Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ՌԵՅՏԻՆԳԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է»

Օգոստոս 06,2008 00:00

Անկախ այն բանից, որ աշտարակցիները քաղաքապետից դժգոհում են, նա վստահ է, որ վերընտրվելու է

Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը քաղաքում կատարվող ցանկացած բարի գործ իրեն է վերագրում: Այն, որ կառավարության հատկացրած գումարով քաղաքում երաժշտական դպրոց է կառուցվում, այն, որ Վեհափառի օժանդակությամբ եւ պետբյուջեից տրամադրված գումարներով Ներսես Աշտարակեցու արձանն է տեղադրվում, այն, որ Աշտարակի մայրուղիները գրեթե ամբողջովին լուսավորվել են ու քաղաքի համար կարեւորություն ներկայացնող նման տասնյակ գործեր քաղաքապետը ներկայացնում է այնպես, որ այսօր փոքրից մինչեւ մեծ, բոլոր աշտարակցիները կարծում են, թե Գ. Թամազյանը սեփական գրպանի հաշվին է քաղաքի համար «բարերարություններ» անում: Այս մասին վկայում են աշտարակցիները:

Ըստ ազատամարտիկ Երվանդ Արամյանի, Գ. Թամազյանը ապօրինի գործարքները օրինական է դարձնում, իսկ օրինական գործարքները՝ մերժում ու «բանի տեղ չի դնում»: Ե. Արամյանի ներկայացմամբ, քաղաքապետի «թեթեւ ձեռքով» ինքը զրկվել է իր ընտանիքի համար կենսական նշանակություն ունեցող 3 հա հողատարածքից, որին տիրապետել է ավելի քան 15 տարի: Ե. Արամյանի պատմելով, իր հայրենասիրության եւ մարտի դաշտում ցուցաբերած խիզախության համար դեռեւս 1990-ին, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ, իրեն անժամկետ, անվճար եւ առհավետ օգտագործման իրավունքով տրվել է 3 հա հողատարածք: Ե. Արամյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ երբ ինքը 1992-ին կռվելիս է եղել Ղարաչինարում, այն ժամանակվա գործկոմի նախագահը իր հողատարածքը՝ որպես տնամերձ, առանց անշարժ գույքի վկայականների, պարզապես կտրոններով բաժանել է 22 հոգու: Սակայն, բնակչի ներկայացմամբ, այդ 22 հոգին էլ շատ լավ գիտակցելով, որ հողատարածքի մասնատումը ձեւական է եւ այն իրենց չի կարող պատկանել, քանի որ արդեն տեր ունի, այդտեղ երբեւիցե որեւէ գյուղատնտեսական աշխատանք չեն իրականացրել: Ըստ Ե. Արամյանի, ինքը հողի մշակման եւ պարարտացման վրա մեծ գումարներ է ծախսել, տարիներ շարունակ այդ հողատարածքում գարի, ձմերուկ, ծխախոտ եւ այլ մշակաբույսեր է աճեցրել ու իրեն երբեւիցե ոչ ոք չի խանգարել, իսկ հողի ոչ մի նոր սեփականատեր այդ տարիների ընթացքում չի հայտնվել: Իսկ երբ 2006-ին, ըստ պահանջվող կարգի, անշարժ գույքի հին վկայականը նորով փոխարինելու համար Ե. Արամյանը դիմել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, այնտեղ նրան տեղեկացրել են, որ նոր վկայական ստանալու համար պետք է քաղաքապետից գրություն ներկայացնել այն մասին, որ տվյալ հողատարածքը անհատույց պատկանում է իրեն: Սակայն, ըստ Ե. Արամյանի, քաղաքապետը, հաշվի չառնելով ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը եւ իր անշարժ գույքի վկայականը, հիմք է ընդունել գործկոմի նախագահի կողմից արված ապօրինի գործարքն ու մերժել է նրան տրամադրել տեղեկանք՝ պատճառաբանելով, որ այդ հողատարածքը վաղուց նրան չի պատկանում: Ե. Արամյանի խոսքերով. «Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներն այս հարցը պարզելու համար ստուգում են իրականացրել եւ բացահայտել, որ, իրոք, քաղաքապետարանում պարոն Թամազյանի գլխավորությամբ անօրինականություն է կատարվել: Սակայն նրանք, կոռուպցիան կանխելու փոխարեն, ինձ խորհուրդ են տալիս դիմել դատարան»: Ե. Արամյանը համոզված է, որ քաղաքապետը, շահադիտական նկատառումներով կադաստրի հետ համաձայնության գալով, իրեն պատկանող հողատարածքը որպես տնամերձ բաժանել է Աշտարակի քաղաքացիներին:

Այս առնչությամբ Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքն այս հարցում ոչ մի մեղք չունի. «90 թվականին Արամյանն ունեցել է կոոպերատիվ, որին էլ Մինիստրների խորհրդի որոշմամբ տրվել է 3 հա հողատարածք՝ «Վառոյի ձորակ» կոչվող տարածքում: Դրանից հետո, 93-ին, երբ դեռ քաղաքապետերն իրավունք ունեին տնամերձեր բաժանելու, հաշվի չեն առել այդ մարդու իրավունքները եւ հողամասի բավականին մեծ մասը նախատեսել են մանկապարտեզի շինարարության եւ տնամերձերի համար: Արամյանը 2006-ին եկել է ինձ մոտ եւ ասում է, թե իմ հողը տվեք ինձ: Ես էլ բացատրել եմ, որ ինձանից 15 տարի առաջ այդ հողատարածքը բաժանվել է: Մարդիկ էլ 15 տարի այդ հողին տիրապետել են, ու քանի որ անշարժ գույքի վկայական են ունեցել՝ առուծախ են արել, այդ հողի վրա տներ են սարքել: Ես այստեղ ի՞նչ մեղք ունեմ»: Պարոն Թամազյանի տեղեկացմամբ, 2 անգամ նախագահի վերահսկողական ծառայությունից եւ 1 անգամ էլ վարչապետի հանձնարարականով են եկել Արամյանի գրածների ճշմարտացիությունը ստուգելու. «Եթե դա ինձ հետ կապ ունենար՝ ինձ արդեն բռնել-տարել էին, ու ես հիմա նստած էի: 1996-ից հետո ոչ մի քաղաքապետ տնամերձ հողամաս բաժանելու իրավասություն չունի: Ես նրան խորհուրդ եմ տվել դիմել դատարան: Թող դատարանը վճիռ կայացնի, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»: Ինչ վերաբերում է նրան, որ Աշտարակում արվող ցանկացած լավ գործ քաղաքապետն իրեն է վերագրում, է ապա Գ. Թամազյանը հավաստիացրեց, որ բոլորն էլ տեղյակ են, թե ինչն է արվում իր եւ ինչը՝ պետության ջանքերով. «Օրինակ, Ներսես Աշտարակեցու մոնումենտի համար 10 միլիոն դրամ տրամադրվել է պետբյուջեից, իսկ 20 միլիոն՝ մեր միջոցներից»: Ե. Արամյանը «Առավոտին» տեղեկացրեց նաեւ, որ հոկտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրությունների պատճառով Գ. Թամազյանը «ոտ ու ձեռ ընկած» ուզում է հարցին շուտափույթ լուծում տալ. «Երբ առաջ ընդհանրապես ոչ մի քայլ չէին ձեռնարկում, հիմա արդեն ինձ տարբերակներ են առաջարկում: Ասում են, որ պատրաստ են քաղաքի տարբեր հատվածներից մաս-մաս իմ 3 հեկտարն ինձ վերադարձնել, բայց ես չեմ համաձայնում: Ես իմ արյան գնով հող եմ վաստակել, ներդրումներ եմ արել ու այդ հողն եմ պահանջում»: Քաղաքապետի առաջիկա ընտրությունների վերաբերյալ «Առավոտի» հարցին Գ. Թամազյանը պատասխանեց. «Ես ոչ թե դնելու եմ իմ թեկնածությունը, այլ այն չեմ հանելու: Իմ ռեյտինգն այսօր շատ բարձր է, եւ ես շարունակելու եմ աշխատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել