Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԻ ՓՈԽԱՐԻՆԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ

Հուլիս 09,2008 00:00

\"\"Պնդում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը

– Օրերս հայտնի դարձավ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի քննչական հանձնարարությունը, որտեղ նա նաեւ հանձնարարել էր հարցաքննել Լեւոն Տեր-Պետրոսյանի Վայոց ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի հարեւաններին: Ձեր նախկին տեղակալ, այժմ կալանավորված Գագիկ Ջհանգիրյանն այս կապակցությամբ հեգնել է, թե հանցակիցների նոր տեսակ է հայտնաբերվել՝ հարեւաններ, ու հուշել, որ անցնեք նաեւ քավոր-սանիկներին, սկեսուր-զոքանչներին, աներ-սկեսրայրներին կամ քեռու մարդկանց: Հնարավո՞ր է, որ նախաքննական մարմինը հարցաքննի նաեւ նման «հանցակիցների»:

– Քննչական հանձնարարությունը օրենսդրությամբ նախատեսված գործողություն է, որի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունն արդեն հանդես եկել է համապատասխան մեկնաբանություններով:

Նախաքննական մարմինը հարցաքննություններ է իրականացնում ոչ այն հիմքով, թե ով ում քավոր-սանիկը կամ հարեւան-բարեկամն է: Կան վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ, բնականաբար, տարվում են աշխատանքներ, հարցաքննվում են վկաներ, կասկածյալներ, փորձագետներ, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ: Այս ամենը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքով, որի մեջ գրված չէ, թե վկաներ կարող են լինել քավոր-սանիկ, կամ հարեւան-բարեկամ: Օրինակ՝ կոնկրետ անձի այլուրեքությունը պարզելու համար, թե նա այդ պահին որտեղ է եղել՝ տա՞նը, բակո՞ւմ, ինչպես նշում է, թե՞ մեկ այլ տեղ՝ բնականաբար պետք է հարցաքննվեն ընտանիքի անդամները, հարեւանները, նրա շրջապատի մարդիկ եւ ոչ թե մի ուրիշ քաղաքից ինչ-որ իքս անձինք:

– ՀՔԾ մեկնաբանություններում անդրադարձ չկա, թե իրենց ինչ գործն է պարզելը, ինչպես նշված է հանձնարարականում՝ «հանրահավաքների մասնակիցներն ինչ էին խոսում օտարերկրյա պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության մասին», «արդյոք հանրահավաքների մասնակիցները չէին գիտակցում, որ անկայուն այս իրավիճակը ձեռնտու է հարեւան պետություններին, ինչպես նաեւ այլ գերատեսչություններին», «արդյոք հանրահավաքների մասնակիցները չէին խոսում Հայաստանից Ռուսաստանի ներկայությունը հանելու օգտին»: Ու նաեւ, թե ինչո՞ւ պիտի պարզեին՝ հանրահավաքների մասնակիցները, ինչպես նաեւ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերն ինչ գույք ունեն:

– Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար տվյալներ մեծ չափերի հասնող ֆինանսական միջոցների շարժի մասին: Կան ցուցմունքներ, որ մարդկանց ներկայությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հանրահավաքներին ապահովվել է համապատասխան վարձատրությամբ: Իհարկե, եղել են անձինք, ովքեր ունեցել են դժգոհություններ կամ քաղաքական որոշակի հայացքներ՝ գնացել մասնակցել են, բայց կան նաեւ մարդիկ, որոնց վճարվել է հանրահավաքներին մասնակցելու համար, մեկ այլ խումբ նաեւ զինվել է: Եվ նախաքննական մարմինը պետք է ստուգի ու պարզի օրենքով սահմանված կարգի խախտմամբ միջոցառումների, որոնք հետագայում վերաճեցին զանգվածային անկարգությունների, կազմակերպման ֆինանսական աղբյուրները՝ առավել եւս, երբ կան որոշ տվյալներ արտասահմանից տրամադրված ֆինանսավորման մասին: Այս ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նաեւ ընտրակաշառքի դեպքեր ու, բնականաբար, նախաքննական մարմինը պետք է այս բոլոր հարցերի պատասխանները տա՝ որտեղից են գոյացել այդ գումարները, ով՝ ինչ նպատակների համար է հատկացրել:

Ինչ վերաբերում է մնացած հարցադրումներին՝ կրկնում եմ, հատուկ քննչական ծառայությունն արդեն իսկ ներկայացրել է պարզաբանումներ:

– Սակայն նրանց պարզաբանումները ծնում են նոր հարցեր: Ասենք, նշել են, թե բնակության վայրերից պիտի վերցնեին հանրահավաքներին մասնակցած անձանց, նախընտրական շտաբի պետերի եւ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ ու բնութագրեր, քանի որ անհրաժեշտ էր պարզել տվյալ անձի «ինտելեկտուալ զարգացման աստիճանը, հետաքրքրասիրությունների շրջանակը, մտավոր կարողությունները» եւ այլն:

– Այդ բոլոր տվյալներն անհրաժեշտ են հարցաքննություններն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

– ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ասում էր, թե ամեն շաբաթ իրեն զեկուցում են մարտի 1-ի գործի ընթացքի մասին՝ ապրիլին պնդում էր. «Այսօր արդեն ակնհայտ է, որ անկարգությունները կազմակերպված բնույթ էին կրում: Իրադարձությունների մեծ մասը ժամ առ ժամ, գրեթե րոպե առ րոպե վերականգված է: Այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են շահարկել քաղբանտարկյալների թեման, խոր հիասթափություն են ապրելու դատական նիստերի ժամանակ, երբ ծանոթանան փաստացի նյութերի հետ, որոնք այսօր կուտակում է քննչական խումբը եւ որոնք ներառվելու են մեղադրանքի մեջ: Կրկնեմ, խոր հիասթափություն են ապրելու, քանի որ տեսնելու են, թե ում են փորձել պաշտպանել, եւ ինչ հանցագործություն կատարած մարդկանց թիկունքում են փորձել կանգնել շատերը»: Բազմաթիվ գործեր են արդեն քննվել դատարանում, բայց մեր տպավորությամբ, նման հիասթափություն, որի մասին խոսում էր պարոն Քոչարյանը՝ բնավ չկա:

– Հիասթափված լինել կամ չլինելը երեւի սուբյեկտիվ ընկալում է: Հիշեցնեմ, որ մեղադրանքներ առաջադրվել են զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցների, կազմակերպողների, որոնց առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են եւ կան ուժի մեջ մտած դատավճիռներ, ինչն արդեն պետք է հիասթափության պատճառ դառնար: Եթե կան մարդիկ, ովքեր մայրաքաղաքում տեղի ունեցած վայրագություններից ոգեւորվում են՝ արդեն այլ հարց է:

Այո՛, եղել են քրեական գործեր, երբ դատարանում հենց մեղադրողն է հրաժարվել մեղադրանքից՝ գտնելով, որ այն դատարանում չի հիմնավորվել, որոշ գործերով դատարանն է նման եզրակացության հանգել եւ արդարացրել: Երկու տասնյակ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հենց նախաքննության փուլում:

Պետք է նաեւ նկատեմ, որ քրեական գործերը երբեմն օբյեկտիվ չեն լուսաբանվում եւ տարբեր ԶԼՄ-ներ ըստ իրենց համակրանքների են ներկայացնում դատաքննությունը, ցուցմունքները:

– Մի ոչ սուբյեկտիվ չափանիշ էլ կա. իշխանությունը համաձայնեց պահանջին, որ ստեղծվի մարտի 1-ի դեպքերի քննության այլ մարմին՝ խորհրդարանական հանձնաժողով: Եվ Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե վստահություն լիներ դատախազության եւ արդարադատության նախարարության հանդեպ՝ նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չէր լինի:

– Անկախ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին ինքս էլ եմ խոսել մարտին, այդ թվում՝ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ: Այդ հանձնաժողովն իր կարգավիճակով կարող էր լինել միայն ԱԺ պատգամավորներից կազմված, այսինքն՝ ոչ գործադիր, ոչ դատական իշխանության ոլորտում, ինչը եւ տեղի ունեցավ: Անկախ հանձնաժողովը երբե՛ք չի կարող փոխարինել նախաքննություն իրականացնող մարմնին եւ պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանում է նախաքննական մարմինը: Վերջինս քննում է եւ քրեաիրավական գնահատական տալիս տեղի ունեցած իրադարձություններին: Բայց հարցը շատ ավելի գլոբալ է, եւ հանցագործության պատճառահետեւանքային կապից բացի, որի պարզաբանումն, անշուշտ, նախաքննական մարմնի պարտականությունն է, անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել քաղաքական հետեւանքներն ու նպաստող պայմանները: Այս առումով իրոք շատ եմ կարեւորում հանձնաժողովի գործունեությունը: Կարծում եմ՝ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները կարող են մեծապես օգնել նաեւ նախաքննական մարմնին՝ բազմակողմանի քննություն ապահովելու համար:

Հանձնաժողովն ուսումնասիրում է այլ բնույթի հարցադրումներ, իսկ նախաքննական մարմինը, ինչպես աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում, այնպես էլ Հայաստանում՝ անկախ է ամեն տեսակ հանձնաժողովներից, ու հատկապես օրենսդիր ու գործադիր իշխանություններից: Այնպես որ, ընդգծում եմ՝ դա ամենեւին կապ չունի վստահության ցուցանիշի հետ: Առավել եւս դատախազության նկատմամբ, որը ոչ թե նախաքննություն իրականացնող մարմին է, այլ հսկողություն է իրականացնում նախաքննության օրինականության նկատմամբ: Համոզված եմ, որ իրավաբան պատգամավորները գիտեն այդ մասին: Եվ չեմ հասկանում, թե ընդհանրապես ինչ կապ ունի այստեղ արդարադատության նախարարությունը, որտեղ հարգարժան Դավիթ Հարությունյանն աշխատել է, եւ գիտի, որ այդ նախարարությունն ընդհանրապես կապ չունի նախաքննության իրականացման գործընթացների հետ: Թեեւ վերջին շրջանում որոշ պատգամավորների համար կարծես թե սովորական է դարձել դատախազական գործառույթների վերաբերյալ օրենսդրությունից չբխող, երբեմն նաեւ ուղղակի խեղաթյուրող հայտարարություններով հանդես գալը: Ավելին՝ անգամ գլխավոր դատախազի հրապարակավ հնչեցված հայտարարություններն են խեղաթյուրում: Կան անձինք, որոնք այս կերպ են պատկերացնում իրենց գործունեությունը. ի՞նչ կարող ես անել, դա նրանց իրավունքն է: Պատգամավորներն իրավունք ունեն քաղաքական նպատակներով հանդես գալ տարբեր հայտարարություններով, բայց նաեւ չպետք է մոռանան իրենց բարձր կարգավիճակի մասին:

– Ի դեպ, ոչ միայն մեր գործիչները չեն հավատում նախաքննությանը, այլ նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերը Երեւանում հայտարարեց, թե դեսպանատան իր գործընկերների տեղեկատվությանն ավելի շատ է վստահում, քան այն, ինչ կարող է լինել հետաքննության նյութերում:

– Տարբեր քաղաքական գործիչներ, պետական այրեր, դիվանագետներ հանդես են գալիս տարբեր հայտարարություններով, այդ թվում՝ դատական գործընթացների վերաբերյալ, գնահատականներ հնչեցնում դատական ակտերի, նախաքննության արդյունքների վերաբերյալ: Եթե այդ նույն անձինք շահագրգիռ են, որ Հայաստանում իրոք ձեւավորվի իրավական պետություն, ապա պարտավոր են հարգանքով վերաբերվել մեր ինստիտուտներին: Նախաքննությամբ ձեռք բերված նյութերին վերջնական գնահատական տալու իրավունքը դատարանինն է: Դատարանն է որոշում՝ հիմնավոր, արժանահավա՞տ են այս կամ այն քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները, թե՞ ոչ: Կարող ենք համակարծիք չլինել դատարանի որոշման հետ, սակայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար:

– Չնայած բոլոր հերքումներին՝ շարունակվում են շրջանառվել լուրեր Ձեր հնարավոր պաշտոնանկության մասին: Այդ պահանջը հնչեց նաեւ ընդդիմության վերջին հանրահավաքում: Մտադի՞ր եք հրաժարական տալ:

– Ափսոս են թերթի էջերը նման անլուրջ խոսակցություններին անդրադառնալու համար: Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնն առաջին հերթին նշանակում է բարձր պատասխանատվություն: Ես երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից եւ երբեք իմ գործունեությունը չեմ պայմանավորել ինչ-որ մարդկանց ցանկություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել