Լրահոս
Օրվա լրահոսը

Կնշենք Սուրբ Զատիկը

Ապրիլ 11,2009 00:00

\"\"Ինչը մեկնաբանում է քահանան

Այս տարի ապրիլի 12-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը: «Ես ավելի շատ սիրում եմ ասել Սուրբ Հարության տոն, թեեւ սխալ չէ եւ վատ չէ, երբ ասում ենք Սուրբ Զատիկ, որովհետեւ Զատիկը հին կտակարանյան ծագում ունի եւ այդտեղից եկող խորհուրդ է»,- ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքերով. «Շատ կարեւոր է, որ հենց այս գիտակցությամբ օգտագործենք «զատիկ» բառը, քանի որ զատիկ նշանակում է զատվել, բաժանվել ստրկությունից»: Տեր Եսայու մեկնաբանությամբ, ըստ Հին կտակարանի, Մովսեսի առաջնորդությամբ Եղյա ժողովուրդը կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ Աստծո ընտրյալ ժողովուրդը դուրս եկավ Փարավոնի ստրկությունից եւ գնաց դեպի խոստացված երկիր եւ ժառանգեց այն. «Սա որպես մեծ տոնակատարություն եւ մեծ իրադարձություն՝ հրեաները նշեցին Զատիկ անունով: Մենք՝ Նոր կտակարանի կամ նոր ուխտի ընտրյալ ժողովուրդը լինելով, բոլոր քրիստոնյաներս Զատիկը նշում ենք ավելի հոգեւոր շեշտադրությամբ եւ բովանդակությամբ, որովհետեւ Քրիստոսի հարությամբ մենք զատվեցինք սատանայի իշխանությունից կամ չարի կապանքներից»:

Տեր Եսային ընդգծում է. «Եթե շատ պատկերավոր եւ մատչելի ասելու լինենք, Քրիստոսը, երբ խաչվեց եւ հարություն առավ, դրանից հետո իր կենդանի Աստվածությամբ իջավ դժոխք եւ քանդեց դժոխքը՝ այնտեղ գտնվող բոլոր հոգիներին ազատություն տալով: Իսկ մինչ այդ՝ դժոխքը մի իրականություն էր, որտեղ չկար Աստված, այսինքն՝ երբ հին աշխարհում մարդիկ ասում էին դժոխք, նկատի ունեին իրենց մտքում այնպիսի մի վայր, որտեղ գոյություն չունի Աստված: Քրիստոսի հարությամբ, երբ Քրիստոսը քավությունից հետո իջավ դժոխք, արդեն ինքն իր ներկայությամբ լցրեց դժոխքը աստվածային լույսով, եւ դժոխքն այդուհետ դադարեց դժոխք լինելուց»: Քահանան ասում է. «Սա ազատության մեկ դրսեւորում էր, որ բերեց մեզ Քրիստոսն իր հարությամբ: Մյուս ազատության դրսեւորումը երկրային կյանքի ընթացքում արժեքների վերադասավորումն էր, որը եղավ Քրիստոսի հարությամբ, երբ փորձեցինք հասկանալ՝ մենք ազատ ենք, Աստծո որդեկիր զավակներն ենք եւ ազատ ենք մեր ընտրության մեջ: Մեզ համար գոյություն չունի ճակատագիր, գոյություն չունի պարտադրված որեւէ սկզբունք եւ մենք Աստծո հետ ներդաշնակ եւ Աստծո հետ միացած լինելով հանդերձ ենք ազատ»: Մեր զրուցակցի խոսքով. «Հնում եւ այսօր էլ մարդիկ ասում են՝ դե մեղքը մարդու համար է. դա արդարացման մի դրսեւորում է, որը թյուրիմացաբար առկա է մեր կյանքում: Եթե մարդը մեղավոր է, բնականաբար՝ մենք արձանագրում ենք փաստը, որ, այո՛, մարդը մեղավոր է, բայց չի կարելի արդարացնել այս կերպով, որ եթե ես մարդ եմ, ուրեմն անպայման պետք է մեղք գործեմ: Ընդհակառակը, եթե մենք մարդ ենք, ուրեմն պետք է ապրենք Աստծո պատգամներով, Աստծո օրինակով, ինչպես որ մեզ սովորեցրեց Քրիստոսը»: Վերջում տեր Եսային շեշտեց. «Քրիստոսի Հարության տոնը մեզ համար մի տեսակ առիթ է վերաարժեւորելու, վերաիմաստավորելու մեր կյանքը, ապրելու այդ ուրախությունը, ապրելու քավության օրհնությունը, սրանք միայն խորհուրդներ չեն, այլ իրական երեւույթներ, քանի որ իրական քրիստոնյայի համար Քրիստոսը հարություն է առնում ամեն տարի եւ Քրիստոսի Հարության տոնը կրկնվում է յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել