որ տղայի ձախ աչքը վնասվել է, գլխացավերն էլ չեն դադարում: «Իշխանությունները ժողովրդին այլընտրանք չեն թողել՝ մենք պիտի հաղթենք: Ժողովուրդը ոտքի կանգնեց իրենց սխալների եւ իրենց վիրավորանքների պատճառով, հիմա մեղմելու փոխարեն՝ ավելի են սրում»,- ասում է մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել