Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ներողություն եմ խնդրում»

Դեկտեմբեր 18,2008 00:00

Թուրք մտավորականների նախաձեռնությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով

Շուրջ 200 թուրք մտավորականներ երկուշաբթի օրը ինտերնետում հայտարարություն էին տեղադրել, որով հայ ժողովրդից ներողություն են խնդրում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար: Հայտարարությունը վերնագրված է՝ «Ես ներողություն եմ խնդրում»: Հեղինակները, սակայն, խուսափել են «ցեղասպանություն» բառն օգտագործելուց: «Մեծ աղետ»՝ այսպես են որակված նախորդ դարասկզբի իրադարձությունները, իսկ տեքստի հայերեն տարբերակում գրված է՝ «Մեծ եղեռն»: Հայտարարությանն արդեն միացել է 10 հազարից ավելի մարդ: Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասված է. «Իմ խիղճը չի ընդունում, որ մենք անհաղորդ մնանք եւ ուրանանք Մեծ աղետը, որին Օսմանյան Թուրքիայի հայերը ենթարկվել են 1915 թվականին: Ես մերժում եմ այդ անարդարությունը, կիսում եմ հայ եղբայրներիս զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»: Իսկ նախաձեռնության հեղինակներից՝ գիտնական, Թուրքիայի եվրաինտեգրման կողմնակից Չենգիզ Աքթարը «Ռոյթերս» գործակալությանն ասել է, որ նախաձեռնությունը որեւէ մեկի դեմ ուղղված չէ. «Մենք մեր անձնական ներողությունն ենք խնդրում մեր հայ եղբայրներից ու քույրերից այն բանի համար, որ այդ հարցը գրեթե 100 տարի չի քննարկվել: Բոլոր թուրքերի պարտականությունն է մտածել եւ բարձրաձայն արտահայտվել, թե ինչո՞ւ հայերն այլեւս չեն ապրում այն տարածքներում, որտեղ ապրել են 4 հազար տարի»: Թուրք ազգայնականները խիստ քննադատել են մտավորականների նախաձեռնությունը՝ այն որակելով «անարդար, սխալ եւ ազգային շահերին հակասող»: Մինչդեռ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ ամեն ոք կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը: Փոխարենը վարչապետ Ռեջեփ Էրդողանն է քննադատել նախաձեռնությունը. «Չեմ ընդունում սկսված արշավը եւ չեմ սատարում: Այն որեւէ օգուտ չի տա, բացի տագնապներ հարուցելուց, մեր անդորրը խախտելուց եւ ձեռնարկված քայլերը ի չիք դարձնելուց»:

ՀՅԴ բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանից հետաքրքրվեցինք՝ ոգեւորո՞ւմ է ՀՅԴ-ին այս նախաձեռնությունը եւ հնարավո՞ր է, որ այն այնպիսի մասշտաբների վերաճի, որ Թուրքիայի իշխանությունները ստիպված լինեն ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: «Դեռ վաղ է նման կանխատեսումներ անել: Ճիշտ է, 10 հազարից ավելի մարդ է ստորագրել, բայց չմոռանանք, որ, օրինակ, Դինքի թաղման օրն էլ հարյուր հազարներով ասեցին՝ մենք հայ ենք: Ինչ-որ տեղ թուրքական իշխանությունները պարտավորված կլինեն հաշվի նստել այն իրականության հետ, որ Թուրքիայում կա քաղաքացիական հասարակության մեկ զանգված, որը դժգոհ է պետության վարած քաղաքականությունից»: Պարոն Մանոյանը գտնում է, որ հայտարարության տակ ստորագրողների կողմից դա ինչ-որ չափով խիզախության արտահայտություն է, բայց քաղաքական իմաստով նա հայտարարությունն անբավարար է համարում. «Նույնիսկ թուրք մտավորականների միջեւ այս մասին տարակարծություն կա՝ եթե այն խնդրագիր է, ապա՝ ո՞ւմ է ուղղված, եթե հայտարարություն է՝ ո՞ւմ է ուղղված: Կան ասողներ, որ պետք է ուղղված լիներ Թուրքիայի իշխանություններին, ուրիշներն ասում են, որ պետք է հստակ օգտագործվեր «ցեղասպանություն» բառը»: Հետաքրքրվեցինք՝ չի՞ պատրաստվում ՀՅԴ-ն այս ուղղությամբ ակտիվ գործունեություն ծավալել. «Միայն ՀՅԴ-ն չի, հայկական կողմն այս ուղղությամբ իր քայլերն ակտիվացնելու խնդիր ունի, որպեսզի որեւէ մեկի կողմից թյուրըմբռնում չլինի. խոսքն օտար շրջանակների մասին է, որոնք հայտարարում են, որ ցեղասպանության ճանաչումը հայության համար կարեւոր գործոն չէ: Այդ իմաստով ողջունում եմ նաեւ հայ մտավորականների նամակը, որում շեշտվում է, որ հարաբերությունների, իսկապես բարելավման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան ցեղասպանության փաստը ճանաչի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031