Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՍԿ ՆԿԱՐՉԻ ԽԻ՞ՂՃԸ»

Դեկտեմբեր 12,2008 00:00

\"\"Քանդակագործ Արա Շիրազը մտահոգված է Նկարիչների միությունում տիրող նախահամագումարյան իրավիճակով

ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ նախագահի մրցանակակիր, քանդակագործ Արա Շիրազը մտահոգված է Հայաստանի նկարիչների միությունում (ՀՆՄ) տիրող իրավիճակով: Նրա համոզմամբ, ՀՆՄ համագումարի նախաշեմին գործընթացներ են գնում, որոնք հարիր չեն ստեղծագործող մարդուն: Ճանաչված քանդակագործն ասում է, որ անիմաստ է համարում իր եւ իր համախոհների՝ համագումարին մասնակցելը, որովհետեւ ամեն ինչ ի սկզբանե որոշված է. սկսած ծրագրված ելույթներից՝ մինչեւ նախագահի ընտրություն:

«Առավոտի» դիտարկմանը, թե ստեղծագործական միությունների անդամները միայն համագումարից համագումար են սկսում բարձրաձայնել իրենց դժգոհությունների մասին, Արա Շիրազը պատասխանեց. «Որովհետեւ մարդիկ համագումարից փոփոխություններ են ակնկալում, որովհետեւ այդ շրջանում իշխանության ձգտողները սկսում են լրջորեն զբաղվել իրենց թեկնածության քարոզչությամբ ու երբ ընտրվում են հինգ տարով, ստեղծագործական միության, տվյալ դեպքում՝ Նկարիչների միության օպոզիցիան ստիպված ընդունում է, որ առաջիկա հինգ տարում ոչինչ փոխել չի կարող»:

ՀՆՄ անդամը, որ 1987-1993թթ. ղեկավարել է Նկարիչների միությունը, փաստում է, որ նոր կանոնադրություն է ընդունվել՝ անհասկանալի կետերով, որի մասին միության անդամների մեծամասնությունը տեղյակ չէ. «Ասում են, ըստ նոր կանոնադրության, Նկարիչների միությունը դարձել է սովորական միավորում, ու այդ միավորման անդամ կարող է լինել 9 տարեկանից բարձր մեկը, որն ունի նկարչական կամ քանդակագործական շնորհք… Ինքս չեմ կարդացել նոր կանոնադրությունը, ձեռքս չի ընկել: Միությունում նախօրոք չեն բազմացրել ու բաժանել անդամներին կամ քննարկել նրանց հետ: Նախկին կանոնադրությունն արգելում էր նույն մարդուն 3 անգամ անընդմեջ նախագահ ընտրվել, իսկ նորով, որին ծանոթ չեմ, գուցե թույլատրվում է: Գործող նախագահ Կարեն Աղամյանը, ասում են, երրորդ անգամ էլ է ուզում առաջադրվել: Ի՞նչ անենք, որ չինովնիկական թղթի մեջ է այդպես գրված, ինձ զարմացնում է այն, որ նկարիչը այդքա՜ն կարող է տարվել վարչական աշխատանքով: Ախր, նկարչի խիղճը եւ կերպարը պիտի թելադրեն, որ 10 տարի ղեկավարելուց հետո ստեղծագործող մարդը չուզենա եւս հինգ տարով նախագահ ընտրվել: Անկեղծ ասած, ինձ ոչ թե Նկարիչների միության նախագահի թեկնածուներն են հետաքրքրում, այլ իր արվեստանոցի մասին երազող արվեստագետի իդեալի խաթարումը…»:

Մեր հաջորդ դիտարկմանը, որ եթե ստեղծագործական միությունների նախագահները կառչած են աթոռներից, ուրեմն դրանք իրենց լուրջ լծակներ ու ֆինանսական հնարավորություններ են ապահովում, Արա Շիրազը պատասխանեց. «Ես էլ եմ 1987-ի նոյեմբերից եղել Նկարիչների միության նախագահ, բայց վերջին ամիսներին չդիմանալով՝ փախել եմ… Մեր խմբի գալը (նախագահը միայնակ չի ղեկավարում) ավելի շատ բարոյական հիմք ուներ՝ տարված չէինք ղեկավարելու մոլուցքով: Ի դեպ, 60-ականների սերունդ մեր խմբին (Ռոբերտ Էլիբեկյան, Էդուարդ Խարազյան, Յուրի Պետրոսյան, Գարի Սմբատյան, Պողոս Հայթայան…) անդրադարձել է Ռուբեն Անգալադյանն իր «Հայկական ավանգարդը տոտալիտարիզմի պայմաններում» գրքում, որի համար շնորհանդես էլ չկազմակերպվեց: Մեր գալը հնի դեմ պայքարով էր պայմանավորված, նոր շունչ էր Նկարիչների միությունում: Այդ տարիներին երկրաշարժ եղավ, ղարաբաղյան շարժում, մենք խճճվեցինք… Այդ ենք մենք, ցուցահանդեսային գործունեությանը ուշադրություն դարձրինք, ժյուրին հանեցինք, որովհետեւ ժյուրիով անցնելը հեքիաթ էր: Մի խոսքով՝ գործի համար էինք իշխանության եկել: Մեր մեջ ոչ մի ցանկություն չկար ավելի մնալու, դրա համար էլ բոլորս միասին դուրս եկանք…»:

Քանդակագործին հարցրինք՝ ի՞նչ է տալիս միությանը անդամակցելը: «Միմիայն բարոյական աջակցություն, նյութական ոչինչ չկա: Նախկինում մշակույթի նախարարությունը ցուցահանդեսային գործունեության համար գումար էր հատկացնում, թեմատիկ ցուցահանդեսներ էին կազմակերպվում, նկարիչների հետ պայմանագրեր կնքվում… Հիմա միությունն իր սրահները վարձով է տալիս… Մենք ամեն ինչ տեսնում ենք, գիտենք՝ ով ինչ շահ ունի, ինչու է ուզում մնալ աթոռին: Հաճախ ասում են՝ դեռ ծրագրեր ունեն, պիտի ավարտեն: Քանի՞ տարի: Ախր 10 տարի ստեղծագործող մարդու նախագահ լինելը նույնն է, ինչ 10 տարով բանտ նստելը»,- պատասխանում է մեր զրուցակիցը: Արա Շիրազն այն կարծիքին է, որ միությունների նախագահները պետք է փոխվեն մեկ-երկու տարին մեկ, որպեսզի «չկարծրանան» ու հաջորդ նոր եկողը իր թիմի հետ նոր շունչ բերի, օգտակար փոփոխություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել