Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՄԻՏԱՍԻՑ ԽԱՉԱՏՐՅԱՆ՝ ԱՆԳԻՐ ԳԻՏԵՄ»

Դեկտեմբեր 11,2008 00:00

\"\"Վստահեցնում է թուրք ճանաչված ջութակահար Չիհաթ Աշքինը

Մինչ պետական այրերը Թուրքիայի իրենց գործընկերների հետ հարաբերությունների ձեւավորմանն ուղղված առաջին քայլերն են անում՝ հայ եւ թուրք արվեստագետները վաղուց արդեն հաղթահարել են «երկաթե վարագույրը» եւ սկսել մշակութային երկխոսություն, որի արտահայտություններից մեկն էլ, ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», Կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 9-ին կայացած ջութակահար Չիհաթ Աշքինի եւ դաշնակահարուհի Գուլդեն Թեսթերի համերգն էր: Թուրք երաժիշտները հնչեցրին Հայնրիխ Բիբերի, Շումանի, ինչպես նաեւ թուրք ժամանակակից կոմպոզիտորներ Չիհաթ Աշքինի, Քեմանի Քեվշեր Հանինի եւ մեր հայրենակից, ծնունդով Թուրքիայից Արդա Ագոսյանի կամերային երկերից:

Համերգի ավարտին զրույցի հրավիրեցինք ջութակահարին:

– Ի՞նչ զգացողություն ունեցաք Հայաստանում մենահամերգի հրավեր ստանալու առիթով եւ իբրեւ երաժիշտ ի՞նչ ստացաք հայ հանդիսականից:

– Ուզում եմ անկեղծ լինել եւ ասել, որ Հայաստան ժամանելուց առաջ սթրեսի մեջ էի՝ ի՞նչ կլինի, ինչպե՞ս կլինի… Մտերիմներիս օգնությամբ դուրս եկա այդ վիճակից, անգամ մոռացել էի, որ թուրքական պետական կոնսերվատորիան ավարտելուց հետո կատարելագործվել եմ Լոնդոնի Royal College of Music-ում եւ City University-ում, ձեռք բերելով հայ երաժիշտ ընկերներ: Ասել կուզեմ, որ հատկապես հայերին բնորոշ ջերմ վերաբերմունքը, հյուրընկալությունը ինձ համար նորություն չէին: Հայաստանում գտնվելու առաջին իսկ րոպեներից շրջապատվեցի մեծ հոգատարությամբ: Հատկապես ուզում եմ նշել «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի, «Երաժշտական կամուրջ» նախագծի եւ, իհարկե, Կոմիտասի անվան լարային քառյակի արտիստների ու տնօրենի վերաբերմունքը: Հավատացնում եմ, որ մեր երկու ժողովուրդները, գոնե մշակութային դաշտում, ոչ մի խնդիր չունեն: Պետք է ականատեսը լինեիք ընդամենը օրեր առաջ Ստամբուլում ջութակահար, պրոֆեսոր Էդվարդ Թադեւոսյանի փայլուն մենահամերգից հետո լրատվամիջոցների եւ ընդհանրապես մշակութասեր հանրության արձագանքներին: Չգիտեմ, համակարծիք կլինե՞ն իմ եւ ձեր երկրներում, սակայն մի բան անժխտելի է. թուրքական մշակույթի մեջ կա հայկականը եւ հակառակը: Ես վստահ եմ, որ մշակութային փոխայցելությունները կխթանեն երկու ժողովուրդներիս փոխըմբռնմանը: Ինչ վերաբերում է հայ հանդիսատեսին, հիացած եմ ու շնորհակալ: Մեկնում եմ Թուրքիա՝ դարձյալ համերգային այցով վերադառնալու երազանքով:

– Ի՞նչ չափով եք ծանոթ հայկական կատարողական ու կոմպոզիտորական դպրոցին:

– Խնդրում եմ անհամեստություն չհամարեք, բայց ինձ համար կատարողական ու կոմպոզիտորական դպրոցներին վերաբերող ազգային ոչ մի խտրականություն չկա: Ասել կուզեմ, որ եթե ոչ գերազանց, ապա լավ ճանաչում եմ թե հայ կոմպոզիտորներին, թե կատարողներին: Կոմիտասից մինչեւ Խաչատրյան՝ անգիր գիտեմ: Վերջինիս Ջութակի կոնցերտի կատարմամբ քանիցս հանդես եմ եկել ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրյա մենահամերգներիս: 2001-06 թթ. հիմնել ու ղեկավարել եմ Ստամբուլի կամերային նվագախումբը՝ Istanbul Modern Music-ը, ինչպես նաեւ «Չիհաթ Աշքին եւ փոքրիկ ընկերներ» ուսուցողական ծրագիրը, նպատակ ունենալով զարգացնել ջութակի ուսուցումը: Նվագախմբի հետ համագործակցել են տեղի հայազգի կոմպոզիտորներից ու երաժիշտներից շատերը: Մեծ ոգեւորությամբ սպասում եմ վաղվա օրվան, երբ վարպետության դասեր կանցկացնեմ ձեր կոնսերվատորիայում ու, հուսով եմ՝ կշփվեմ նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների հետ՝ ձեռք բերելով լավ գործընկերներ: Մանավանդ որ, վերջերս ստեղծել եմ «Askin Ensemble» նվագախումբը, որը կատարում է տարբեր ժանրերի երաժշտություն՝ կամերայինից մինչեւ փորձարարական: Եվ տեղեկացված եմ, որ վերջին ուղղությամբ հետաքրքրված են հայ կոմպոզիտորները:

– Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Աբդուլա Գյուլը ձեռքսեղմման համար օգտագործեցին ֆուտբոլային խաղը… ճիշտ չէ՞ր լինի՝ այն կայանար մշակութային հողի վրա:

– Ես ազատ արվեստագետ եմ եւ վստահեցնում եմ, որ Թուրքիայում հայազգի արվեստագետները, անգամ նրանք, ովքեր այնտեղ ստեղծագործում ու ապրում են 1990-ականներից, ոչ մի խնդիր չունեն մշակութային դաշտում: Ինչ վերաբերում է մեր երկրների նախագահներին, եթե պարզունակ արտահայտվեմ՝ նրանք իրենց աշխատանքն են կատարում: Սպորտն էլ, ինչպես եւ մշակույթը, քաղաքականությունից անկախ է: Ուրիշ հարց է, որ անձամբ ես կուզենայի, որ մեր նախագահները մասնակցեն, օրինակ, մեր ժողովուրդների արվեստի գործիչների համատեղ համերգին: Մշակույթն ունի հաշտեցնելու, խաղաղեցնելու ունակություն: Վստահ եմ՝ այն օրն էլ կգա, երբ մեր նախագահները կհանդիպեն նաեւ մշակութային միջոցառման ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել