Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ՀԱՂԹԱՆԱԿՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ԿԱՐԵՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»

Հունիս 17,2008 00:00

\"\"Ավարտվեց գրոսմայստեր Կարեն Ասրյանի միջազգային անդրանիկ հուշամրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի ութ ուժեղագույն շախմատիստներ:

Անցած տարի Երեւանում անցկացված արագ շախմատի Լեւոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ մրցամարտից հետո, որում հաղթեց հայաստանցի գրոսմայստերը, եւ որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել մարզասերների շրջանում, Հայաստանի շախմատի ֆեդերացիան որոշել էր մեր երկրում կազմակերպել նաեւ արագ շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշար՝ «Շախմատային հսկաներ» անվանումով, որը հեռանկարում պետք է արժանի տեղ զբաղեցներ այնպիսի հեղինակավոր մրցաշարերի կողքին, ինչպիսիք են, ասենք, Մորելիա-Լինարեսը, Վեյկ ան Զեեն եւ ուրիշներ: Սակայն հենց մեկնարկի օրը գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ, ու կազմակերպիչները որոշեցին մրցաշարը կոչել նրա անվամբ:

Ճիշտ է՝ կորուստը շատ ծանր էր, սակայն մրցաշարն անցավ լարված ու դիտարժան պայքարում, որտեղ չկրելով եւ ոչ մի պարտություն, հաղթեց Լեւոն Արոնյանը՝ միայն վերջին օրը շրջանցելով մրցաշարի մշտական առաջատար Պետեր Լեկոյին: Իսկ ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Լեւոն Արոնյան (Հայաստան) 8,5 միավոր

2. Պետեր Լեկո (Հունգարիա) 8,0

3. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) 7,5

4. Բորիս Գելֆանդ (Իսրայել) 7,5

5. Բու Քսյանջի (Չինաստան) 7,0

6. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) 6,5

7. Մայքլ Ադամս (Անգլիա) 6,0

8. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) 5,0

Երեւանյան մրցաշարի ավարտից անմիջապես հետո կայացավ մասնակիցների պարգեւատրման եւ մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի նախագահ, հանրապետության շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ութ գրոսմայստերներին դրամական խոշոր պարգեւները հանձնելուց հետո ասաց. «Հայաստանի շախմատի ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել, որ այս մրցաշարը լինելու է ավանդական եւ մշտապես կրելու է Կարեն Ասրյանի անունը: Կարենին բոլորը գնահատում էին ոչ միայն որպես տաղանդավոր շախմատիստի, այլ նաեւ որպես բարձր առաքինություններ ունեցող մարդու: Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք Կարեն Ասրյանի հիշատակը վառ պահել: Պետք է անել ամեն բան, որպեսզի Հայաստանի շախմատի թիմը, հավերժացնելով Կարենի հիշատակը, չթուլացնի իր մարզական ունակությունները: Շախմատը լոկ մարզաձեւ չէ, շախմատը մարդուն դարձնում է ավելի իմաստուն, օգնում է ճիշտ գնահատել իրավիճակը, գտնել հաղթանակի հասնելու ամենակարճ ճանապարհը: Նաեւ այս պատճառներով Հայաստանի շախմատի ֆեդերացիան անելու է հնարավորը, որպեսզի շախմատը մեր երկրում ամեն օր ավելի տարածվի եւ այս իմաստուն խաղը հասու դառնա Հայաստանի բոլոր երեխաներին:

Ես ուրախ եմ ու ոգեւորված, որ Լեւոն Արոնյանը ցուցադրեց լավ խաղ եւ հաղթանակի հասավ: Կարծես այս բեմահարթակը շատ հաջողակ է նրա համար: Քիչ առաջ տղաների հետ կուլիսներում խոսում էինք: Նրանք հարցնում էին, թե հնարավորություն կա՞ այստեղ անցկացնել աշխարհի առաջնություն: Եթե Լեւոնը կարողանա հասնել այդ բանին, ապա Հայաստանի ղեկավարությունը, շախմատի ֆեդերացիան անպայման հանդես կգան նախաձեռնությամբ, որպեսզի այդ մրցամարտը կայանա այստեղ»:

Մրցաշարի ավարտից հետո «Առավոտը» դիմեց մասնակիցներից մի քանիսին՝ իմանալու, թե նրանք գո՞հ են իրենց մրցելույթից:

Լեւոն Արոնյան. «Վատ չխաղացի, թեեւ հարազատ մարդու կորցնելուց հետո դժվար էր անհրաժեշտ չափով կենտրոնանալ: Այս պահին ավելին անել, կարծում եմ, չէի կարող: Մրցաշարում կիրառում էի Կարենի նախասիրած ոճերը, որոնք ինձ էլ են հոգեհարազատ, եւ ուրախ եմ, որ ստացվեց: Հաղթանակս նվիրում եմ մեր ընկերոջ՝ Կարեն Ասրյանի հիշատակին»:

Պետեր Լեկո. «Շատ հետաքրքիր մրցաշար էր, որում հաղթելու մեծ հնարավորություն ունեի: Բայց վերջին տուրում Մորոզեւիչի հետ առաջին հանդիպման սկզբնախաղում սայթաքեցի, ինչն էլ վճռորոշ եղավ: Հաղթեց Լեւոն Արոնյանը: Եվ կարծում եմ, ամբողջ հայ ժողովուրդը դրա համար ուրախ է: Եթե Կարեն Ասրյանի անակնկալ մահը չլիներ, պայքարն ավելի սուր ու դիտարժան կընթանար: Կարենի մահը մեծ կորուստ է համաշխարհային շախմատի համար: Նա մեծ բարձունքների կարող էր հասնել: Նա ապրեց ընդամենը 28 տարի, բայց ապրեց ակտիվ ու այդ կարճատեւ կյանքի ընթացքում հասցրեց շատ բան անել ու իրենից հետո հետք թողնել կյանքում»:

Վլադիմիր Հակոբյան. «Արագ շախմատում ես ինձ սովորաբար վատ չեմ զգում: Ճիշտ է, այս մրցաշարում զբաղեցրի վերջին տեղը, բայց դա ինձ ներկա պահին չի մտահոգում: Պատճառն ինքներդ էլ գիտեք՝ Կարենի կորուստն էր: Մենք ոչ միայն թիմակիցներ էինք ազգային հավաքականում, այլեւ՝ մտերիմ ընկերներ: Նրա մահն այնքան էր ազդել ինձ վրա, որ եթե մրցաշարից դուրս գալու հնարավորություն լիներ՝ հաստատ չէի խաղա: Իսկ երբ պարզվեց, որ փոխարինող չլինելու պատճառով դա անհնար է, պարտավոր էի մասնակցել: Բայց պարտիաների արդյունքներն արդեն երրորդական նշանակություն ունեին»:

Ալեքսանդր Մորոզեւիչ. «Սկզբունքորեն գոհ եմ իմ արդյունքից: Վաստակեցի ավելի շատ միավոր, քան ակնկալում էի: Ինչ վերաբերում է խաղին, արագ շախմատը դժվար մրցաձեւ է, այն էլ այսպիսի բարձրակարգ մրցակիցների շրջապատում: Ցավալի սխալներ ու վրիպումներ, իհարկե, ունեցա: Մրցաշարը ցույց տվեց, որ ինքս ինձ վրա աշխատելու դեռ շատ տեղ ունեմ»:

Արշակ Պետրոսյան (օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ). «Մրցաշարը հաջող ստացվեց, քանի որ այստեղ հավաքվել էին շատ բարձրակարգ գրոսմայստերներ: Այն իսկապես մարզական մեծ տոն էր լինելու, եթե չլիներ Կարեն Ասրյանի անժամանակ մահը: Ես երկար տարիներ եղել եմ մեր հավաքականի մարզիչը ու վստահեցնում եմ, որ Կարենը մեր թիմի ոգին էր, բոլորի սիրելին: Ինչ վերաբերում է բուն մրցաշարին, իհարկե, ուրախ եմ, որ Արոնյանը արժանիորեն հաղթեց: Եթե նայեք նրա խաղերին, Լեւոնը ոչ մի պարտիայում պարտության վտանգի առջեւ չի կանգնել: Դա վկայում է, որ անգամ այդպիսի հոգեկան ցնցումից հետո նա, այնուամենայնիվ, կարողացավ հավաքել ուժերը եւ կայուն խաղ ցուցադրել: Մինչեւ վերջին օրը հուսալի էր խաղում Գաբրիել Սարգսյանը, որը միայն Գելֆանդից կրած երկու պարտությունից հետո դիրքերը զիջեց: Իսկ Վլադիմիր Հակոբյանը, պարզապես, ընկերոջ կորստից հետո չկարողացավ ինքն իրեն տիրապետել եւ ցուցադրել իրեն բնորոշ բարձրակարգ խաղը»:

Հարցին, թե ո՞ւմ էր ավելի շատ երկրպագում. հավաքականի իր սաների՞ն, թե՞ Լեկոյին, որն իր փեսան է, Արշակ Պետրոսյանը պատասխանեց. «Բոլորին: Որովհետեւ իմ փեսան ոչ միայն իմ, այլեւ Հայաստանի շախմատային ընտանիքի անդամն է»: Նույնը պատասխանեց նաեւ նրա դուստրը՝ Սոֆյան:

Շախմատային աստղերը տարվա ընթացքում մասնակցում են բազում մրցաշարերի, որոնք անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում: Դրա համար այդ ընթացքում նրանց կողքին լինում են ամենամտերիմ մարդիկ, որպես կանոն՝ նրանց կանայք կամ ընկերուհիները: «Առավոտի» լուսանկարչական խցիկը Երեւանում որսացել է նրանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել