Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ

Հուլիս 05,2008 00:00

\"\"Համաժողովրդական շարժման նախաձեռնած զանգվածային միջոցառումը, հակառակ ԱԱԾ-ի եւ ոստիկանության պաշտոնական

կանխատեսումների, անցավ խաղաղ եւ առանց միջադեպերի:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման նախատեսած հանրահավաքն ու երթը երեկ կայացավ, չնայած այն բանին, որ ըստ իշխանությունների՝ Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության, այն «արտոնված» չէր: Ազատության հրապարակը հերթական անգամ պաշարված էր ոստիկանության եւ հատուկ ջոկատայինների կողմից: Քաղաքապետարանի «արգելման» որոշման առնչությամբ ընդդիմությունն ու իշխանությունները տարբեր տեսակետներ ունեին, բայց դա երեկ արդեն էական չէր: Երեկոյան, հանրահավաքի մեկնարկից դեռ մեկուկես ժամ առաջ, իսկ հանրահավաքը նշանակված էր ժամը 19:00-ին, ոստիկանությունը, կարմիր բերետավորներն ու հատուկ ջոկատայինները փակել էին նաեւ Մատենադարան բարձրացող պուրակը եւ հարակից մայթերը, բայց դա չէր խանգարել, որ մարդիկ հավաքվեին եւ վանկարկեին արդեն վաղուց հնչող իրենց կարգախոսները՝ «Լեւո՛ն, նախագա՛հ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Հանրահավաքը, որին մասնակցում էր մի քանի տասնյակ հազար մարդ, մեկնարկեց նշված ժամից ուշացումով՝ ոստիկանության հարուցած խոչընդոտների, նաեւ տեխնիկական պատճառներով: Հանրահավաքը վարում էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: «Այն հետեւողականությամբ, որ մենք արդեն երկրորդ անգամ ոստիկանությունից եւ այս ավազակապետությունից ազատագրում ենք Մատենադարանը, նույն հետեւողականությամբ պետք է Հայաստանը դարձնենք ազատ, անկախ երկիր»,- հանրահավաքը բացելով՝ հայտարարեց Ս. Սուրենյանցը, որից հետո հավաքված բազմությունը երկար ժամանակ վանկարկում էր՝ «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան»: Նա նաեւ փաստեց, որ երեկվա հանրահավաքի բազմամարդ լինելն ու վճռականությունը հուշում են, որ իշխանության կողմից որեւէ քայլ, որեւէ բռնություն, զոռբայություն ի վիճակի չեն կոտրելու հասարակության վճռականությունը:

Ելույթները երեկ շատ էին. Տիգրան Պասկեւիչյան, Գրիգոր Հարությունյան, «ՀԻՄԱ» շարժման անդամ, վերջերս բռնության ենթարկված Նարեկ Հովակիմյան, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան եւ այլք: Ելույթներում անդրադարձ եղավ մարտի 1-ի դեպքերին, գնահատականներ տրվեցին իշխանությունների գործողություններին, վերլուծության ենթարկվեցին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի ընդունած Հայաստանին վերաբերող բանաձեւը եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության գործունեությունը, ՌԴ նախագահի՝ Բաքվում ստորագրած հուշագիրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում Ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունը եւ Հայաստանի միջազգային վարկի անկման փաստերը: Հանրահավաքում ընթերցվեց նաեւ քաղկալանավորների եւ այդ կարգավիճակում գտնվող ազատամարտիկների հայտարարությունը: Մասնավորապես, Գագիկ Ջհանգիրյանը բոլոր քաղբանտարկյալների անունից լիազորված էր եղել դիմելու Համաժողովրդական շարժման բոլոր առաջնորդներին՝ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ. «Հանուն մեր երկրի եւ ժողովրդի արժանապատիվ ապագայի, առաջնորդեք Համաժողովրդական շարժումը մինչեւ հաղթական ավարտ: Մեզ բացակա չդնեք: Մենք այս պայքարում ձեզ հետ ենք»:

Համաժողովրդական շարժման առաջիկա քայլերի տեսանկյունից ծրագրային էին Լեւոն Զուրաբյանի եւ Դավիթ Շահնազարյանի ելույթները: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ «մենք ոչ մի օր չենք ընդհատելու մեր պայքարը: Քաղաքական ակտիվությունը եղանակի հետ կապելը տգիտություն է», ուստի՝ նկատի ունենալով այն, որ հուլիսին լրանում է գործող նախագահի պաշտոնավարման 100-րդ օրը, եւ դրանից հետո եւս տասը օր լրանալուց հետո՝ օգոստոսի 1-ին, ժողովուրդը կհավաքվի այստեղ եւ իր վերջնական վճիռը կհայտնի արդեն ոչ թե քոչարյանասերժական ռեժիմին, այլ՝ հենց Սերժ Սարգսյանի կառավարմանը: Իսկ մինչ այդ, Լ. Զուրաբյանի ասելով, քանի որ իրենց կառուցողական բոլոր առաջարկները մերժվեցին եւ հակադարձվեցին բիրտ ուժով, շարժումն անցնելու է միմիայն կոշտ պայքարի. այն է՝ երեկվանից սկսվում է 28-օրյա շուրջօրյա նստացույց Հյուսիսային պողոտայում, որով նախապատրաստվելու է Շարժման՝ օգոստոսի 1-ին կայանալիք, իր ձեւակերպմամբ, հուժկու հանրահավաքը: «Իսկ մինչ այդ մենք իրավունք չունենք փողոցից տուն գնալ, քանի դեռ մեր ընկերները նստած են բանտերում»,- հայտարարեց բանախոսը:

Դավիթ Շահնազարյանը շարունակելով նախորդ ելույթը՝ հայտարարեց՝ Շարժման ներկայիս փուլն ունի իր առանձնահատկությունները. «Սա այլեւս այն հասարակությունը չէ, ինչ մենք ունեինք անցյալ աշնանը, եւ նույնիսկ այն, ինչ մենք ունեինք ձմռանը: Այսօր Հայաստանում կա քաղաքացիական հասարակություն, որը այլեւս պայքարում է իր արժանապատվության համար, եւ այն հասարակությունը չէ, որին 10 տարի իշխել է ռոբերտասերժական ավազակապետությունը, չկա նաեւ այն կեղծ ընդդիմությունը, որը եղել է այս իշխանության հիմքը»: Նա նաեւ արձանագրեց Շարժման երկրորդ առանձնահատկությունը՝ «այսօր գործող իշխանությունը վախենում է ոչ թե ընդդիմության առաջնորդներից՝ Լ. Տեր-Պետրոսյանից, Ստեփան Դեմիրճյանից կամ Արամ Սարգսյանից, այլ՝ հասարակության յուրաքանչյուր անդամից»:

Հանրահավաքը եզրափակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նախ վերլուծեց եւ գնահատականներ տվեց Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա կառավարմանը, ապա նաեւ նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը: Իր ելույթը նա ավարտեց՝ խոսելով Շարժման առաջիկա գործողությունների մասին. «Մենք իշխանություններին տվեցինք ժամանակ եւ հնարավորություն լրջորեն մտածել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պայմանով կառուցողական երկխոսություն սկսելու մեր առաջարկի վերաբերյալ: Սակայն նրանք չհասկացան կամ սխալ գնահատեցին մեր այդ քայլի դրդապատճառը-մոտիվացիան, ըստ երեւույթին, դատելով, որ քաղբանտարկյալներին պատանդ պահելով՝ մեզ կհարկադրեն զբաղվել միայն այդ հարցով եւ շեղվել Շարժման բուն նպատակներից: Ուստի, մենք առաջիկայում որոշ չափով փոխելու ենք մեր մարտավարությունը՝ ձգտելով հուլիս ամսին հասնել հասարակության առավելագույն մոբիլիզացիայի: Շարժումն այդ ընթացքում հիմնականում գործելու է երկու ուղղությամբ.

Առաջին. զանգվածային եւ ոչ զանգվածային միջոցառումների, երթերի, պիկետների, նստացույցերի, մարզային հանրահավաքների անցկացում, որի նպատակն է օգոստոսի 1-ի մեր հաջորդ համահանրապետական հանրահավաքի պատշաճ նախապատրաստումը, հանրահավաք, որի ընթացքում ամփոփվելու են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին հարյուր օրերի արդյունքները եւ ներկայացվելու դրանցից բխող մեր հետագա գործողությունների ծրագիրը:

Եվ երկրորդ. հիմնարար եւ հետեւողական աշխատանք՝ որպես նախընտրական դաշինք ձեւավորված Համաժողովրդական շարժումը տեւական քաղաքական գործոնի վերածելու, այն է՝ Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ:

Այսօրվանից Շարժումը հանդես է գալիս հետեւյալ կտրուկ պահանջներով. անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ընդդիմության եւ հասարակության դեմ ուղղված քաղաքական հաշվեհարդարը, կտրուկ միջոցներ ձեռնարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանի ապօրինի շրջաբերական-հրահանգով ողջ հանրապետությունով մեկ ծավալված քաղաքական հետապնդումները դադարեցնելու նպատակով:

Նաեւ շուտափույթ կերպով բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն պատասխանատուներին, առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանին, անմիջապես պաշտոններից հեռացնել նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում չարաբաստիկ դեր խաղացած, ինչպես նաեւ իրենց գործունեության մեջ լիովին վարկաբեկված անձանց՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, Գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին, Հ1-ի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին:

Նշված պահանջները չկատարելու եւ մանավանդ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը խափանելու դեպքում օգոստոսի 1-ից սկսած Շարժման գլխավոր կարգախոսը հայտարարել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»:

Հանրահավաքից հետո մեկնարկեց երթը, որն անցավ առանց միջադեպերի եւ ավարտվեց ժամը 23:00-ին՝ Հյուսիսային պողոտայում, որտեղ սկսվեց նաեւ շուրջօրյա նստացույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել