Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ տղեք» լսողը «Բիթըլզ» չի հասկանա»

Հոկտեմբեր 10,2008 00:00

Կարծում է «Բիթըլզ բլեք բըրդ» ակումբի տնօրեն Արդահան Տեր-Դավիդյանը

Բարություն, համեստություն, անկեղծություն. ըստ մասնագետների՝ այսպիսին էր «Բիթըլզ» խմբի քարոզած աշխարհը: Եթե խմբի անդամներից Ջոն Լենոնին՝ «Ես Քրիստոսից հայտնի եմ» արտահայտության համար ժամանակին չսպաներ իր սեփական երկրպագուն, նա երեկ կդառնար 68 տարեկան: «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերը՝ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, 1960-ականներին գործող «Երազողներ» խմբի մեներգիչ Զավեն Սարգսյանը, «Բամբիռ» ռոք խմբից Նարեկ Բամբիռը եւ Արդահան Տեր-Դավիդյանը խոսեցին «Բիթըլզի» մասին: «Ամերիկայում ռոքնռոլ լսած Լենոնը, տեսնելով, որ Էլվիս Պրեսլիին խելագարի պես սիրում են աղջիկները, մտածում է, որ երաժիշտ լինելը վատ գործ չէ, ու սկսում է երգել: Լենոնի հումորն էր կարեւոր. մենք երգում ենք՝ մեզ Հիսուսի տեղ դնելով, ինչո՞ւ եք լուրջ վերաբերվում,- պատմեց Նարեկը եւ շարունակեց,- քանի որ պահպանողական Լիվերպուլում ռոքը չէր ընդունվում, «Բիթըլզի» տղաները գնում են Համբուրգ, եւ սկսվում է նրանց ստեղծագործական երկրորդ էտապը: «Բիթըլզին» հատուկ բողոքականությունը բնորոշ էր երկրորդ համաշխարհայինի սերնդին: Հենց նրանք էլ հիմքեր ստեղծեցին հիպիական ծաղիկների սերնդի համար»:

Զավեն Սարգսյանը նշեց Ջ. Լենոնի կյանքի մի խնդրահարույց դրվագ. «Դա ճապոնուհի Յոկո Օնոյի հետ ամուսնությունն էր, ինչի համար Լենոնին կարող էր հայհոյել անգամ բեռնատարի վարորդը»: Լրագրողներին հետաքրքրեց, թե այժմ ՀՀ-ում որքանո՞վ է տարածված «Բիթըլզի» երաժշտությունը: Զ. Սարգսյանը մտահոգվեց. «Այժմ շատ մեքենաներից միայն բասի ձայն է գալիս: Նույնիսկ «Մերսեդեսի կասետ» արտահայտությունն է բառապաշար մտել: Բայց «Բիթըլզ» լսողներ էլ կան»: «Բիթըլզի» մշակույթը ներկայացնելու համար մարտի 11-ին Պուշկինի 60 հասցեում ստեղծվել է «Բիթըլզ բլեք բըրդ» ակումբը: «Մարդկանց պիտի հասկացնենք, որ նյութական աշխարհից դուրս գան: «Բիթըլզը» պատմություն է, մշակույթ եւ ժամանակաշրջան: Մեր ակումբում հնչում է միայն «Բիթըլզ» եւ մինչեւ 80-ականների ռետրո: Հետագայում գիտաժողովներ էլ ենք կազմակերպելու»,- հայտնեց Ա. Տեր-Դավիդյանը:

«Առավոտը» նրանից հետաքրքրվեց, թե «Հայ տղեք» եւ նմանատիպ խմբերի երաժշտությունը լսող երիտասարդները կհասկանա՞ն «Բիթըլզ»: «Ոչ, քանի որ այդ ամենը նյութական աշխարհ է, իսկ «Բիթըլզինը»՝ հակամատերիալիստական, բարության, համեստության եւ անկեղծության»,- հնչեց պատասխանը: Իսկ այն հարցին, թե «Բիթըլզի» ազդեցությամբ ժամանակին Հայաստանում ինչո՞ւ չստեղծվեցին նմանատիպ խմբեր, Զ. Սարգսյանը պատասխանեց. «1960-ականներին Հայաստանում գործում էին «Բլիկներ» եւ «Երազողներ» խմբերը, որոնք ճնշվեցին: Պատճառաբանում էին, թե ֆաշիստական երգեր են երգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել