Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Օգոստոս 28,2008 00:00

Երեկ մեկնարկեց «Հայաստանում Լիբանանի մշակույթի շաբաթը»: Նախագծի առիթը Լիբանանի մշակույթի նախարարության ուղարկած գրությունն էր՝ ՀՀ մշակույթի նախարարությանը, որով ցանկություն էր հայտնվում ՀՀ ուղարկել «Ֆայհա» երգչախմբին: «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ Երեւանում, Գյումրիում, Ստեփանակերտում եւ Շուշիում տեղի կունենան համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, որոնց միջոցով հայ հանդիսատեսը հաղորդակից կդառնա Լիբանանի արաբական եւ հայկական մշակույթին: Տրիպոլիում եւ Հյուսիսային Լիբանանի այլ քաղաքներում ապրող արաբներից կազմված «Ֆայհա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Պարգեւ Թասլաքյանն ասաց. «Մեր երգացանկում կան Կոմիտասի, Կանաչյանի եւ արաբ երաժիշտների ստեղծագործություններ: Ստանձնել ենք արաբական եւ հատկապես հայկական երաժշտության տարածման գործը աշխարհում»: Չնայած Լիբանանից ժամանած արվեստագետները նշեցին, որ Լիբանանում հայերը մեծ ներդրում ունեն լիբանանյան մշակույթի զարգացման գործում, սակայն փաստեցին նաեւ, որ ոչ միշտ է այնտեղ հեշտ ստեղծագործելը: Օրինակ՝ գեղանկարիչ Րաֆֆի Անտոնյանը, ում նկարների ցուցահանդեսը երեկ բացվեց «Նարեկացի» արվեստի միությունում, «Առավոտին» ասաց. «Պատերազմը կարծես արվեստագետի հոգին էլ է քարուքանդ անում, հետո շատ դժվար է ինքդ քեզ վերագտնելը»: Իսկ «Սաֆադի» հիմնադրամի մշակութային բաժնի ղեկավար Ռիադ Ալամեդին ասաց. «Հայ համայնքը Լիբանանում մեծ դերակատարություն ունի: Լիբանանում կա 7 հայ պատգամավոր եւ 2 նախարար: Քանի որ այնտեղ հայերի թիվը հասնում է 500.000-ի, ցանկություն կա նաեւ հայկական խմբեր տանել Լիբանան»: Իսկ ՀՀ-ում Լիբանանի դեսպան Գաբրիել Ժաարան նկատեց. «Հայկական մշակույթը շատ առողջ եւ վառվռուն է տրամադրված Լիբանանի հանդեպ: ՀՀ անկախությունից հետո բազում հայ արվեստագետներ այցելել են Լիբանան, սակայն Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում լիբանանյան մշակույթի շաբաթ: Անցյալ տարի ծրագիր կար Լիբանանում կազմակերպել Հայաստանի մշակույթի օրեր, սակայն հունիսյան պատերազմի պատճառով այն հետաձգվեց»: «Առավոտը» դեսպանից հետաքրքրվեց, թե դժվա՞ր է ՀՀ-ում Լիբանանի դեսպան լինելը: «Մեր երկրները մտերմիկ հարաբերությունների մեջ են, հետեւաբար շատ հեշտ ու հաճելի է Հայաստանում լինել դեսպան: Ես կարծես հայ լինեմ, ձեր երկրում արդեն 4.5 տարի հայի պես եմ ապրում»,- հնչեց պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել