Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տնտեսության վիճակը 2-3 ամսից կվատթարանա»

Հոկտեմբեր 10,2008 00:00

Տնտեսագետներ Հրանտ Բագրատյանն ու Թաթուլ Մանասերյանը համակարծիք են այս հարցում:

ՀՀ նախագահը, վարչապետը եւ այլ պետական պաշտոնյաներ, իրենց ելույթներում անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հայտարարում են, որ այն մեր երկրի հետ կապ չունի եւ մեր տնտեսության վրա բացասաբար չի անդրադառնում: Հանրապետության նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, ՀՀ իշխանությունների այս դիտարկումներն առնվազն անլուրջ են ու անհեթեթ: Ըստ Հ. Բագրատյանի՝ «չի բացառվում, որ վարչապետն ու իր կառավարության անդամներն իսկապես չեն հասկանում, թե ամերիկյան ճգնաժամի հետ մեր երկիրն ինչ կապ ունի»: Երեկ տեղի ունեցած ասուլիսում տնտեսագետը մի քանի օրինակ բերեց, որպեսզի իշխանության ներկայացուցիչները զգան այդ կապը. «Ինչպե՞ս կարող է մեզ հետ կապ չունենալ, եթե այսօր ռուսական «ՎՏԲ» բանկը ունի փողը վերադարձնելու, այսինքն՝ լիկվիդայնության խնդիր, եթե այսօր նվազում են նավթի, գազի գները, իսկ պղնձի եւ մոլիբդենի գներն իջնում են կատաստրոֆիկ ձեւով: Չնայած տները չեն վաճառվում, բայց անշարժ գույքի գները մեզ մոտ չեն իջնում, կամ համաշխարհային շուկայում մոտ 50%-ով իջել է նավթի գինը, իսկ բենզինն ինչո՞ւ չի իջնում: Երկու անգամ իջել է նաեւ ձեթի գինը, Հայաստանո՞ւմ քանի դրամով է այն նվազել: Կամ երեկ հաղորդում են, որ բրիտանական կառավարությունը օգնում է փրկել «HSBC» բանկը: Հիմա կասեն, որ այդ բանկն էլ մեզ հետ կապ չունի»: Ըստ Հ. Բագրատյանի, այդ նույն ճգնաժամի հետեւանքով է, որ օրերս «ԱրմենՏելը» աշխատանքից ազատեց ավելի քան 700 աշխատակցի: Ըստ տնտեսագետի՝ այս իրավիճակը մեր տնտեսության վրա լրջորեն կանդրադառնա 2-3 ամսից:

Ասուլիսի ընթացքում Հ. Բագրատյանը անդրադարձավ նաեւ հայ-թուրքական սահմանի բացմանն ու ներքաղաքական մի քանի հարցերի: Նրա համոզմամբ. «Եթե հնարավոր է բացել այդ սահմանը, ես դրա կողմնակիցն եմ, սակայն այստեղ չպետք է խառնել Ղարաբաղի հարցը: Տնտեսական առումով ես վտանգ չեմ տեսնում, սկզբում կլինի այն, ինչ եղավ Իրանի հետ, երբ 91-92 թվականներին իրանական էժան ապրանքը լցվեց Հայաստան: Այսինքն՝ կգա թուրքական կոշիկը, հագուստը, բայց վերջին հաշվով չէ՞ որ մենք ենք մեր դասագրքերում գրում, որ աշխատող ու ստեղծող ազգ ենք եւ եթե դա այդպես է, ուրեմն մի 2-3 տարի հետո թուրքերը պետք է բողոքեն մեզանից: Ես լուրջ չեմ համարում դրանից առաջացող վնասը: Գուցե կարճաժամկետ, փոքր շոկեր լինեն, բայց 1-2 տարում մենք կտեսնենք, որ մեր զարգացման հնարավորություններն ավելի մեծ են: Վստահ եմ, որ մեր քոչվոր հարեւանների նկատմամբ բիզնեսում ունենք համեմատական առավելություն»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ընդդիմությունը հոկտեմբերի 17-ի հանրահավաքից, պարոն Բագրատյանն ասաց. «Օրը կգա՝ կտեսնենք, բայց ակնհայտ է, որ այսօր իշխանությունն ուզում է ընդդիմությունից շատ բան պոկել, որովհետեւ հասկանում է, որ շուտով ստիպված է լինելու զիջել»: Նախկին վարչապետն անդրադարձավ նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս հնչեցրած ուղերձին: Այն, որ այդ ուղերձում մարտի 1-ի դեպքերի մասին ոչինչ չասվեց, ըստ նրա, բացահայտ լկտիություն էր. «Եթե մարդ է սպանվել, ուրեմն կա սպանող: Լկտիություն էր այդ մասին չհիշատակելը: Իսկ մի՞թե լկտիություն չէ Հ. Աբրահամյանին ԱԺ նախագահ դարձնելը: Մի՞թե այդքան գոհ էինք նրա աշխատանքից, ու մի՞թե սա էր պահանջում մեր քաղաքական իրավիճակը»: Համահայկական միջազգային բանկ ստեղծելու մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը Հ. Բագրատյանն այսպես մեկնաբանեց. «Նա դրանով իր ապագա աշխատատեղի հարցն է լուծում»:

Գրեթե նույն թեմաների շուրջ երեկ ասուլիս էր հրավիրել նաեւ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ի տարբերություն Հ. Բագրատյանի՝ վերջինիս կարծիքով, ճգնաժամը մեզ վրա այնքան աննշան է ազդել, որ նույնիսկ տեսանելի չէ. «Հայաստանն առայժմ իր տնտեսության մրցունակության մակարդակով չի կարող աչքի ընկնել համաշխարհային շուկայում, բայց դա նաեւ բարեբախտություն է, քանի որ իր վրա չի կրում այդ ճգնաժամի ծանր հետեւանքները: Հայաստանը փոքր շուկա ունի եւ զգալի կորուստներ չի կարող ունենալ»: Հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ Թ. Մանասերյանն ասաց. «Սահմանի բացումը օրինաչափ եւ նորմալ երեւույթ է: Նախեւառաջ մենք դրան պետք է պատրաստ լինենք մրցունակության բավարար աստիճանով: Այսօր էլ մենք ունենք հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց դրանք միջնորդված են Վրաստանով: Ունենք ստվերային առեւտրաշրջանառություն, եւ ապրանքը բարձր գներով է հասնում սպառողին, իսկ սահմանի բացման դեպքում դրանք կլինեն ավելի մատչելի»: Նրա կարծիքով, ամերիկյան ճգնաժամի ուղղակի ազդեցությունը մենք կզգանք կամ այս տարեվերջին, կամ հաջորդ տարվա սկզբին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել