Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային խճանկար

Հուլիս 29,2008 00:00

Մեկնեցին Ղրիմ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը երեկ մեկնել են Ղրիմ՝ մասնակցելու հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված արարողությանը: Հայկական պատվիրակության կազմում են արտաքին գործերի եւ մշակույթի նախարարները, արտգործնախարարության Սփյուռքի հետ կապերի կոմիտեի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Հայաստանի նախագահը ներկա կգտնվի Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությանը, որը կկատարվի Վեհափառ հայրապետի ձեռամբ:

Սուրբ Խաչը միջնադարյան հայ ճարտարապետության նշանավոր կոթողներից է եւ ղրիմահայ գաղթօջախի հոգեւոր կենտրոնը, որը դարեր շարունակ եղել է տեղի աթոռակալ եպիսկոպոսների նստավայրը: Ղրիմ այցի ընթացքում Հայաստանի նախագահը զրույց կունենա Ուկրաինայի իր գործընկերոջ՝ Վիկտոր Յուշչենկոյի հետ: Երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ կստորագրվի մինչեւ 2012 թվականի համագործակցության վերաբերյալ պայմանագիր:

Ստեղծվել է դպրոց

Ինչպես երեկ տեղեկացրին ԳԱԱ լրատվականից, ՀՀ ԳԱԱ եւ «Ռադվան տեխնոլոգիա» ՍՊԸ-ի միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում ստեղծվել է Աբել Աղանբեկյանի անվան կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոց: Դպրոցի ուղղվածությունը՝ իրենց մասնագիտական աճով շահագրգռված բիզնես-ղեկավարների, բիզնես-վերլուծաբանների եւ բարձրակարգ խորհրդականների պատրաստումն է: Ներկայումս «Ռադվան տեխնոլոգիայում» աշխատանք է տարվում կրթական ծրագրերի հաստատման, դասավանդող անձնակազմի ձեւավորման ուղղությամբ, որտեղ պետք է ընդգրկվեն միջազգային մակարդակի մասնագետներ: Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կորպորատիվ կառավարման քաղաքականությանը համապատասխանող կադրերի: Այս նպատակով «Ռադվան տեխնոլոգիա» ՍՊԸ-ն կազմակերպում է ներդրումային նախագծերի մշակողների մրցույթ, որտեղ, խոշոր մրցանակների հետ միասին (1-ին տեղ՝ 1 մլն 500 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 800 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 600 հազար դրամ), լավագույն մասնակիցները կապահովվեն բարձր աշխատավարձ ունեցող աշխատանքով:

18-20 միավորները նվազել են

Կենտրոնացված քննություններն արդեն «հատել են հասարակածը», եւ անցած մեկ շաբաթվա արդյունքներն ամփոփելու նպատակով ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը՝ լրագրողների ուղեկցությամբ, երեկ այցելեց Հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) հաշվիչ կենտրոն: Այստեղ լրագրողները ծանոթացան դիմորդների անձնական տվյալների ծածկագրման եւ ապածածկագրման համակարգին: ՀԸՀ հաշվիչ կենտրոնի մշտամնա տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց նաեւ քննությունների արդյունքների 2007-2008 թվականների համեմատական վերլուծությունը՝ նույն ժամանակաշրջանում:

Գրաֆիկական պատկերները վկայում են, որ այս տարի բոլոր քննություններում արձանագրվում են առավելապես միջին միավորներ. քիչ են բարձր միավորները, բարձր ու ցածր միավորների կտրուկ շարժեր այս տարի չկան: Ինչպես հայոց լեզու եւ գրականություն, այնպես էլ օտար լեզուների բանավոր քննություններում մեծ թիվ են կազմում միջին միավորները: Ընդհանուր պատմության դեպքում եւս պատկերն առավել ակնառու է, եւ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի այս առարկայից դեռ 20 չի արձանագրվել: Հայոց պատմության քննությունից, որը կանխորոշիչ քննություն է մեծ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ֆակուլտետներում, առավելագույն միջին միավորը 14,5 է՝ նախորդ տարվա 16,5-ի փոխարեն:

Ներկայացվեցին նաեւ համեմատական տվյալներ՝ ըստ առանձին բուհերի եւ մարզերի դիմորդների առաջադիմության: Պարզվում է՝ մարզերի դիմորդները աշխարհագրություն, պատմություն առարկաներից  ավելի բարձր միավորներ են ստանում, քան մայրաքաղաքի դիմորդները, իսկ մայրաքաղաքն աչքի է ընկնում անգլերենից ցուցաբերվող բարձր գիտելիքներով: Ամենաշատ գանգատարկումներն աշխարհագրությունից են, ամենաքիչը՝ ընդհանուր պատմությունից:

Մհերը հինգերորդն է

Երեկ Յուրմալայում ավարտվեց «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Մհեր Մեսրոպյանը: 341 միավորով նա հայտնվեց 5-րդ հորիզոնականում, 4-րդ-ում Լատվիայի ներկայացուցիչն է: 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը բաժին են ընկել Վրաստանի, ՌԴ-ի եւ Իտալիայի ներկայացուցիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել