Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Դեկտեմբեր 10,2008 00:00

Նարեկին փոխարինեց Գեւորգը

Ըստ «Նոյյան տապանի», «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության դեկտեմբերի 8-ի ընդհանուր ժողովում միության նոր ատենապետ է ընտրվել Գեւորգ Պերկուպերկյանը: Նա 28 տարեկան է եւ ներկայումս ղեկավարում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Ըստ ՍԴՀԿ վարչության հաղորդագրության, ատենապետի պաշտոնից հրաժարական տված Նարեկ Գալստյանին մինչեւ հաջորդ համագումարը ժամանակավորապես հանձնարարվել է ղեկավարել ՍԴՀԿ մամլո դիվանը:

Բացառիկ «Պատարագամատույց»

Արարատյան հայրապետական թեմից տեղեկացրին, որ թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ վերատպագրվել է Հայաստանում եզակի՝ հայ եկեղեցու «Պատարագամատույցը»: Հայ եկեղեցու «Պատարագամատույցն» առաջին անգամ տպագրվել է 2002թ. Նյու Յորքում՝ ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի տնօրինությամբ: Նրա համաձայնությամբ գիրքը վերահրատարակվեց նաեւ Հայաստանում: Բացառիկ այս «Պատարագամատույցը» հնարավորություն է տալիս անգամ Ս. պատարագի մասին չտեղեկացված յուրաքանչյուր մարդու հետեւել սրբազան արարողության ընթացքին եւ հասկանալ այն ամբողջությամբ: Գիրքը պարունակում է Ս. պատարագի գրաբար ամբողջական բնագիրը՝ արեւելահայերեն թարգմանությամբ եւ բացատրություններով:

«Պատարագամատույցում» կան նաեւ պատկերներ, որոնք բացատրում են պատարագիչ քահանայի կողմից կատարվող գործողությունները, նաեւ դպրաց դասի նոտաներ, որոնց օգնությամբ Ս. պատարագին ներկա մարդիկ կարող են երգել պատարագի այն հատվածները, որոնց երգեցողությունը նախատեսված է հավատացյալների համար:

Հայ եկեղեցու «Պատարագամատույցը» տպագրվել է 5000 տպաքանակով, հայերեն, եւս 500 օրինակ՝ անգլերեն:

Գրքի շնորհանդեսը կկայանա այսօր, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում: Ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որպես «Պատարագամատույցի» ակտիվ օգտագործող: Շնորհանդեսին ելույթ կունենա թեմի «Ծաղկազարդ» երգի համույթը:

Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

Նրանք առանձնանում են ընդունակություններով

Օրերս Ավան համայնքի մշակույթի տանը բացվեց հաշմանդամ երեխաների եւ ծնողների աշխատանքների ցուցահանդես: «Ցուցահանդեսը նվիրված է հաշմանդամների միջազգային օրվան: Նախաձեռնությունը Ավան համայնքի թաղապետարանինն էր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Փիլատելփիա» հաշմանդամ երեխաների հ/կ նախագահ Հովիկ Իսրայելյանը: Ներկայացված էին «Փիլատելփիա», «Տաթեւ», «Արեւիկ» հաշմանդամ երեխաների եւ ծնողների հ/կ-ների եւ թիվ 6 հատուկ դպրոցի սաների ձեռքի աշխատանքները՝ գեղանկար, քանդակ, ձեռագործ, շյուղագործ, գոբելեն եւ խեցեգործական աշխատանքներ: «Ցուցահանդեսը ավանդական բնույթ է կրում: Նախորդ տարի նույնպես ունեցանք նմանատիպ միջոցառում: Նպատակն է հանրությանը ներկայացնել հաշմանդամ երեխաների խնդիրները եւ օգնել նրանց՝ ներկայանալ իրենց ունակություններով»,- նշեց Հ. Իսրայելյանը: «Արեւիկ» հաշմանդամ երեխաների եւ ծնողների հ/կ նախագահ Նաիրա Բարսամյանը նշեց. «Ես ինքս հաշմանդամ երեխա ունեմ եւ գիտեմ՝ ինչ է հարազատ երեխային հասարակության լիարժեք անդամ տեսնելը: Սա միջոց է, որ երեխաները հասկանան՝ իրենք մյուսներից ոչնչով չեն տարբերվում: Ավելին, առանձնանում են ունակություններով՝ նկարելու, փորագրելու, գործելու եւ այլն»:

80 երեխա ունեցող «Փիլատելփիա» հ/կ նախագահը նշեց. «Այս ցուցահանդեսը Ավանի թաղապետարանի նախաձեռնությունն էր: Տարվա ընթացքում լինում են բազմաթիվ հանդիպումներ երեխաների հետ, կազմակերպվում են միջոցառումներ, քննարկվում են հարցեր՝ երեխաների խնդիրների հետ կապված, որոնք արագությամբ լուծումներ են գտնում»: Ըստ «Արեւիկ» հ/կ նախագահի, հաշմանդամ երեխաների ու ծնողների խնդիրները հիմնականում սոցիալական են. «Աջակցություն, իհարկե, կա, բայց բավարար չէ: Երբեմն ինքս եմ փորձում գտնել անհատներ, որոնք ներդրումներ են կատարում հագուստի, պարենի տեսքով»: «Մեր երեխաները հիմնականում հակված են դեպի արվեստը: Իհարկե, իրենց երազանքների մասին շատ քիչ են խոսում… Մի անգամ պատահաբար լսեցի, թե ինչպես երեխաներից մեկն ասաց, որ երազում է դառնալ աշխարհի ամենալավ նկարիչը»,- պատմեց Հ. Իսրայելյանը: Ն. Բարսամյանն էլ հավելեց. «Ունեմ սայլակով մի երեխա, որի մտավոր ունակությունները գերազանց են, սակայն, ցավոք, նրա առողջական վիճակը չի ների դրանք կյանքի կոչելու համար»:

Օշականի հիշատակին

«Հակոբ Օշականը երեւույթ է… Նրանից ուսանելու շատ բան ունենք»,- երեկ արձակագիր, գրականագետ Հակոբ Օշականի ծննդյան 125 եւ մահվան 60-ամյակին նվիրված ցերեկույթի ժամանակ ասաց ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը: Գրողների միությունում հավաքված մտավորականները քննարկեցին արեւմտահայ ականավոր արձակագրի, գրաքննադատի գրական գործունեությունն ու ժամանակակից գրականության վրա վերջինիս ազդեցությունը: Ըստ օշականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Աղաբեկյանի. «Նա այն եզակի երեւույթներից է, որի ոչ միայն ստեղծագործություններն են առատ, այլեւ նրա մասին գրված խոսքերը: Նա եղել է մեծ ուսուցիչ, կասեի՝ երանելի ուսուցիչ: Մի ժամանակ, ցավոք, Օշականի մասին խոսելն ընդունված չէր»: Ըստ նրա՝ «ժամանակին ասում էին՝ եթե Օշական կարդացել ես, ուրեմն գիժ ես: Բայց լավ է Օշական կարդալով գժվել, քան գիժ լինել առանց Օշական կարդալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել