Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբի համար՝ չորս պահանջ

Փետրվար 26,2009 00:00

\"\"Ջավախահայերն առայժմ Վրաստանին են դիմում

Վրաստանի ԱԳ նախարարի եւ ԱԺ նախագահի երեւանյան այցերից հետո՝ երեկ Հայաստանում Վրաստանի դեսպանատան մատույցներում, ի պաշտպանություն ջավախահայության եւ ջավախահայության խնդիրները լուծելու պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել «Ջավախք» հայրենակցական միությունը, «Երկիր» միությունը եւ «Միտք» կենտրոնը: Կազմակերպիչների խոսքով, բողոքի ակցիան վրացի պաշտոնյաների մեկնելուց հետո կազմակերպելը տեխնիկական պատճառներ ունի եւ միայն:

Թեեւ ջավախահայությանն այսօր շատ խնդիրներ են հուզում, սակայն բողոքավորները Վրաստանի դեսպանին հանձնեցին պահանջագիր՝ չորս հիմնական պահանջներով՝ ազատ արձակել Ջավախքի անտեղի ձերբակալված հասարակական ակտիվիստներին, հայ եկեղեցուն իրավական կարգավիճակ տալ, Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տալ, վրաց-հայկական սահմանը դարձնել ավելի թափանցիկ: «Այսօր ջավախահայությունը կառավարվում է վրացական իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների կողմից, սա շատ վատ միտում է, նշանակում է՝ չկա վստահություն ջավախահայության նկատմամբ, եւ վախի մթնոլորտ է ստեղծվում Ջավախքում: Ջավախահայությանը Վրաստանի լիիրավ քաղաքացիներ դարձնելու փոխարեն՝ Վրաստանի իշխանությունները այս գործելաոճով փորձում են կոծկել խնդիրները»,- հայտարարեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, հավելելով, որ 150 հազար ջավախահայությանը ուծացնել կամ լռեցնել չի հաջողվի: Բանախոսը Ջավախքի հարցում ՀՀ քաղաքականությունը գնահատում է զգուշավոր, ուրախ է, որ շփումներ կան եւ բարձր մակարդակներում Ջավախքի խնդիրների մասին խոսում են, բայց ցավում է, որ Վրաստանի ԱԳ նախարարի՝ «Ջավախքի հարց գոյություն չունի» հայտարարությանը մեր ԱԳ նախարարը չի պատասխանել:

Ակցիայի մեկնարկից մոտ 40 րոպե անց դեսպանատուն եկավ դեսպան Ռեւազ Գաչեչելաձեն՝ գնացել էր օդանավակայան բարձրաստիճան հյուրերին ճանապարհելու: Եկավ, ընդունեց բողոքավորների պատվիրակներին եւ նրանց խոստացավ պահանջագրի տեքստը ամենասեղմ ժամկետներում թարգմանել վրացերեն եւ փոխանցել իր կառավարությանը: Հեռանալուց առաջ «Ջավախք» հայրենակցական միության երիտասարդական կազմակերպության ղեկավար Արտուշ Գրիգորյանը հայտարարեց, որ «Ջավախքը եղել է, կա եւ պետք է լինի հայկական շրջան Վրաստանի կազմում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել