Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՊԱՀՈՎ ՍԵՔՍՈՎ ԶԲԱՂՎԵԼ

Հուլիս 14,2009 00:00

Պահպանակ օգտագործելը չի խոչընդոտում հայկական ճիշտ դաստիարակությանը

«Խնդրում ենք Ձեզ օգնել մեզ կանխել ՁԻԱՀ-ի դեպքերը, որից 1981 թվից մինչ օրս մահացել է շուրջ 25 միլիոն մարդ…», «Աշխարհում ՁԻԱՀ-ից տարեկան մահանում է 2.1 միլիոն մարդ, ամեն օր՝ 5736, ամեն ժամ՝ 239 մարդ…», «Աշխարհում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց թիվը շարունակ աճում է», «Զբաղվեք անվտանգ սեքսով, օգտագործեք պահպանակներ՝ զերծ մնալով ՁԻԱՀ-ի տարածումից…»…

Օրերս Երեւանի Սիրահարների այգին ողողված էր այս կոչերով եւ համապատասխան բուկլետներով. Հայկական Կարմիր խաչի (ՀԿԽ) երիտասարդական թեւի նախաձեռնությամբ ՀՀ բոլոր մարզերից ժամանած ՀԿԽ մարզային մասնաճյուղերի  շուրջ 150 երիտասարդ կամավորներ իրականցրին «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» համերգ-ակցիան:

Ըստ ՀԿԽ ընկերության երիտասարդական բաժնի  ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ծրագրերի կոորդինատոր Հռիփսիմե Սարուխանյանի. «Սա մի տեղեկատվական քարոզարշավ է, որի ընթացքում ամենախոցելի սերնդին՝ երիտասարդությանը մեր ուղերձն ենք հղում՝ զերծ մնալու կյանքեր խլող այս հիվանդությունից: Ծրագրի շրջանակներում իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնցից մեկն էլ հենց այս ակցիան է: Նմանատիպ հանրային միջոցառումներ հաճախակի ենք ունենում եւ ամեն անգամ արվեստի ինչ-որ ճյուղ՝ որպես միջոց օգտագործում: Քանի որ երիտասարդությունն այսօր ավելի շատ նախընտրում է ռոք, այդ պատճառով էլ այսօրվա ակցիայի համար ընտրել ենք ռոքը՝ փորձելով ռոքի սիրահարներին հասցնել մեր տեղեկություններն ու հիվանդությունից զգուշանալու մտահոգությունը: Բացի այդ, հայտնի է, որ ռոք լսող երիտասարդությունն ավելի խոցելի է համարվում այս հիվանդության համար…»:

Համերգ-ակցիայի ընթացքում Կարմիր խաչի կամավորներն իրականացնում էին նաեւ հարցումներ՝ երիտասարդներին բաժանելով հարցաթերթիկներ։ Հ. Սարուխանյանը համոզված է, որ հարցաթերթիկները կօգնեն որոշակի տեղեկություն ստանալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին. «Հարցաթերթիկի միջոցով մենք կկարողանանք պարզել, թե որքանով են երիտասարդներն ինֆորմացված ու ինչ գիտեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Հարցաթերթիկը պարունակում է տեղեկատվական բնույթի հարցեր, որոնց միջոցով որոշվում է հարցվողների իրազեկության աստիճանն ու մակարդկը. օրինակ՝ ի՞նչ գիտեք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, ի՞նչ են նշանակում  նշված հապավումները, ո՞ր դեպքերում է ավելի հավանական վարակվել ՄԻԱՎ-ով՝ ինտիմ համբույրի ժամանակ, միջատների խայթոցների ժամանակ, անպաշտպան սեռական հարաբերությունների ժամանակ, թե՞ միեւնույն լողավազանից կամ սպասքից օգտվելիս, ինչպե՞ս պաշտպանվել ՄԻԱՎ-ով վարակվելուց եւ այլն»:

Համերգ-ակցիայի ընթացքում զբոսայգում հավաքված երիտասարդությունը հնարավորություն ուներ անվճար վերցնել պահպանակներ, որը, ինչպես ակնհայտ էր, երիտասարդության շրջանակներում մեծ իրարանցում առաջացրեց: Օրինակ, 19-ամյա Տիգրանի համոզմամբ, ճիշտ է նման մասսայական տարբերակով պահպանակի պրոպագանդումը. «Տարածման ճիշտ տարբերակն է: Պահպանակ ասվածը մեզ մոտ մի տեսակ անձի մասին սխալ կարծիքի ձեւավորման պատճառ է, պետք է կոտրել այդ կարծիքը եւ, ի վերջո, հասկանալ, որ պահպանակը նույնն է, ինչ դեղորայքը. այսինքն՝ նորմալ է, որ դեղատնից գնում ես պահպանակ՝ չվարակվելու, մի շարք այլ խնդիրներից զերծ մնալու համար: Պետք չէ կարծել՝ եթե երիտասարդը մտավ դեղատուն եւ հարցրեց պահպանակ, ուրեմն՝ անբարոյական է, կամ, ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ փչացած»:

23-ամյա Նաիրան էլ մեզ հետ զրույցում նշեց. «Առաջին հայացքից թվում է, թե աբսուրդ է բացահայտ պահպանակների բաժանումը, կարծես պրոպագանդվում է սեքսը: Բայց երբ մտածում ես դրա օգտակարության մասին, խորանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ կոչվող հիվանդությունների մեջ, ուսումնասիրում դրա վատ հետեւանքները, հասկանում ես, որ այդ գործընթացը բավական ճիշտ եւ խելացի քայլ է, մասնավորապես ներկայիս շփացած երիտասարդության համար»:

22-ամյա Մանեն նշեց. «Պահպանակ բառը միայն հայերի, մասնավորապես՝ հայուհիների համար շոկի առաջացման պատճառ է դառնում: Պետք չէ ամաչել նրանից, որ դու ունես առողջ սեռական կյանք: Դրանով պետք է միայն հպարտանալ, որ զուգընկերդ էլ քո պես առողջ սեքսի կողմնակից է: Ես ինքս իմ զուգընկերոջ հետ օգտագործում եմ պահպանակ, քանի որ ցանկանում եմ զերծ մնալ առաջին հերթին անցանկալի հղիությունից, քանի որ համարում եմ դեռ համապատասխան տարիքում չեմ, հետո էլ այդպես զերծ ենք մնում ամեն հիվանդություններից եւ վարակից, որոնք, ինչպես այսօր շրջանառվում է, հազարավոր մարդկանց կյանք է խլում»:

26-ամյա Նաիրին էլ գտնում է. «Ամոթ է պահպանակների բաժանումը: Սա նշանակում է՝ մենք հանրային մակարդակով մեզ խայտառակում ենք, բացահայտ ցույց տալով մեր ազգի տգիտությունը: Պահպանակ ձեռք բերելը դժվար պրոցես չէ, այն մեզ համար անհասանելի չէ, ինչպես ժամանակին մեր ավագ սերնդի համար էր: Այն բացահայտ վաճառվում է, ով երբ ուզում է՝ թող գնի: Ձեզ թվում է, թե այստեղ հավաքվածներին հետաքրքրո՞ւմ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, ո՛չ, պարզապես բոլորն այստեղ են՝ պահպանակ ձեռք գցելու համար, ձրի ապրանք է, չէ՞… Գոնե աղջիկները մի փոքր ամաչեն, նրանք ավելի շատ են վերցնում, քան տղաները»:

19-ամյա Դավիթն էլ, չնայած պահպանակ չէր վերցրել եւ ոչ էլ պատրաստվում էր, այնուամենայնիվ՝ դրական գնահատեց ակցիան. «Ես այլ ընկերության պահպանակներից եմ օգտվում, այդ պատճառով էլ չեմ վերցնի այստեղինը: Ինչ վերաբերում է պահպանակներ բաժանելու մտահղացմանը՝ ողջունում եմ։ Այսպիսի ակցիաների առկայությունը հաճախակի բնույթ պետք է կրի չտեղեկացված երիտասարդության համար»:

Հ. Սարուխանյանի փոխանցմամբ, պահպանակների բաժանումը եւս մեկ միջոց է երիտասարդությանը սթափեցնելու եւ ՁԻԱՀ-ից հեռացնելու համար. «Քանի որ վարակի տարածման ճանապարհներից մեկը նաեւ սեռական հարաբերություններն են, այդ պատճառով էլ եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել երիտասարդությանը, որ պարտավոր են ապահով սեքսով զբաղվել՝ օգտագործելով պահպանակներ»:

ՀԿԽ ընկերության երիտասարդական բաժնի ղեկավար Կատարինա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հիվանդություն է, որը հատկապես երիտասարդությանն է սպառնում: Նախկինում մեծահասակները, անգամ երիտասարդները պահպանակներին լավ չէին նայում, իբր այն խոչընդոտում էր հայկական ճիշտ դաստիարակությանը: Ժամանակի ընթացքում այդ կարծրատիպերը կոտրվեցին, այսօր երիտասարդությունն ինքն է մեծահասակին խորհուրդ տալիս պահպանակ օգտագործել: Այստեղ ժամ առ ժամ ավելացող երիտասարդների քանակն ինձ միայն ուրախացնում է, դա նշանակում է՝ վարակի դեմ պայքարում մենք միայնակ չենք, այլ մեր ետեւում կանգնած է երիտասարդության հոծ բազմություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել