Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԲՐԵՅՔ-ԴԱՆՍԻՆ ԼՈՒՐՋ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

Մայիս 13,2009 00:00

\"\"Մինչդեռ այս պարով զբաղվողները միջազգային մրցույթներում ներկայացնում են Հայաստանն ու մրցանակներ են բերում

Սպորտային պարերի աշխարհի առաջնության մրցույթում Հայաստանը ներկայացնող 17-ամյա Էրիկ Գասպարյանը բրեյք-դանս պարային ոճի մեջ գրավել է 4-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ:

Էրիկի խոսքերով, չնայած պարի այս տեսակը մեր երկրում զարգացած եւ տարածված չէ, այնուամենայնիվ, մրցելով աշխարհի առաջատար երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի մասնակիցների հետ, որոնք հիփ-հոփի ու բրեյք-դանսի պրոֆեսիոնալներ են, առաջին տեղերից մեկը գրավելն իր համար մեծ ձեռքբերում է եղել:

Այն, որ Հայաստանում շատ քիչ երիտասարդներ են լուրջ հետաքրքրված բրեյք-դանսով, Էրիկը պայմանավորում է հայկական մենտալիտետով, այդուհանդերձ, նա համոզված է, որ եթե պարի այս տեսակին պետական լուրջ մոտեցում եւ աջակցողներ լինեն, շատերը կցանկանան զբաղվել այս պարով: «Ճիշտ է, շատերը կան, որ կողքից նայում- հիանում են, ասում են՝ գեղեցիկ ու բարդ պար է, բայց երբ հրավիրում ենք սովորելու՝ հրաժարվում են, քանի որ ամաչում են: Հիմա շատերին ավելի շատ ռաբիս երաժշտությունն է դուր գալիս, ու դրա տակ են պարում: Ես կարծում եմ, որ աստիճանաբար պետք է երիտասարդները փոխեն իրենց մտածելակերպը եւ, բացի հայկականից, նաեւ նման պարերով զբաղվեն»,- ասում է Էրիկը:

Նշենք, որ ի տարբերություն մի շարք երկրների, որտեղ սպորտային պարերը լուրջ մակարդակի վրա են դրված եւ այդ պարերի տասնյակ ինստիտուտներ ու դպրոցներ են գործում, մեր երկրում նման պարերը դեռեւս սիրողական մակարդակի վրա են: Թեեւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում կա սպորտային պարերի բաժին, սակայն այնտեղ մասնագիտանում են հիմնականում լատինամերիկյան պարերի գծով: Իսկ հիփ-հոփ եւ բրեյք-դանս չի ուսուցանվում:

«Առավոտի» հետ զրույցում Էրիկը պատմեց, որ Մոսկվայում կայացած IDO մրցույթում արտերկրի մասնակիցները զարմացել էին, որ Հայաստանում, բրեյք-դանսն ու հիփ-հոփն այդքան տարածված չլինելով, նման լավ պարողներ կան:

«Ես մանկուց եմ պարում, բայց ընդամենը 2 տարի է, ինչ պրոֆեսիոնալ ձեւով եմ զբաղվում բրեյք-դանսով: Շատ փոքր էի, երբ առաջին անգամ տեսա հիփ-հոփի արքային՝ Մայքլ Ջեքսոնին, ես էլ ցանկացա այդպես պարել:

Շատ մրցույթների եմ մասնակցել, բայց մի քանի օր առաջ Մոսկվայում կայացած IDO մրցույթն ամենալուրջն էր: Հիմնականում մասնակցելով միջազգային մրցույթներին՝ առաջին տեղն եմ գրավում: 6 ամիս առաջ Կովկասի մրցույթի ժամանակ էլ 1-ին տեղը գրավեցի»,- նշեց Էրիկը:

Մոսկվայի մրցույթին մասնակցելուց հետո, ըստ Էրիկի, մասնակիցներին հատուկ անվանակարգ են շնորհում, ինչը հնարավորություն է տալիս աշխատել արտերկրի պրոֆեսիոնալ խմբերում:

Էրիկի խոսքերով, ճիշտ է, հայկական շոու-բիզնեսում իրենց խմբին՝ «Հիփ-հոփ լայֆ»-ին ճանաչում են եւ հաճախ են հրավիրում տեսահոլովակներում պարելու, բայց դրա դիմաց չնչին գումար են վճարում. «Իսկ դրսում այս ոճի պարողները մեծ գումարներ են վաստակում»:

Նշենք, որ Էրիկը եւ իր ընկերները վերջերս նկարահանվել են նաեւ Ինգա եւ Անուշ Արշակյանների՝ «Եվրատեսիլում» ներկայացվող տեսահոլովակում:

Էրիկի խոսքերով, այս պարի մեջ շատ կարեւոր է հագուստի ճիշտ ընտրությունը. «Կարող է վատ պարես, բայց հագուստով ժյուրիին գրավես: Օրինակ, Մոսկվայում պարային հագուստների հատուկ խանութներ կան, որտեղ կարող ես ցանկացած ոճի պարերի հագուստներ գտնել»:

Նշենք, որ միջազգային մրցույթներին Էրիկն ու իր ընկերները սեփական միջոցների հաշվին են մասնակցում: Էրիկի խոսքերով, արտերկրի գրեթե բոլոր մասնակիցներն իրենց հովանավորների աջակցությամբ էին եկել ու մեծ պատվով ներկայացնում էին իրենց երկիրը, սակայն մեր 4 հոգանոց խումբը որեւէ հովանավոր չի ունեցել: «Հովանավոր պետք է, հենց նրա համար, որ գոնե մեր երկիրը լավ ներկայացվի»,- ասաց Էրիկը:

Նա այժմ սովորում է Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում. որոշել է դիզայներ դառնալ: Ասում է՝ պարը երբեք չի թողնի. «Որքան կարողանամ՝ կպարեմ, թոշակի էլ գնամ՝ պարելու եմ»: Էրիկի համոզմամբ, բացի այն, որ բրեյք-դանսն ու հիփ-հոփ պարելը հաճույք է ու դրական էմոցիաներ է պարգեւում, այն նաեւ հնարավորություն է տալիս աղջիկների սիրտը հեշտությամբ նվաճել. «Անգամ ամենադժվար հասանելի աղջիկն էլ հալվում է, երբ պարում ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել