Լրահոս
Օրվա լրահոսը

Հետեւողական «գաղտնապահություն»

Հունիս 02,2009 00:00

«Առավոտի» մայիսի 5-ի համարում տպագրված «Թաքո՞ւն մրցույթ» լուրում նշել էինք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը 2009թ. հունվարից ապրիլ ժամանակահատվածում մշակութային իրադարձություններ լուսաբանող լրագրողների եւ ԶԼՄ-ների համար հայտարարել էր մրցույթ՝ 8 անվանակարգերում (այդ թվում՝ լավագույն վերլուծական եւ քննադատական հոդված, լավագույն հեռուստալրագրող, լավագույն ինտերնետային հոդված եւ այլն): Ըստ նախարարության mincult.am պաշտոնական կայքէջի, մրցույթի արդյունքները պիտի ամփոփվեին մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրը: Ինչպես եւ սպասվում էր, այդ օրը ամփոփում չկայացավ: Մեր հրապարակման մեջ կարծիք էինք հայտնել, որ արդյունքները կա՛մ թաքուն են ամփոփել, կա՛մ նախարարությունը, ինչպես միշտ, ճշտապահ չի գտնվել ժամկետների հարցում:

Երեկ, mincult.am-ում հայտնված տեղեկատվությունը մոտ մեկ ամիս ուշացումով վերջապես «ազդարարեց», որ մայիսի 25-ին մրցութային հանձնաժողովի անդամները բաց քվեարկության միջոցով ամփոփել են արդյունքները: Ըստ նախարարության կայքէջի, ձայների մեծամասնությամբ՝ «Մշակութային թեմայով լավագույն հրապարակում» մրցանակին արժանացել է Նատալյա Գոմցյանը՝ («Голос Армении»), արժեքավոր են ճանաչվել՝ Հովհաննես Երանյանի («Երկիր»), Ռուբեն Անգալադյանի եւ Նունե Հախվերդյանի («168 ժամ»), Մերի Չոլակյանի եւ Արմեն Մանուկյանի («Голос Армении»), նաեւ Իրինա Աբրոյանի («Республика Армения») հրապարակումները: Մարզային մամուլի ներկայացուցիչներից առանձնացվել են Ռաֆայել Սահակյանի՝ Արմավիր քաղաքի «Հայրենականչ» թերթում տպագրված հրապարակումը, իսկ մշակութային խնդիրները հետեւողականորեն եւ բարձր մակարդակով լուսաբանելու համար՝ «Ազգ» օրաթերթի մշակութային հավելվածը, «Элитная газетаթերթը եւ Արտաշատի «Նավասարդ» մարզային թերթը:

Զարմանալի չէ, որ իր իսկ սահմանած «Լավագույն քննադատական եւ վերլուծական հոդված» անվանակարգում նախարարությունը որեւէ մրցանակ չի տվել, փոխարենը «ոտքի վրա» հորինել է հատուկ մրցանակներ, որոնք սկզբում նախատեսված չէին: Ինչ վերաբերում է քննադատական հոդվածներին, որոնք մշտապես տեղ են գտնում որոշ ԶԼՄ-ներում, դրանք, բնականաբար, չէր կարող «նկատել» նախարար Հասմիկ Պողոսյանը. նա միշտ սվիններով է ընդունում քննադատությունը՝ իր եւ իր ղեկավարած կառույցի հասցեին: Միայն «ոչ հաճո» հրապարակումները չնկատելը չէ բնորոշ այս նախարարությանը: Մշակույթի նախարարությունում սովոր են նաեւ ամեն ինչ ծածկադմփոցով անցկացնել եւ գումարային հարցերը թաքցնել, ինչպես դա պատահեց, օրինակ, «Սպարտակ» բալետի պարագայում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նախագիծն իրագործելու համար տրամադրել էր 180 մլն դրամ՝ 9 անգամ ավելի, քան պետբյուջեից տրամադրվածը, բայց դա խնամքով թաքցնում էին, չասվեց նաեւ «Կոնվերս» բանկի 30 մլն-ի ու մյուսների ֆինանսական աջակցության մասին: Ի դեպ, նախարարության տարեկան հաշվետվություն ներկայացվելիս էլ գումարները հիմնականում չեն «գաղտնազերծվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել