Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոգդանները» թանկ են նստում

Դեկտեմբեր 10,2008 00:00

Երթուղիների շահագործմամբ զբաղվող տնտեսվարողների հավաստմամբ՝ «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ ձեռք բերելու

համար պետք է մեծահարուստ լինել:

Մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիները սպասարկող գծատերերը, ըստ կառավարության որոշման, միկրոավտոբուսների փոխարեն՝ գիծը պետք է շահագործեն «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով: Սա պայմանավորված է Երեւանը տրանսպորտային խցանումներից ազատելու եւ քաղաքը բեռնաթափելու հանգամանքով: Սակայն խնդիրն այն է, որ այս որոշման արդյունքում տուժում են տասնյակ գծատերեր, որոնք ստիպված են մի կերպ իրացնել իրենց միկրոավտոբուսները եւ փոխարենը անհամեմատ թանկ գնով ձեռք բերել ավտոբուսներ: Եթե 1 միկրոավտոբուսի միջին գինը $20-25 հազար է, ապա «Բոգդան» մակնիշի ավտոբուսն արժե $40-50 հազար: Բացի Երեւանի քաղաքապետարանից, Ուկրաինայից այդ ավտոբուսների ներկրմամբ են զբաղվում նաեւ մի քանի անհատ ձեռներեցներ: Եվ եթե քաղաքապետարանի կողմից ներկրած «Բոգդանները» գծատերերին հիմնականում տրամադրվել են վարձակալական հիմունքներով, ապա, երթուղագծերի սպասարկմամբ զբաղվող մի քանի տնտեսվարողների հավաստմամբ, այժմ իրենց պարզապես պարտադրում են գնել այդ ավտոբուսները եւ կամաց-կամաց գործածությունից հանել միկրոավտոբուսները: Մինչդեռ դրանց մեծ մասն իրենք ձեռք են բերել վարկով եւ դեռ վարկի գումարը չմարած՝ նորից պետք է միջոցներ հայթայթեն՝ «Բոգդաններ» գնելու համար: Գծատերերի հավաստմամբ, մայրաքաղաքում չկան այդ ավտոբուսների համար նախատեսված ավտոկայանման տեղեր, շարժիչների եւ ընթացքային վերանորոգման մասնագետներ, բացի այդ, դրանք շատ ծախսատար են եւ շահագործողի համար անհամեմատ ցածր եկամտաբերություն են ապահովում:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե տվյալ ձեռնարկատերը ցանկանում է զբաղվել երթուղագծի շահագործմամբ, ապա պետք է անպայման ավտոբուս ձեռք բերի. «Փոքր տարողության մեքենաները պետք է փոխարինվեն համեմատաբար մեծերով, որպեսզի քաղաքը բեռնաթափվի: Սրա հետեւանքով միկոավտոբուսների թվաքանակը խիստ կկրճատվի: Այն ձեռնարկատերերը, որոնք ուզում են զբաղվել այդ գործունեությամբ, մրցույթով սահմանված ժամկետի ավարտից հետո պետք է միկրոավտոբուսները փոխարինեն ավտոբուսներով եւ շարունակեն իրենց աշխատանքը: Մրցույթի ժամանակ քաղաքապետարանը կամ կառավարությունը ոչ մի պարտավորվածություն չեն ունեցել, որ, ասենք, երթուղու սպասարկման համար պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո դու նորից պետք է գիծը շահագործես նույն տրանսպորտային միջոցով: Այստեղ տնտեսվարողին պարտադրելու հարց չկա, ուղղակի առաջարկության խնդիր է՝ քաղաքի տրանսպորտային զարգացումն ապահովելու համար»:

«Երեւանտրանս» ընկերության տնօրենի պաշտոնակատար Սուրեն Հակոբյանն էլ «Առավոտին» ասաց. «Տնտեսվարող սուբյեկտը մեզ գրավոր դիմում է ներկայացնում, որ ինքը համաձայն է մրցույթով սահմանված ժամկետի ավարտից հետո միկրոավտոբուսները փոխարինել ավտոբուսներով: Բայց ինքը չի նշում, թե այն ումից եւ ինչ ճանապարհով է ձեռք բերվելու: Հիմա չկա կոնկրետ անձ կամ ընկերություն, որը զբաղվում է այդ ավտոբուսների ներկրմամբ եւ այս կամ այն երթուղին սպասարկողները պետք է պարտադիր նրանից գնեն այդ ավտոբուսը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել