Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՈՐԱԿ ՕՐԵՆՔ ԳՐՈՂՆԵՐԻՆ՝ ԳԼԽԱՏՈՒՄ ԷԻՆ

Հոկտեմբեր 10,2008 00:00

\"\"Հռոմի օրինակը վկայակոչեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը՝ մատնանշելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի» թերությունները:

Երեկ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր քննարկում, որտեղ անդրադարձան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» կատարված վերջին փոփոխություններին, ԶԼՄ-ների, երթերի եւ հավաքների ազատության ոտնահարումներին, ինչպես նաեւ տարածված կոռուպցիայի եւ իշխանության չարաշահումների դեպքերին: Քննարկվեցին նաեւ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը եւ Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման գործընթացը: Քննարկմանը մասնակցում էին տեղական եւ միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, քաղաքական կուսակցությունների, պետական հիմնարկների ներկայացուցիչներ: Ելույթ ունեցան «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ Լարիսա Մինասյանը, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը եւ այլք:

Բ. Նավասարդյանը հիշեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքն» ընդունելիս եղել է մի քննարկում տեղական փորձագետների, խորհրդարանական ուժերի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ. «Քննարկման ժամանակ մի իրավագետ ասաց, որ Հին Հռոմում, երբ անորակ օրենքներ էին ընդունվում՝ դրանց հեղինակներին գլխատում էին: Մենք, իհարկե, այդ դաժանության կողմնակիցներից չենք, բայց դառնալով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» վերջերս ընդունված փոփոխություններին, ասեմ՝ այնտեղ, երբ որոշվում էր, թե ինչ պետք է անել ընդհանրապես հեռուստատեսային եւ ռադիոարտոնագրերի համար, մոռացել էին հստակ ձեւակերպում տալ, թե ինչ անել ռադիոընկերությունների հետ: Ընդամենը երկու օր առաջ ես կառավարության կայքում տեսա, որ փորձելու են այդ սխալը սուսիկ-փուսիկ ուղղել, այսինքն՝ օրենքում նոր փոփոխություն է լինելու, իհարկե՝ «չնկատելով» այն հանգամանքը, որ այդ սխալը տեսել էին հ/կ-ները…»:

Բ. Նավասարդյանը, նշելով օրենսդրական փոփոխությունների հետեւանքով առաջացած խնդիրները, ներկայացրեց նաեւ օրենքի ընդունման ժամանակագրությունը. «Ինչպես հայտնի է, ԵԽ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորություններից մեկն էր՝ հեռարձակման ոլորտում ձեւավորել այնպիսի օրենսդրություն, որը կապահովեր առաջին հերթին պետական հեռուստատեսությունը հանրայինով փոխարինելով, եւ չնայած ուղղակիորեն նշված չէր, բայց պարզ էր, որ պետք է լինեին թափանցիկ մրցույթներ հաճախականությունների համար, ինչն էլ պիտի անցկացներ մի մարմին, որն անկախ է պետությունից եւ քաղաքական ուժերից»: Ըստ ԵՄԱ նախագահի՝ արդեն ընդունված օրենքը բոլորովին չէր համապատասխանում միջազգային ստանդարտներին. «2001 թվից բոլորն էլ գիտեն, որ այդ օրենքը պետք է բարեփոխվի ու, ընդ որում, պիտի համալիր առաջարկություններ լինեն այդ բարեփոխումների առումով: Նշեմ, որ տվյալ օրենքի նկատմամբ երբեւէ ոչ մի համալիր մոտեցում չի դրսեւորվել ոչ կառավարության, ոչ էլ խորհրդարանի կողմից, չնայած այդ հարցը դրվում է բոլոր ԵԽԽՎ բանաձեւերում, հնչեցվում քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի կողմից, սակայն արդեն ութ տարի է՝ ոչ մի բան չի կատարվում: Կատարվում են միայն մասնավոր փոփոխություններ, որոնք կարծես թե հակառակ ուղղությամբ են տանում օրենքի բովանդակությունը: Գնալով՝ օրենքն ավելի շատ է հնարավորություն տալիս տոտալ վերահսկողության տակ վերցնել հեռարձակման դաշտը Հայաստանում»: Բ. Նավասարդյանի խոսքերով՝ բացի ԵԽԽՎ-ի բանաձեւերում հիշատակումներից, եղել են ԵԱՀԿ ներկայացուցիչների, հայաստանյան քաղաքացիական հասարակության առաջարկություններ ու երկու տարի առաջ այդ առաջարկությունները կապվել էին Հայաստանում հեռարձակման, թվայնացման խնդիրների հետ. «Երկու տարի առաջ թվայնացման ծրագրի նախագիծ էր մշակվել կառավարությունում, ներկայացվել հանրությանը ու արժանացել լուրջ քննադատության: Երբ պարզ էր դարձել, որ տվյալ ծրագիրը չի կարող համարվել միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հարցը քնեցվել էր: Ու ի՞նչ, հանկարծ այս տարի՞ պարզվեց, որ հարցը հրատապ է»:

ԵՄԱ նախագահը նաեւ հայտնեց, որ այս տարվա հունիսին խորհրդարանում Հայաստանի հեռարձակման ու ԶԼՄ-ների ոլորտը կարգավորող օրենքների բարելավման մասին լսումների արդյունքում կազմվել է օրենքի նախագիծ, որն ուղարկվել է ԵԽ՝ փորձաքննության. «Գործընթացը գնում էր, օրինագիծը Ստրասբուրգում էր, փորձագետն ուսումնասիրում էր, մեկ էլ օգոստոսին կառավարությունից մի նախաձեռնություն է դուրս գալիս, որն անմիջապես խաչ է քաշում օրինագծի վրա ու ռեկորդային արագությամբ ընդունվում է մի նոր օրինագիծ, ինչն էլ հետաձգում է բոլոր մրցույթները մինչեւ 2010 թիվը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել