Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբիցիաների ժամանակը չէ

Մարտ 20,2009 00:00

Ճիշտ այս վերնագրով 2007թ. փետրվարի 3-ին, Ազգային ժողովի ընտրություններից առաջ, «Առավոտի» միջոցով բաց նամակ էի ուղարկել այն ժամանակվա ընդդիմության ղեկավարներին, որը սկսվում էր հետեւյալ տողերով. «Հարգարժան ընդդիմադիրներ, ո՞ւր եք գնում միայնակ. կործանմա՞ն»:

Չլսեցին 76-ամյա ծերունուս ու էլի շատերին ու կործանվեցին, իրենց հետ խորտակելով նաեւ ժողովրդի հույսերն ու երազանքները:

Հիմա դուք՝ ժողովրդի կողմից հարգված եւ սիրված լիդերներ, դո՞ւք ուր եք գնում, դարձյա՞լ կործանման: Մի՞թե դուք մոռացել եք, որ միայնակ գնալը պարտություն է, մի՞թե դուք մոռացել եք այն մարդկանց, որոնք ձեզ կուռք են դարձրել, որոնք ձեզ մեծարում են, որոնք հանուն արդարության բռունցքվել են եւ հավատացել ձեզ, որոնցից մի քանիսը նույնիսկ զոհվեց, որոնցից մի քանի տասնյակը այսօր բանտերում են ու փախուստի մեջ՝ զրկանքների ենթարկելով իրենց կանանց ու երեխաներին: Ի՞նչ պատասխան պետք է տանք մենք նրանց, ասենք՝ ներեցեք, մեր ղեկավարները չե՞ն կարող իրենց ամբիցիաները հաղթահարել եւ ընտրական ցուցակի մեջ տեղավորվել:

Ես հիմա էլ հարգում եւ հավատում եմ Լեւոնին, նրա անկեղծ նվիրվածությունը ժողովրդին, լիդերին հատուկ տաղանդը եւ իմացությունը, բայց նա ամեն ինչ պետք է աներ խռոված Րաֆֆուն իրենից չվանելու համար, չէ՞ որ երեւանցիների մեծ մասը նրան էլ է սիրում ու ընդունում, չէ՞ որ նրա խորհրդարանական խմբակցության բոլոր անդամները, ի դեմս Լարիսա Ալավերդյանի, ամենահաս Զարուհի Բոստանջյանի եւ մյուսների, վաղուց են ապացուցել, որ ապրում են ժողովրդի ցավերով ու հոգսերով: Ինչպե՞ս կարելի է կորցնել նրանց: Չէ, չեմ հավատում, Լեւոնը խելոք է, մի ճար կգտնի: Մի՞թե մեզ դաս չեղավ Գեղամյանի օրինակը, որը կորցրեց իր հազարավոր համակիրներին ու ինքն էլ անվերադարձ կորավ՝ իր ետեւից թողնելով անկայուն եւ կորած մարդու անուն: Բայց այսօր, 2009թ. մարտի 17-ին ժողովուրդն արթնացավ մի սեւ գույժից՝ քաղաքապետարանի ընտրություններին «Ժառանգությունը» չի միանում Հայ ազգային կոնգրեսին (ծանոթ իրողություն մեր 5000-ամյա պատմությունից):

Դեռ չգիտեմ գժտության իսկական պատճառը: Բայց ենթադրում եմ, որ Րաֆֆուն դուր չի եկել ցուցակում իրեն տրամադրված տեղը:

Չեմ ուզում մեղավոր փնտրել, բայց համոզված եմ, որ եթե ցուցակն է մեղավորը, ապա Դեմիրճյանը այնքան խելացի է եւ ծանրակշիռ, որ չի վիրավորվի եւ ցուցակի 2 համարը կնվիրի Ր. Հովհաննիսյանին: Չէ՞ որ ընդհանուր գործի համար մեր ղեկավարները պատրաստ են զոհաբերության (համենայնդեպս՝ բոլորն էլ այդպես են ասում):

Ուրեմն սթափվեք:

Սթափվեք, պարոններ, հակառակ դեպքում ջուր կլցնեք Գագիկ Բեգլարյանի ջրաղացին: Մի կորցրեք մեծ տանջանքներով ձեռք բերված ձեր հեղինակությունը: Եվ վերջում իմ նախկին նամակի վերջին տողերը. «Հիշեք ցախավելի պատմությունը եւ վերջնականապես մի հիասթափեցրեք ժողովրդին: Նա, ով ընտրությունների կգնա առանձին՝ ընդմիշտ կդասվի հայ ժողովրդի դավաճանների շարքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել