Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանոտ» իրավիճակների արդյունքը

Ապրիլ 10,2009 00:00

\"\"«Վարդագույն քաղաքի գույնը»՝ Երեւանի մասին

Լույս է տեսել Սերգեյ Սարգսյանի «Վարդագույն քաղաքի գույնը» գիրքը: Թբիլիսիում ծնված, Մոսկվայում եւ Կուրսկում ապրած, այնուհետեւ 1995-ից Երեւանում հաստատված 27-ամյա հեղինակը, որ սովորել ու հիմա էլ աշխատում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, այն նվիրել է Երեւանին: Սերգեյը գրում է, որ գիրքը ստեղծվել է ընկերների, երեւանցիների, պատահական անցորդների ու այն «երեւանոտ» իրավիճակների շնորհիվ, որոնցում հայտնվում ենք ամեն օր: Նրա երազանքն է Հայաստանը վերջապես տեսնել «առանց ակնհայտ ապուշ մարդկանց»:

Գիրքը աշխատանքի ժամին «օդնոկլասնիկներում», աշխատանքից հետո՝ երեւանյան կոլորիտ ունեցող սրճարաններում ու օբյեկտներում անցկացնող երիտասարդների մասին է. Բրյուսովի դասախոսի, աննպատակ ծրագրերի համար գրանտ «կպցնող» հ/կ նախագահի, բանկի երիտասարդ հեռանկարային աշխատակցի, ռաբիս տղաներից խաբված գեղեցիկ աղջիկների… շարադրանքն էլ «երեւաներեն» է, անչափ անկեղծ ու անմիջական, եւ գիրքն ամենեւին չի տուժել հեղինակի վատ հայերենի, ոճական ու մյուս սխալների պատճառով: Ինչպես երեւանցիները կասեն՝ «Վարդագույն քաղաքի գույնը» զիլ գործ է եւ կարդացվում է մեկ շնչով…

Ամեն գլուխ փոքրիկ բնաբան ունի՝ վերցված երգիչ-երգչուհիների անհամ կամ հաջողված երգերից, հանրահայտ հիթերից, քաղաքական գործիչների բերանից պատահաբար թռած խոսքերից, այդ թվում՝ «Հայքի» էն ծտի», Հեղինե Բիշարյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, Թաթայի, նաեւ՝ Ջոն Լենոնի:

Գրքի հերոսներից մեկին՝ Տիկոյին, դուր չի գալիս, որ Հայաստանում հաստատված սփյուռքահայերը հայաստանցիներին՝ սովետի ազդեցությունից բթացած, իսկ իրենց՝ ճիշտ հայի տեղ են դնում. «Ու ամենակարեւորը սաղ դաշնակաֆիլ են: Իրանց թվում ա՝ դաշնակները ամենաազգասեր, ինտելիգենտ տարրերն են, այլ ոչ թե՝ Երեւանի բարդելների հիմնական տերերը…իրանք չեն ջոգում, որ դաշնակը ստեղ լրիվ ուրիշ ա՝ ինչ-որ մուտանտ իշխանագրպանային կենդանի…»:

Տերյանով դեպի Շրջանային շտապող Վիլոյին էլ, որի նպատակը Մասիվի մարշրուտկա բռնելն է, նյարդայնացնում են թանկ մեքենաներում նստած բութ ու չաղ արտաքինով երիտասարդները. «Երեւի բութ արտաքինը եւ սեւ ակնոցները Երեւանում հատուկ էլիտար աննախադեպ մարդկանց գաղտնակոդ են»: Ցավոք, Երեւանում մի ուրիշ «նրբություն» էլ կա. «Գեղեցիկ ու հետաքրքիր աղջիկների լուրջ տոկոսն այստեղ ունի քյարթու եւ անհետաքրքիր եղբայրություն… Նրանք (աղջիկները- Գ. Հ.) իրենց եղբայրների պատկերները անպայման դնում են «օդնոկլասնիկում», որ բոլորն իմանան՝ ուրիշ բան չմտածես, հա՜, եթե ուզում ես հանդիպել, միայն լուրջ նպատակներով»: Ավելին, աղջիկներից շատերը «դեբիլ հայ կաղապարների ու ավանդածին այլ նախապաշարմունքների» պատճառով միանգամից չեն արձագանքում իրենց դուր եկած տղայի «ֆլիրտներին», այլ ստիպված են լինում ուսումնասիրել, հասկանալու համար՝ «գերավանդապաշտ հա՞յ ա, թե՞ նորմալ մարդ ու կարգին տղա»: Սա Երեւանն է, ուր ամենաինտելիգենտ եւ ոչ քյարթու տղան էլ կարող է հայտնվել այնպիսի իրավիճակներում, որ ստիպված մասնակցի երեւանյան դասական «բազարի»՝ հայհոյանք, ուրիշի «քուչում գործ ունենալ», ախպերությանը sos հնչեցնել եւ այլն: Կարեւորը՝ վերջում հայտնվում են «մաչո թրաշով» ու ծիծակ կոշիկներով տղերքի աշխարհում կշիռ ունեցող մարդիկ ու խնդրո առարկայի հետ «կուրսվելուց» հետո գործում են հօգուտ «ճշտի»..

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել