Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՉԻ ԸՆՏՐՎԵԼ

Հունիս 13,2008 00:00

\"\"Արձագանք Ռուբեն Հակոբյանի հոդվածին («Առավոտ», 23.04.2008)

Հոդվածի «մեխը»

Եթե քաղաքագիտության թեկնածուն առաջարկում է «արտահերթ ընտրությունների անցկացում նոր նախագահի ցանկությամբ եւ նախաձեռնությամբ», ապա, որքան էլ օգտագործի իր լրագրողական արվեստը եւ շուռումուռ տա մտքերը, միեւնույն է՝ բանավեճի ներկայացված հոդվածի իմաստն ակնհայտ է՝ լեգիտիմացնել Ս. Սարգսյանի «ընտրվելը»:

Նման մոտեցումներով շատ գործիչներ են այսօր հանդես գալիս: Տեսեք՝ ինչ է կատարվում ԱԺ-ի, այսպես կոչված, «անկախ» պատգամավորների շրջանում:

Մեր հոդվածագիրը նույնպես, փորձելով միաժամանակ «ընդդիմադրի» տպավորություն ստեղծել, տալիս է նաեւ «կասկածելի լեգիտիմությամբ նախագահ» իր գնահատականը, որը հիմնավորում է ճիշտ հակառակը, այն է՝ 2008թ. ընտրությունների արդյունքում նախագահ չի ընտրվել:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ այդ «կասկածելիի» մասին իրենց պաշտոնական դիրքորոշումն են տվել նաեւ մեր երկրի Մարդու իրավունքների պաշտպանը եւ Սահմանադրական դատարանը: Ավելին, վերջինս իր որոշմամբ, փաստորեն, արձանագրել է հետեւյալը՝ կոռուպցիայի նման պայմաններում «ԿԸՀ-ն ՀՀ նախագահի ընտրության արդյունքներով այլ որոշում կայացնել չէր կարող»:

Սակայն հոդվածագիրը «նոր նախագահ» եւ «կասկածելի լեգիտիմությամբ նախագահ» իր գնահատականների հակասությունը կարծես չի էլ նկատում եւ երկրում ստեղծված իրավիճակի հիմք հանդիսացող այդ կարեւորագույն խնդրին չի անդրադառնում:

Իսկ խնդիրն այն է, որ, ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն, ՀՀԿ ղեկավարը ոչ միայն նախագահ չի ընտրվել, այլ դրա իրավունքը չուներ, քանի որ չպետք է մասնակցեր քվեարկությանը՝ նախընտրական քարոզչության սահմանված կարգը կոպտորեն խախտելու համար:

Եվ իզուր է «նոր նախագահը» ինչ-որ աչք շոյող պալատներ նախագծում կամ օրենսդրական զավեշտալի փոփոխություններով փշի-փշի անում իր լեգիտիմությունը ճանաչած միակ «ընդդիմադիր ուժին», քանի որ ինքը նույնպես պետք է ճանաչի ՍԴ որոշումը եւ կատարի նրա պահանջները:

Իսկ դա նշանակում է, որ ընտրական գործընթացը դեռ չի ավարտվել եւ պետք է պատասխանատվության կանչվեն բոլոր ընտրախախտները, որոնց առաջին շարքերում վաղուց կանգնած է նույն ինքը՝ «նոր նախագահը»:

Այս կապակցությամբ տեղին է հիշատակել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի արդարացի եզրահանգումը իր արտահերթ զեկույցում, այն է՝ «ինչպես ցույց տվեցին հետագա գործընթացները, պատասխանատվության ենթարկվեցին միայն ընդդիմության ներկայացուցիչները: Եվս մեկ անարդարություն»:

«Երկու քարի» մասին

«Երկու քարերի» մոտեցումը դարձել է մոդայիկ, քանի որ հեշտությամբ շեղում է այսօրվա խնդրի բուն էությունից, որ այս անգամ ապօրինի ընտրությունների դեմ ոտքի է ելել գրեթե ողջ ժողովուրդը:

Եվ ինչպես նշում է «Առավոտը»՝ ներկայացնել դա որպես «լեւոնականների» եւ «սերժականների» հակամարտություն, նշանակում է չհասկանալ դժգոհության բուն պատճառները: Երկրում ստեղծված իրավիճակի անձնավորված գնահատականները՝ հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի առնչությամբ, ակնհայտորեն ձեռնտու են «հաղթածներին» եւ նրանց մերձեցողներին:

Եվ պատահական չէ նաեւ, որ վերոնշյալ հոդվածը նույնպես վերնագրված է «Երկու քարի արանքում», տվյալ դեպքում՝ «ընտրակեղծիքների մեքենա ստեղծած Լեւոնի» եւ «անկեղծորեն իրավիճակը շտկել, բարեփոխումներ իրականացնել, կոռուպցիա եւ կաշառակերություն վերացնել ցանկացող եւ այլ բարի ցանկություններ իրականություն դարձնող Ս. Սարգսյանի» միջեւ:

Առայժմ թողնենք «ՀՅԴ» Կ, արդեն նախկին գործչի խղճին այդ գովասանքը, սակայն նշենք, որ, այնուամենայնիվ, չի հասկացվում այդ համեմատության իմաստը: Արդյո՞ք միայն Ս. Սարգսյանի օրենքին հակասող գործողությունները արդարացնելու համար:

«Ուղղակի նաեւ նախորդ նախագահների փոխարեն այդ ամենի պատասխանատուն այսօր դարձել է միայն Ս. Սարգսյանը»,- բողոքում է ՌԴ-ում ՀՀ նախկին դիվանագետը:

Գուցե՞ հենց այդ պատասխանատվությունն է ստիպել «նոր նախագահին» շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահին՝ մեր երկրի ներքին կյանքին միջամտելու համար: Դե սա՛ էլ արդարացրեք:

Նախկին «միամիտ» գործընկերս անգամ չի նկատել, որ այդ մոտեցումներով չի կարողացել հստակ դիրքորոշում արտահայտել եւ նորից ընկել է հակասությունների մեջ, այն են՝

1. Մի կողմից՝ «…սրանք ավելի կատարելագործեցին Լեւոնի ստեղծած ընտրակեղծիքների մեքենան եւ ժողովրդի ձայները ամենալկտի ձեւերով գնելով, պատրաստ են ստորացնել բոլորիս», մյուս կողմից՝ «Անկեղծորեն հավատում եմ, որ Ս. Սարգսյանը ցանկանում է շտկել իրավիճակը, բարեփոխումներ իրականացնել, վերացնել կոռուպցիան եւ կաշառակերությունը եւ այլ բարի ցանկություններ իրականություն դարձնել»:

Մնում է նույնպես միամտորեն հարցնել՝ իսկ «սրանք»-ի մեջ միայն Քոչարյա՞նն է մտնում, թե՞ նրա անբաժան գործընկեր Ս. Սարգսյանն էլ տեղ ունի:

2. Մի կողմից՝ գովեստով ներկայացնում է հակալեւոնական թունդ կեցվածքով, մաթեմատիկայի դասախոս, գիտությունների թեկնածու իր ծանոթի մասնակցությունը համաժողովրդական շարժմանը, մյուս կողմից՝ «…գլխավոր քաղաքական պատվիրատուն փորձում է պետական մամլիչի թրթուրների տակից փրկել իր եւ իր ընկերների քաղաքական կերպարը…»:

Այսինքն, նորից անհաջող փորձ հոդվածի վերնագիրը հիմնավորելու համար:

Բանը հասել է նրան, որ անգամ փորձ է արվում մեղադրել առաջին նախագահին մարտի 1-ի ողբերգության համար՝ «միամիտ է կարծել, որ ողբերգության պատճառը միայն մեկ անձ է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Հետաքրքիր է, որ ես ճիշտ հակառակն եմ մտածում, այն է՝ պետք է շնորհակալություն հայտնել մեր երկրի առաջին նախագահին՝ ընտրություններին մասնակցության եւ արժանապատիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար:

Արտահերթ ընտրություններ

Եթե կա մի առաջարկություն կամ մոտեցում, որը լուրջ վտանգ է ներկայացնում Համաժողովրդական ներկայիս շարժման տապալման համար, դա հոդվածում առաջարկված ձեւով արտահերթ ընտրությունների անցկացումն է, այն է՝ «Երբ ես առաջարկում եմ արտահերթ ընտրություններ, շատ բան պայմանավորում եմ նաեւ գործող նախագահով»,- պարզաբանում է հոդվածագիրը:

Վերեւում արդեն ասացի, թե ինչու է հոդվածագիրը բոլոր ընտրություններից հետո կրկնվող այս առաջարկությունն անելու համար հոդված գրել: Սակայն չեմ հասկանում, թե ինչո՞ւ է հեղինակային իրավունք վերապահել (այդպիսի տպավորություն եմ ստացել) այդ հնամաշ առաջարկությանը:

Վերջինիս կողմնակիցները, այդ թվում՝ «ընդդիմության» դաշտից, վաղուց են փայլատակում հեռուստաեթերում եւ այն ակնհայտորեն դուր է գալիս «հաղթածներին», չնայած ձեւեր են անում, իբր դա այդպես չէ:

Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Չէ՞ որ, ինչպես ասում են, «չեղած տեղից նախագահ ունեն», որն անգամ պետք է որոշի անցկացնել, թե չանցկացնել արտահերթ, այն էլ՝ օրինական ընտրություններ:

Եթե քաղաքագիտության «միամիտ» թեկնածուն «անկեղծորեն հավատում է» այդ ձեւով օրինական ընտրությունների անցկացման հեքիաթին, ապա լավ կլինի բացատրի, թե ինչո՞ւ դա չարեց իրենց նախորդ «նոր նախագահը» անցած 10 տարիների ընթացքում:

Սակայն նորից կա հակասություն հոդվածում, այն է՝ մի կողմից ասվում է՝ «համոզված եմ, որ արտահերթ ընտրությունները կլինեն արդար եւ ժողովրդավարական», իսկ մյուս կողմից՝ «պատճառները չվերացնելու դեպքում միշտ կարող են ստեղծվել նման իրավիճակներ՝ էլ ավելի ծանր հետեւանքներով»: Էլ ինչ համոզվածություն, երբ օրինախախտումների պատճառները չեն վերացվել:

Ես համոզված եմ, որ նոր ընտրությունների հիմքը մեկը պետք է լինի՝ անվավեր ճանաչված 2008թ. ընտրությունները: Հակառակ դեպքում՝ կրկնվելու է այն, ինչ տեղի է ունեցել տարիներ շարունակ, ավելին, լինելու է ողբերգական՝ հայաստանցու ընտրական իրավունքի վերջնական ոչնչացման համար:

Իսկ ընտրությունների անվավեր ճանաչման համար առկա են բոլոր անհրաժեշտ իրավական հիմքերը, ինչպես նաեւ՝ ժողովրդի մեծամասնության աջակցությունը եւ միջազգային իրավասու կառույցների քիչ թե շատ նպաստավոր եզրակացությունները:

Համոզված եմ, որ հոդվածագիրը տեղյակ էլ չէ, թե ի՞նչ իրավական միջոցառումներ են իրականացվում այդ ուղղությամբ, իսկ խոսքը՝ ՄԻ եվրոդատարան դիմելու անհեռանկարային նախաձեռնության մասին չէ:

Տիգրանի եւ բարոյականության մասին

«Շնորհակալություն, Տիգրան, անկեղծության եւ, որ ամենակարեւորն է, հիշողության դաշտից օգտվելու համարձակության համար». հոդվածագրի այս գովասանքն ուղղված է իր իսկ գնահատած «ընտրակեղծիքների քայքայիչ մեքենայի»՝ ԿԸՀ-ի նախկին անդամներից մեկին:

Հազվադեպ զուգադիպություն. պարզվում է՝ Տիգրանը նույնպես սույն խնդրով հիշում է միայն «ավելի վատ բաներ», բայց «նոր նախագահին» չառնչվող: Ավելին, այդ «համարձակ» Տիգրանի հիշողության մեջ չեն պահպանվել իր գործունեությանն առնչվող «վատ բաները» եւ նա չի հիշում անգամ, որ 1996թ. պատգամավորներին ԱԺ դահլիճում ծեծել են՝ ԿԸՀ անդամների՝ օրենքին հակասող գործունեության հետեւանքով:

Սակայն հոդվածագրին սա չի հետաքրքրում, ինչպես եւ այն, ինչ վերաբերում է իր «հիշողությանը», մասնավորապես՝ ինչո՞ւ իր իսկ բնութագրած «չարորակ մետաստազի նման մեր պետականության ոսկորին շուլալված ընտրակեղծիքների քայքայիչ մեքենայի» մասին Ռ. Հակոբյանը չէր խոսում 1998թ.-ից եւ պետական պաշտոն ստանալուց հետո, ավելին, ակտիվորեն գովերգում էր իշխանության մաս կազմող «ՀՅԴ» Կ-ին, որը լրջագույն ավանդ ունի վերջին տասը տարիների ընտրական գործընթացների կեղծման գործում:

Իհարկե, «ազնիվ եւ բարոյական չէ» նման մոտեցումը՝ համաձայնում եմ հոդվածագրի հետ:

Հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա

Հոդվածը, իմ կարծիքով, մի շատ կարեւոր խնդիր է լուծել, այն է՝ որ «նոր նախագահ» գնահատականով իրավիճակին արդարացի լուծում չես կարող տալ եւ միշտ ընկնելու ես հակասությունների մեջ: Եվ հենց այդ համարձակության համար, ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում արդեն պարոն դարձած նախկին գործընկերոջս:

Այնուամենայնիվ, փորձեմ նաեւ համառոտ ամփոփել դիրքորոշումս հոդվածում բարձրացված եզրահանգումների կամ մոտեցումների վերաբերյալ՝

1. ՀՀԿ ղեկավար Ս. Սարգսյանը ոչ միայն նախագահ չի ընտրվել, այլեւ՝ իրավունք չուներ մասնակցել քվեարկությանը,

2. մարտի 1-ի ողբերգական դեպքերի պատճառը ապօրինի ընտրություններն են, որոնց պատասխանատվությունը կրում են Ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետով սահմանված սուբյեկտները,

3. ապօրինի ընտրությունների դեմ ոտքի է ելել գրեթե ողջ ժողովուրդը՝ առաջին նախագահի աջակցությամբ (գլխավորությամբ),

4. առաջին նախագահի կառավարման տարիների հիշեցումը նպատակ է հետապնդում նսեմացնել Համաժողովրդական շարժման փաստը,

5. 2007թ. ԱԺ եւ 2008թ. նախագահի ապօրինի ընտրությունների պատճառը ՀՀ-ում ձեւավորված կոռուպցիոն համակարգն է, որի պատասխանատուն «քաղաքական կոալիցիա» կոչվող խմբավորումն է,

6. արտահերթ ընտրությունների անցկացման մասին հոդվածում առաջարկված ձեւի միակ նպատակը «նոր նախագահի» լեգիտիմացումն է:

Ո՞րն է ելքը

Ստեղծված իրավիճակի միակ լուծումը 2008թ. ընտրությունների անվավեր ճանաչումն է եւ, բնական է, նոր ընտրությունների անցկացումը: Այդ նպատակն այսօր ավելի քան մոտ է, սակայն պահանջում է դրան հասնելու համալիր միջոցառումների անցկացում, այդ թվում.

1. առաջին նախագահի վստահված անձանց հայցադիմումների քննարկում ՀՀ վարչական դատարանում, որը 8.03.08թ. ՍԴ որոշման եւ, հետեւաբար, ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի կատարումն է,

2. մարտի 1-ի դեպքերի անկախ եւ հրապարակային քննարկման կազմակերպում, որն իր մեջ պետք է ներառի նաեւ ընտրություններին, արտակարգ իրավիճակին եւ քաղբանտարկյալներին առնչվող բոլոր հարցերը,

3. դատական համակարգի գործունեության եւ ընտրական օրենսդրության վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում,

4. իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվության ապահովում Սփյուռքի եւ միջազգային իրավասու կառույցների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել