Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԿԸ»՝ ԸՍՏ «ԱԲԳԱՐԻ»

Հոկտեմբեր 10,2008 00:00

«Հայերե՛ն խոսիր, տղա՛, հայ ես, ինչո՞ւ հայերեն չես խոսիր…։ Այսպես ինձ ոչ ոք երբեք չի հանդիմանել… Դեռ ավելին, հայերեն սովորելն ու խոսելն անգամ արգելված է եղել»,- պատմում է ֆրանսաբնակ հայ դերասան, 75 ֆրանսիական ֆիլմերում խաղացած, Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերակատար Ժակի Ներսիսյանը։ Այն, որ հայերենին չի տիրապետում՝ նրան շատ է անհանգստացնում. «Իմ հայրենիքում եմ, բայց հայրենակիցներիս հետ թարգմանչի օգնությամբ եմ շփվում, չնչին բառեր եմ հասկանում՝ բարեւ, հաջող, մերսի…»։

Սա մեծանուն դերասանի երրորդ այցելությունն է, իսկ առիթը «Հայֆեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնն է. «Նախկին երկու այցերիս ընթացքում շատ կարճ ժամանակով էի այստեղ, չեմ հասցրել այսպես շփվել ինչ-որ մեկի հետ, ծանոթանալ հայ հանդիսատեսին, դրա համար էլ ոչ ոք չի հետաքրքրվել հայերենի իմ չիմացությամբ… Ինձ տատիկս է մեծացրել, ապրել եմ Թուրքիայի Կեսար քաղաքում, որտեղ թուրքերը կտրում էին բոլոր նրանց լեզուները, ովքեր թուրքերենից բացի այլ լեզվով էին խոսում կամ փորձում սովորել…»։ Այդպես Ժակին սովորել է խոսել թուրքերեն, իսկ երբ արդեն տեղափոխվել են Ֆրանսիա՝ նաեւ ֆրանսերեն։ «Ֆրանսիայում հայերենը շատ տարածված է, տարբեր ազգերի ներկայացուցիչներ գիտեմ, որ հայերեն են սովորում, ուզում են հայերեն խոսել, մի քանի բառ ենք կարողանում փոխանակել։ Ես հայ եմ, բայց հայերեն դժվարանում եմ խոսել»,- թարգմանչի օգնությամբ պատմում է Ժակին, վերջում էլ որպես սրտահովանք՝ հայերեն ավելացնում. «Բայց տղայիս անունը Հմայակ է»։

Հոկտեմբերի 7-ին հայ հանդիսատեսի համար դերասանը հանդես եկավ «Հայկական մուկը» սարոյանական ներկայացման մեջ, որը կայացավ ֆրանսերեն։ «Հույս ունեմ, որ դահլիճի մեծ մասը հասկացել է»,- կարծում է Ժակին։ Սարոյանական գրականության ընթերցում-ներկայացումն ընթանում էր Շառլ Ազնավուրի խմբի անդամ Անյես Դավանի ջութակի հնչյունների ուղեկցությամբ: «Նա իմ ընկերուհին է, իմ սիրած էակը… Ամեն տեղ միասին ենք գնում, ամեն ինչ միասին ենք անում, միասին էլ ապրում ենք»,- տեղեկացրեց Ժակին։ Ըստ դերասանի, Հայաստան իր այցելությունը «Հայֆեստով» չի սահմանափակվի. «Ցանկություն ունեմ այստեղ ներկայացնել վերջին ֆիլմս, որտեղ ես թուրքի դեր եմ խաղում։ Այդ դերակատարումը մինչ օրս ինձ համար զարմանալի է թվում, դրսում ապրող շատ հայ արվեստագետների համար այն ոչ մի հետաքրքրություն էլ չի առաջացրել… Ամեն դեպքում՝ ինձ հետաքրքիր է հայ հանդիսատեսի վերաբերմունքն ու կարծիքը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել